Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենակ Ուրֆանյանի մայրը դիմել է Փաշինյանին՝ հարցնելով՝ իմ տղան հերո՞ս է, թե՞ ոչ. Վարչապետը խոստացել է հանձնարարական տալ վերանայելու կոչում տալու որոշումը

Հունվար 28,2020 21:30

Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը նախորդ իշխանությունների օրոք դժգոհություն էր հայտնել ու ասել էր, որ շատ վիրավորված է՝ որդուն Արցախի հերոսի կոչում, կամ Հայաստանի ազգային հերոսի կոչում չեն տալիս: Նա ասում էր, որ անարդարության զգացում ունի, բացատրություններ էր պահանջում օրվա իշխանավորներից, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանից՝ ասելով, որ իր որդու՝ արյամբ վաստակած մեդալը պետք է տան:

Երբ հերոսի մոր խոսքերը փոխանցեցինք Վիգեն Սարգսյանին, նա իրենց մերժումն այսպես բացատրեց. «Այդ գործընթացը մեկ անձի կամ փոփոխված նախարարի մակարդակի լուծվելու խնդիր չի: Յուրաքանչյուր նման դեպք մանրամասն ուսումնասիրվում է եւ համադրելով բազմաթիվ հանգամանքներ՝ հատուկ հանձնաժողովներ ներկայացնում են միջնորդություն պաշտպանության նախարարին, նախարարը՝ ՀՀ նախագահին եւ կայացվում է այն որոշումը, որը ներկայացվել է: Պետական պարգեւները եւ կոչումները շատ կարեւոր միջոց են երախտագիտություն հայտնելու, բայց ես կարծում եմ՝ մենք, որպես հասարակություն եւ պետություն հասունացել ենք այնքան, որ չսահմանափակվենք դրանով»:

Այսօր տիկին Համեստից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այս իշխանությունների օրոք էլ Ուրֆանյանը հերոսի կոչում չստացավ, նոր իշխանություններին այդ հարցով դիմե՞լ եք ու ի՞նչ են պատասխանել ներկայիս իշխանավորները: Նա պատասխանեց. «Ոչ մի ձեւով հարցը չի լուծվել: Ես հեղափոխությունից հետո դիմեցի պարոն Փաշինյանին, երեւի մեկ անգամ էլ պետք է էլի հիշեցնեմ, ինքն ասեց՝ հանձնարարականը կտամ, թող վերանայեն: Ես ասեցի՝ եթե ոչ, ապա ասեք ինչու, ինձ պատասխան տվեք՝ նա հերո՞ս է, թե՞ ոչ: Ինձ համար դա շատ կարեւոր է: Ես այսօր ապրում եմ ինչի՞ համար՝ իմ տղայի համար: Նա ինչի արժանի է՝ պետք է վերադարձնել, պետք է տալ: Դա իր վաստակն է չորացած արյան»:

Ճշտեցինք՝ այսինքն, այս անգամ չեն ասել, որ հանձնաժողովն է որոշում կայացնու, հստակ չափանիշներ կան եւ այլն՝ տիկին Համեստը պատասխանեց. «Չէ, նման բան չեն ասել միանշանակ: Վիգեն Սարգսյանն ուղղակի ինքը չէր ուզում երեւի միջնորդեր: Ինքն ինձ ասում էր՝ ժողովուրդն է տալիս հերոսի կոչումը, նա որպես կարկառուն հերոս կմնա պատմության մեջ: Ես Վիգեն Սարգսյանին ասում էի՝ եթե հերոս չի, դուք ինձ գրավոր պատասխան տվեք, ես էլ կդիմեմ համապատասխան տեղ: Ինքն ինձ ասում էր՝ բայց ո՞վ է ասում, որ ինքը հերոս չի: Հիմա Տոնոյանին ես չեմ դիմել, պարոն վարչապետին եմ դիմել: Սպան բանակի ողնաշարն է, եթե հրամանատարը չկանգներ, ոչ ոք չի կանգնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031