Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տաթևիկ Հայրապետյան. «Մենք ականատես ենք լինում, թե ինչ լուրջ խնդիրների հետ են առերեսվում լրագրողները մեր հարևան երկրներում՝ Ադրբեջանում և Թուրքիայում»

Հունվար 28,2020 23:13

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ–ում «Եվրոպայում մեդիա ազատության սպառնալիքների և լրագրողների անվտանգության վերաբերյալ» զեկույցի կապակցությամբ

«Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք,

Լրագրությունը չի կարող լուռ լինել, դա է լրագրության ամենամեծ առաքինությունն ու ամենամեծ մեղքը: Լրագրությունը պետք է խոսի և խոսի անմիջապես, երբ զարմանքի արձագանքները, հաղթանակի պնդումները և սարսափի նշանները դեռ օդում են: Այս բառերը պատկանում են ամերիկացի լրագրող և դիվանագետ Հենրի Անատոլի Գրանվոլդին: Այո, լրագրությունը կոչված է ասելու ճշմարտությունը, սակայն, ցավոք, մեր օրերում Եվրոպայի Խորհրդի անդամ բազմաթիվ երկրներում այն լրագրողները, որոնք համարձակվում են խոսել ճշմարտության մասին, հարկադրված են առերեսվել սպառնալիքների հետ, նրանք ձերբակալվում են և հետապնդվում: Դաֆնա Գալիցիայի դժբախտ դեպքը դրա ակնհայտ օրինակն է, և այս զեկույցն ամբողջությամբ արտացոլում է այդ իրականությունը:

Ցանկանում եմ նշել, որ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Համացանցի ազատության «Սոցիալական մեդիայի ճգնաժամը» վերտառությամբ զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանը դասվում է «ազատ» երկրների շարքին՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը: Զեկույցում, մասնավորապես նշվում է. «Հայաստանում դրական փոփոխությունները, որոնք սկսվել են 2018թ. Թավշյա հեղափոխությամբ, շարունակվում են ռեֆորմիստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ նվազել են բովանդակության սահմանափակումները և համացանցը օգտագործողների իրավունքների ոտնահարման դեպքերը:

Մասնավորապես, առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից»: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակը, երբ ակնառու, քննադատող լրագրողն ու ընդդիմադիր քաղաքական գործիչը դարձավ հեղափոխության առաջնորդ և երկրի ղեկավար, ակնհայտորեն ցույց է տալիս, թե որքան կարևոր և իրականությունը փոխող դեր կարող է խաղալ լրագրությունը:

Սակայն, մենք ականատես ենք լինում, թե ինչ լուրջ խնդիրների հետ են առերեսվում լրագրողները մեր հարևան երկրներում, մասնավորապես՝ Ադրբեջանում և Թուրքիայում, որտեղ մամուլի հետ կապված խնդիրների մասին խոսվում է նաև վերոնշյալ զեկույցում: Ադրբեջանում Խադիջա Իսմայիլովայի, Աֆղան Մուխթարլիի, Մեհման Հուսեյնովի հետ կապված դեպքերը հստակ ցույց են տալիս, թե ինչպես է իշխող կուսակցությունը վերաբերվում քննադատող մամուլին և որքան վտանգավոր է տալ հարցեր և իրականացնել հետաքննություններ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի կոռումպացված իրականությունը: Իհարկե, մենք չենք կարող լռել և անտարբեր մնալ այս դեպքերի վերաբերյալ:

Մի կողմից, մենք գործ ունենք մարդու իրավունքների, մյուս կողմից՝ մամուլի ազատության հետ: Հույս ունեմ՝ որպես ԵԽԽՎ անդամներ մենք կանենք հնարավոր առավելագույնը, որպեսզի հանդիսանանք մամուլի ազատության երաշխավորներ, մենք պետք է «պահապան շան» («watchdog») դեր ստանձնենք անդամ երկրների հանդեպ և ձեռնարկենք համապատասխան քայլերը՝ կանխելու լրագրողների նկատմամբ հետապնդումները: Այսպիսով, կամ մենք բարձրաձայնում ենք այսօր առկա խնդրի մասին և անում առավելագույնը դադարեցնելու այս միտումը ընդդեմ լրագրողական ազատության կամ մենք հարկադրված ենք լինելու տեսնել նման դեպքերի կրկնություն ապագայում: Մենք արդեն ընտրել ենք առաջին ճանապարհը և պետք է հավատարիմ մնանք դրան:

Շնորհակալություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031