Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայում կան հիվանդանոցներ, որոնք ջեռուցվում են պիռոլիզ տեխնոլոգիայով

Հունվար 29,2020 14:00

Ասում է ՌԴ-ում աղբի վերամշակմամբ զբաղվող մեր հայրենակիցը

Անցյալ տարվա հոկտեմբերին «Աղբահանության համակարգի ռազմավարությանը հավանություն տալու մասին» կառավարության որոշման համաձայն հանձնարարվեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին՝ 6-ամսյա ժամկետում մշակել եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել աղբահանության համակարգի ռազմավարության դրույթների իրականացման միջոցառումների ծրագիր:

Դրանից հետո աղբահանության կազմակերպման վերաբերյալ շարունակվեցին տարատեսական հարցադրումները:

Մասնավորապես, ավագանու նիստերից մեկի ժամանակ, երբ ավագանու անդամներից մեկը հարցրեց աղբի վերամշակման մասին, փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ տարբեր առաջարկներ կան, սակայն բոլորը սպասում են, որպեսզի այդ առաջարկները քաղաքային իշխանությունը կամ կառավարությունը սուբսիդավորի. «Այս պահին կա երկու կազմակերպություն, որոնք համայնքից խնդրում են իրենց տրամադրել աղբը եւ ինչ-որ տարածք, որպեսզի կարողանան իրականացնել գործունեություն։ Սա նախնական քննարկման փուլում է, այսինքն՝ աշխատանքներ իրականացնում ենք, եւ հավելյալ տեղեկություն ունենալու դեպքում՝ դրա մասին կտեղեկացնենք»:

Իսկ Երեւանի քաղաքապետն էլ հավելել էր` մինչեւ աղբահանության հարցը չլուծվի, բնակչության կողմից աղբի տեսակավորման մասին չի կարող խոսք լինել. «Մենք մտածում ենք, որ բնակչությունը կարող է սորտավորել աղբը, մասնավորապես՝ թուղթը, կան ծրագրեր, որ այդ գործում ներգրավենք նաեւ մեր դպրոցներին»: Սակայն դպրոցներին ներգրավել մի խնդրի լուծման հարցում, որը համալիր լուծումներ է պահանջում, այս փուլում իրատեսական չէ:

Զրուցակիցս` Կարեն Ռոստոմյանը, Ռուսաստանի Դաշնությունում վերջին վեց տարիներին աշխատելով` շոշափելի արդյունքների է հասել: Նա Բլագովեսչենսկի շրջանի Ռովնոյե գյուղում «ԷկոԼայֆ» ՍՊ ընկերության տնօրենն է: Կարենն այս օրերին եկել է Հայաստան, նա ցանկանում է աղբավերամշակման ագրոարդունաբերական համալիր կառուցել, նոր տեխնիկական սարքավորումներ ներդնել նաեւ Հայաստանում: Այդ առիթով հանդիպել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների հարցերով զբաղվողներին, ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին:

Աղբի հավաքման համար հարկավոր է տեսակավորել, անվնաս տեղափոխել: Թափոնների տեսակավորման համալիրը կառուցվելու է, զրուցակցիս պատկերացմամբ, քաղաքից դուրս մի հատվածում, որտեղ աղբի մշակման էկոլոգիապես անվնաս հավաքումից հետո հնարավոր է մի քանի արտադրություններ, մասնավորապես, ծալքավոր փաթեթավորման տարաների, պոլիմեր-ապակյա իրերի, չիպսերի, բիոդիզելի ու տեխնիկական գլիցերինի արտադրամասեր, ջերմոցներ:

Ըստ Կարենի, այս ամենը աղբի մշակումից հետո կարող են ստանալ: Աղբը Կարենի համար գազ է եւ էլեկտրաէներգիա: Իր ծրագրերն իրականացնելու դեպքում, մենք աղբ չենք տեսնի, աղբը կանցնի գետնի տակ` ինչպես լուսանկարում է երեւում:

Ընդհանուր աղբը գտնվում է գետնի տակ, համալիրի վերգետնյա հատվածն իրենից ներկայացնում է մետաղական աղբախուց, ներգետնյա հատվածը` երկաթբետոնե բունկեր` պահոց. «Մենք երաշխավորում ենք տարանջատվող աղբից մաքուր միջավայր, տհաճ հոտի, կեղտի բացակայություն, վարակներից պաշտպանվածություն: Գետնի տակ հինգ աստիճան ջերմաստիճան է, եւ աղբը չի փչանա, «թարմ» կմնա այնքան ժամանակ, երբ տարաները լցվեն եւ SMS ազդանշանային համակարգի միջոցով կհնչի 75 տոկոս աղբ լցվելու մասին: Կխնայվի ժամանակ եւ միջոցներ: Այդ ժամանակ էլ մեքենաները կգնան, կբերեն աղբը համալիր»:

Աղբի տարանջատման շնորհիվ, դեպի աղբավայր տեղափոխվող աղբը պակասում է կիսով չափ: Նկատենք, որ տարանջատումն ապահովում են քաղաքացիները, որոնք գիտեն` որը որտեղ գցեն: Ի դեպ, շատ քաղաքացիներ, ծրագիրն իրականանալու դեպքում, հետագայում իրենց աղբի գումարը կհանեն հենց այդ տարանջատմանը մասնակցելու շնորհիվ: Չմոռանանք նաեւ գեղագիտության մասին էլ. աղբամանների տեսքը նույնպես կարեւոր է, ծավալն էլ:

Աղբի տարանջատումը, ըստ Կարենի, սկսվելու է բակերից, այգիներից, ուր կտեղադրվեն սանիտարահամաճարակային նորմերին համապատասխան աղբամաններ ու հարթակներ: Կարենն ասում է՝ եղել է շատ եվրոպական երկրներում, ուսումնասիրել նաեւ նրանց փորձը, իսկ Ռուսաստանում այս գործով զբաղվելիս ազատվել է անգամ հարկերից: Բլագովեսչենսկում օրվա վերջին աղբը լցված էր բերնեբերան, կենդանիները խրախճանք էին անում, ասում է Կարենը, եւ իր կազմակերպության համալիր միջոցառումների շնորհիվ նա աղբից շահույթ է ստանում՝ զտելով տարածքը:

Աղբից գազ եւ էլեկտրաէներգիա ստանալու դեպքում այն ջերմոցային տնտեսության մեջ կօգտագործվի, ինքնարժեքը կիջնի:

Կարենի երազանքը Հայաստանում իրականություն դառնալու դեպքում, նա մտադիր է Արցախում էլ հավաքել ծառերից թափված տերեւները, դրանցից կպչոն-պիլետներ ստանալ, ապահովելով սահմանամերձ զորամասերը:

Կարեն Ռոստոմյանը ՌԴ Իրկուտսկի ջրհեղեղից հետո դարձյալ անելիք ունի. նա նոր տեխնոլոգիական միջոցառումների շնորհիվ տնակներ է պատրաստում տուժածների համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

28.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031