Այսօր`բանակի 28-րդ տարեդարձի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոն էր այցելել նաեւ նախկին զինդատախազ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նա եկել էր միայնակ եւ Եռաբլուր հասավ մի փոքր ավելի վաղ, մինչ կգար ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջանցեց ՀՀԿ-ականներին, ովքեր սպասում էին Սերժ Սարգսյանի գալուն:
Գագիկ Ջհանգիրյանը եկել էր միայնակ:
Aravot.am-ի հարցին`ինչո՞ւ եք մենակ եկել, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց, որ ինքը որեւէ քաղաքական թիմի անդամ չէ եւ բանակի օրն էլ իր համար լրացուցիչ առիթ է իր նահատակված ընկերների հետ առանձնանալու: Գագիկ Ջհանգիրյանը առաջինը Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ դրեց:
Պարոն Ջհանգիրյանին մեկ հարց էլ ուղղեցինք. ի՞նչ կարծիք ունի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու իշխանության ցանկության մասին եւ արդյոք կցանկանար ընդգրկվել բարեփոխումներն իրականացնող հանձնաժողովում: Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես այդ հանձնաժողովում չկամ, եթե ցանկանայի`կդիմեի»: Հարցին`ինչո՞ւ չի ցանկանում, քանի որ սա կարող է լավ հնարավորություն լինել Սահմանադրությունն իրապես բարեփոխելու, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց, որ բանակի օրը ինքը չի ցանկանում այլ բաների մասին խոսել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ