Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառայողական սիրավեպ» ֆիլմի գաղտնիքները

Հունվար 29,2020 13:30

Շուրջ 40 տարի առաջ էկրաններին հայտնվեց Էլդար Ռյազանովի նկարահանած  «Ծառայողական սիրավեպ» ֆիլմը, որն այսօր էլ հաճույքով են դիտում: Ֆիլմը նկարահանվել է Էլդար Ռյազանովի եւ  նրա մշտական համահեղինակ Էմիլ Բրագինսկու «Ծառայակիցները» պիեսի հիման վրա:

Kultutologia.ru կայքը գրում է, որ կինոնկարի սյուժեն  եւ հերոսների՝ թեւավոր խոսքեր դարձած մի շարք արտահայտություններ կինոսերներից շատերն անգիր գիտեն, սակայն քչերին է հայտնի, թե ֆիլմի վերջաբանում ինչ կտորներ են դուրս թողնվել եւ ինչու:

Ի դեպ, «Ծառայակիցները» պիեսը ի սկզբանե նախատեսված է եղել թատրոնի համար, եւ դրա հիման վրա ստեղծված ներկայացումները վեց տարի շարունակ խաղացվել են տարբեր քաղաքների  շուրջ հարյուր բեմերում:

Ռեժիսորը որոշեց պիեսը վերածել ֆիլմի, երբ տեսավ անհաջող հեռուստաներկայացումը: Ռյազանովը արդեն գիտեր, թե ովքեր են մարմնավորելու ֆիլմի հերոսներին, իսկ Ալիսա Ֆրենդլիխի հետ նա վաղուց էր ցանկանում աշխատել: «Ծառայողական սիրավեպը» ֆիլմն առաջին հերթին գոյություն ունի այն պատճառով, քանի որ կա Ալիսա Ֆրենդլիխը»,- գրել է ռեժիսորը իր «Չհաստատված արդյունքներ» գրքում:

Բարեբախտաբար, Ֆրենդլիխը տվեց իր համաձայնությունը՝  նկարահանվելու Ռյազանովի այս ֆիլմում, թեեւ դերասանուհու համար բարդ էր միաժամանակ լինել եւ թատրոնում, եւ  նկարահանման հրապարակում, անընդհատ Լենինգրադից Մոսկվա թռչել եւ հակառակը: Ալիսա Ֆրենդլիխի հետ աշխատանքից Ռյազանովը մեծագույն հաճույք էր ստանում եւ նրա մասին մշտապես հիացմունքով էր խոսում: «Դժվար է չգտնվել Ալիսա ֆրդենդլիխի կանացի, մարդկային, դերասանական «կախարդանքի» ներքո: Նա մեր նկարահանող խմբի սիրելին էր: Բացառիկ աշխատասիրություն, անձնվիրություն, անմնացորդ նվիրում արվեստին»,-այսպես է նա բնորոշել դերասանուհուն, նաեւ խոսել նրա ինքնածաղրանքի, զսպվածության, ստեղծագործական ողջ կազմի հանդեպ մեծագույն հարգանքի մասին:

Մյուս դերասանների «մասով» էլ էր Ռյազանովը վստահ, հատկապես Օլեգ Բասիլաշվիլու ընտրությունն իդեալական էր համարում: Ռեժիսորի համար բարդ էր ընտրությունը երկրորդ պլանի դերասանների ընտրության առումով: Սցենարի համաձայն՝ քարտուղարուհի Վերոչկան ամուսին ուներ, որի դերը պետք է խաղար Ալեքսանդր Ֆատյուշինը:

Դերասանը նկարահանվեց մի քանի տեսարանում, սակայն հիվանդացավ, ու բժիշկներն արգելեցին աշխատանքի գնալ: Այդ պատճառով Վերոչկայի ամուսինը վիրտուալ դարձավ, եւ նրա հետ խոսակցությունները զուտ հեռախոսային էին: Ֆիլմում պահպանվել է Ֆատյուշինի մասնակցությամբ երկու տեսարան:

Դերասանները հաճախ «ինքնագլուխ» հարստացրել են ֆիլմը՝ սեփական իմպրովիզներով: Այդպիսի տեսարան է Նովոսելցեւի հետ ընթրիքը Կալուգինայի տանը: Ֆիլմից հանվել են նաեւ Լյուդմիլա Իվանովայի հետ որոշ կտորներ, օրինակ՝ այն մասից, որտեղ նրա Շուրոչկան բացականչում է. «Ես մեղավոր չեմ, մահացել է նույն ազգանունը կրող մարդ, եւ մեզ են զանգել»:

Ֆիլմում հնչում է բանաստեղծություն Սվետլանա Նեմոլյաեւայի շուրթերից: Նա կարդում է Բելլա Ախմադուլինայի բանաստեղծությունը՝ «Օ, իմ երկչոտ հերոս», որը ոչ մի տեղ հրապարակված չի եղել, իսկ «Բնությունը չունի վատ եղանակ» երգի բառերի հեղինակն էլ, պարզվում է, Էլդար Ռյազանովն է: Սկզբում նա գաղտնի էր պահում, որ ինքն է գրել բառերը եւ ասում էր, որ դրանք փոխադրություն են Ուիլյամ Բլեյքից, որպեսզի դերասաններն ազատ լինեն քննադատություններում:

Հավելենք, որ «Ծառայողական սիրավեպը» կինովարձույթ դուրս եկավ 1977թ. հոկտեմբերին, եւ այն դիտեց ավելի քան 58 միլիոն մարդ:

Պատրաստեց  ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝ Kultutologia.ru կայքից:

«Առավոտ» օրաթերթ

28.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել