Ծանրամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում: Մարզչական կազմը գլխավոր շեշտը դրել է մարզիկների ֆիզիկական պատրաստվածության տեխնիկատակտիկական որակները բարձրացնելու վրա:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրատվամիջոցներին հայտարարել է, որ իր ուշադրության կենտրոնում վարկանիշային մրցաշարերն են, որ առաջատար ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը փետրվարի 1-ից 5-ը Իրանում մասնակցելու են օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Դրան կհաջորդի հանրապետության առաջնությունը, որից հետո հավաքականը ամբողջական կազմով կհրավիրվի մայրաքաղաքում եւ Աբովյանում փետրվարի 20-ից մարտի 1-ը կայանալիք ուսումնամարզական հավաքներին:
Փաշիկ Ալավերդյանի խոսքով, հանրապետության տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները մասնակցելու են ապրիլի 1-ին Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկելիք Եվրոպայի վարկանիշային առաջնությանը, իսկ երիտասարդները փետրվարի 15-ից մարզումները կշարունակեն Երեւանում եւ Աբովյան քաղաքում:
«Մեր համար նահանջելը պատվաբեր չէ: Ուզում ենք ձեռքբերումները զարգացնել, թեեւ սպորտում անակնկալները քիչ չեն»,-ասել է Փաշիկ Ալավերդյանը: Մասնագետը ցավում է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերին Հայաստանը չի կարողանալու մասնակցել թույլատրվելիք ամբողջական կազմով:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին թեկնածուն աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է, որին Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ երեք տարի ուշացումով շնորհվել է նաեւ Ռիո-դե-Ժանեյրոյի օլիմպիական չեմպիոնի ոսկե մեդալը, որը մարզիկին է հանձնվելու մոտ ժամանակներս:
Սակայն պարոն Ալավերդյանը վստահեցնում է նաեւ, որ Հայաստանի քանի ծանրորդ էլ թույլ տրվի մեկնել Տոկիոյի օլիմպիական խաղեր, առանց մեդալի վերադարձող չի լինի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.01.2019