Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարման խորհրդի անդամը՝ ԿԳՄՍ նախարարին. «Ինչ մարտավարությամբ եք սահմանամերձ գյուղը դատարկում»

Հունվար 28,2020 21:40

Արարատի մարզի Լուսաշող համայնքում լարված վիճակ է, ԿԳՄՍ նախարարության կողմից անցյալ տարվանից որոշում է կայացվել կոմպլեկտավորել դասարանները, ինչը բնակավայրի բնակիչների ու մանկավարժների սրտով չէ: Գյուղացիները վստահ են, որ տարբեր տարիքային խմբեր մեկ դասարանում միավորելու արդյունքում իրենց երեխաները չեն կարող լավ կրթություն ստանալ: Լուսաշողը սահմանամերձ, բարձրադիր բնակավայր է, որտեղ սովորում են նաեւ հարակից գյուղերի երեխաները: Այս դպրոցը շուրջ 80 աշակերտ ունի:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց դպրոցի կառավարման խորհրդի անդամ Ահարոն Թովմասյանը, օրերս գյուղ են հրավիրել իրենց տարածքից ընտրված պատգամավոր Սեդրակ Թեւոնյանին, որը խոստացել է հարցը հասցնել կառավարություն:

«Մենք ավել բան չենք ուզում, միայն ուզում ենք մեր գյուղում ապրել, մեր երեխաներն էլ նորմալ կրթություն ստանան»,-ասաց պարոն Թովմասյանը: Նա Aravot.am-ին ասաց, որ սեպտեմբերին գյուղ այցելած ԿԳՄՍ նախարարության աշխատակիցը փորձել է բանակցել երկկոմպլեկտ դասարաններ ունենալու շուրջ, սակայն ծնողներն ու ուսուցիչները չեն համաձայնել:

«Այնուամենայնիվ մեր ուսուցիչներին աշխատացրին ցածր աշխատավարձով: Ստացվեց՝ կամ աշխատավարձը պետք է ցածրանա, կամ դասարանները երկկոմպլեկտ լինեն: Ու քանի որ ծնողների վրա չկարողացան ազդել, երեւի աշխատակազմի վրա ազդել ստացվեց, ու այդ մարդիկ առաջին կիսամյակը անցկացրին կիսատ աշխատավարձով: Նախարարության աշխատակիցն էլ փոխանցել էր, որ դեռ ավելի վատ է լինելու Նոր տարուց հետո, կրճատումներ եւ ինչ-ինչ փոփոխություններ կլինեն»,-ասաց կառավարման խորհրդի անդամը:

Նա հավելեց, որ դպրոցի կառավարման խորհրդի ողջ կազմով հրաժարական են տվել՝ ի նշան բողոքի. «Այսինքն` խորհուրդ չունենք, ուրեմն դպրոց էլ չունենք; Եթե վաղը, մյուս օրը արձագանք չլինի, մանկավարժներն էլ կհրաժարվեն աշխատել, որովհետեւ մարդ են ռոբոտ չեն, երեք դասարանի հետ աշխատելը հեշտ չի լինի: Հետո ավագանին էլ հրաժարական կտա: Եվ չզարմանաք, որ մի օր էլ կհրաժարվենք ՀՀ քաղաքացիությունից, եթե մեր իրավունքներն այդպես ոտնահարվում են: Սահմանից 7-8 կիլոմետր հեռավորության վրա ենք ապրում, գոնե բարձր լեռնային գյուղերին մի քիչ արտոնություն տան: Ընդ որում, սա միակ միջնակարգ դպրոցն է, որտեղ սովորելու են գալիս կողքի գյուղերի երեխաները:

Ի դեպ, տրանսպորտի հարց էլ ունենք, որովհետև դադարեցված է աշակերտական միկրոավտոբուսի ֆինանսավորումը: Մի ժամանակ մամուլով մի արտահայտություն արեցին՝ բոլոլա…Բայց սա արդեն բոլոլա չի, խառնաշփոթ է»,-հայտնեց կառավարման խորհրդի անդամը:

Նաեւ հավելեց. «Մի ժամանակ ԿԳՄՍ նախարարն ասում էր, որ իբր մի երեխայի համար պատրաստ են դպրոց պահելու…Այ քո ցավը տանեմ, բա ուր է…Մենք ընդամենը 7-8 կիլոմետր ենք սահմանից հեռու, հիմա դուք ձեր քայլով սահմանի թիկունքը դատարկել եք տալիս, մենք թողնենք-գնանք ուրիշ տեղ վարձով ապրենք… Ի՞նչ մարտավարությամբ եք շարժվում…»:

Քանի օր օրն աշխատանքային չէ, թեմայի վերաբերյալ վաղը մեկնաբանություն կխնդրենք ԿԳՄՍ նախարարությունից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ http://ecoclub.fpwc.org/-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031