«Մեր բոլոր ընկերներն արդեն ազատ են արձակվել»,-«ՎԵՏՕ» կազմակերպության գրասենյակում հրավիրված ասուլիսին հայտարարեց «Բլոգնյուզ» կայքի խմբագիր, «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Հիշեցնենք՝ այսօր բերման էին ենթարկվել ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» կազմակերպության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը, «Ադեկվադ»-ի անդամներ Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը:
Նա տեղեկացրեց, որ «Ադեկվադ»-ի հիմնադիր Արթուր Դանիելյանն այժմ գտնվում է թիվ 1 հիվանդանոցում. վնասված են նրա ձեռքն ու ոտքը, նա անցնում է հետազոտություն: Անդրադառնալով իր, «Ադեկվադի» անդամների և ՎԵՏՕ շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանի ձերբակալության հիմնավորումներին՝ ասաց. «Անտրամաբանական է մտածել, որ Նարեկ Մալյանը, իմանալով, որ մեր ամեն քայլ, խոսք մանրադիտակով հետևում են, իր մոտ ապօրինի զենք զինամթերք կպահի: Կամ ծիծաղելի է, որ ես, լինելով ԶԼՄ ղեկավար, նորանկախ ՀՀ-ի պատմության մեջ առաջին ԶԼՄ ղեկավարն եմ, ում զենք, զինամթերք պահելու կասկածանքով բերման են ենթարկել»:
Կոնստանտին Տեր-Նակալյանի համոզմամբ՝ իրենց ձերբակալել են, որ հանրության ուշադրությունը շեղեն արցախյան հիմնախնդրից՝ մանավանդ, որ առաջիկայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն է սպասվում:
Կարդացեք նաև
ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել իր ձերբակալությունը. «Այսօր՝ ժամը 13.30-ին մեր գրասենյակի հենց մուտքի մոտ իրավապահները փորձեցին կամ մենք միասին փորձեցինք նկարահանել այս տափակ սերիալի հերթական սերիան: Կտրուկ մոտեցան այսպես կոչված 6-րդ վարչության հատուկ նշանակության վարչության ներկայացուցիչները, ներկայացան, որ ոստիկանությունից են, ասացի՝ շատ լավ, ինձ հասկացրին, որ եկել են, որ պառկացնեն ասֆալտին»:
Նարեկ Մալյանն ասաց, որ պատրաստ է պառկել ասֆալտին՝ ինչքան ուզեն: Անդրադառնալով իր և իր ընկերներ՝ Արթուր Դանիելյանի, Կոստանտին Տեր-Նակալյանի և «Ադեկվադ» միաբանության մյուս անդամների ձերբակալության՝ ոստիկանության հիմնավորումներին՝ Նարեկ Մալյանն ասաց. «Ինչքան ծիծաղելի է իմ՝ զենք, զինամթերք պահելու կասկածանքը, տասն անգամ ավելի ծիծաղելի է Արթուր Դանիելյանի նկատմամբ թմրանյութերի կասկածը: Բացի նրանից, որ Արթուրը շատ չսիրված է գործող իշխանության կողմից, նա ակտիվորեն առողջ ապրելակերպի քարոզ է իրականացնում»:
Նարեկ Մալյանը մտահոգություն հայտնեց, որ մոտ մեկ տարի է գործող իշխանությունն իր ողջ ռեպրեսիվ մեքենան միացրել է ՍԴ-ն զավթելու ուղղությամբ, բայց չի ստացվում, քանի որ այնտեղ մարդիկ հեշտ հանձնվողներից չեն և պատրաստ են մինչև վերջ պայքարել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ