Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. «Փոքրաթիվ մարդկանց խումբը, ովքեր կառավարման ոլորտում են՝ կամայականորեն ընտրված, լրջագույն սպառնալիք է տնտեսական անվտանգությանը»

Հունվար 28,2020 21:03

100 փաստը, որ վարչապետ Փաշինյանը պարբերաբար հրապարակում է, կարեւոր է, քանի որ հանրությանը տեղեկացնում է, թե ինչ են արել, բայց խնդիրներն ավելին են, քան այդ 100 փաստը: Այս կարծիքին է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Մանասերյանն ասաց՝ վատ չէր լինի, եթե այդ 100 փաստի հետ միասին նաեւ ներկայացվեին այն խնդիրները, որոնք դեռ չեն լուծվել, կամ կարիք կա դրանց վրա ուշադրությունը բեւեռելու՝ ինչպես կառավարության, այնպես էլ՝ փորձագիտական հանրության.

«Դրանք բազմաթիվ են, եւ այն, ինչ չի կարելի չնշել՝ սպառնալիքներն են՝ ի՞նչ սպառնալիքներ կան տնտեսական անվտանգության համար, եւ սոցիալական ապահովության համար, եւ ինչը պետք է թիրախավորել, որպեսզի մենք ունենանք ոչ թե 100 կետ, այլ դրանից շատ ավելին: Երբ կան սպառնալիքներ, եւ եթե անգամ բոլոր կետերը ներկայացված են, ես կարծում եմ, որ օբյեկտիվ չի լինի, եթե մենք քողարկենք, թաքցնենք սպառնալիքները, որոնցից ամենակարեւորը գիտության ոլորտն է, ուղեղների արտահոսքը, բացառությամբ մեկ-երկու ոլորտի, որտեղ մասնավորի շնորհիվ կան բարենպաստ պայմաններ: Դա հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, բայց այս ոլորտն էլ ինտեգրված չէ ՀՀ տնտեսությանն ու դրա իրական հատվածին: Այս ոլորտի ընկերությունների պատվերները դրսի համար են, արտադրանքը դուրս է գնում, արդյունքը չի ծառայեցվում ՀՀ տնտեսությանը: Ինձ հայտնի չեն հայաստանյան այնպիսի ընկերություններ, որոնք օգտվում են ՏՏ ոլորտի ծառայություններից այն չափով կամ այն ձեւեով, որով պատվերներ են տրվում են դրսից: Սա լրջագույն խնդիր է, սա մրցունակության խնդիր է եւ իմ համոզմամբ՝ թիվ մեկ խնդիրը ՀՀ-ում, մրցունակության խնդիրն է»:

Մանասերյանի դիտարկմամբ՝ Հայաստանը որակի եւ կառավարման հարցերում տասնապատիկ անգամ զիջում է զարգացած երկրներին եւ նույնիսկ բազմաթիվ զարգացող երկրներին. «Ունենք բազմաթիվ խնդիրներ եւ գիտության ոլորտը ոչ միայն չի արձագանքում, այլեւ գիտելիքն ընդհանրապես պահանջարկված չէ, շատ չնչին բացառությամբ: Որպեսզի այդ հարյուր կետերն ավելանան եւ վարչապետը երկար չմտածի, թե ամեն անգամ այդ 100 կետը որտեղից վերցնի կամ հանձնարարություն տա, որ հավաքեն, դրա համար պետք է մի բան՝ մի քիչ ավելի արդյունավետ կադրային քաղաքականություն իրականացնել, այն, ինչը ես չեմ տեսնում: Սա շեշտում եմ, որովհետեւ այսօր գիտելիք հաղորդողները՝ ես եւ իմ գործընկերները բավական լուրջ դժվարություն ունենք ուսանողներին հորդորելու, համոզելու կամ ներկայացնելու այն գիտելիքները, որոնք իրենց առաջընթացի համար պետք կգան: Իրենք բերում են բազմաթիվ օրինակներ, որ կառավարման ոլորտում հայտնվում են ոլորտից հեռու մարդիկ, նույնիսկ ադեկվատ կրթություն չստացած մարդիկ, փորձառություն չունեցող, կենսագրություն չունեցող: Այս պայմաններում հասկանալի է, թե ուսանողը որքանով կարող է մոտիվացված լինել, երբ տեսնում են կառավարման ոլորտում ինչպիսի կադրային քաղաքականություն է:

Իսկ նման կադրային քաղաքականության ոճը, միջազգային կառույցները համամիտ են ինձ հետ, մասնավորապես՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլը», կոռուպցիոն նոր դրսեւորում է՝ երբ կարելի է կամայական նշանակել ոլորտների պատասխանատուներ մարդկանց, ովքեր բացարձակ որեւէ առնչություն չեն ունեցել այդ ոլորտի հետ եւ այսօր էլ այն աստիճան անարդյունավետ են իրականացնում իրենց գործառույթը, որ վարչապետը ստիպված խոստովանել է,ասել է՝ այնպիսի բաներ են իրեն մատուցում, որ ուզում է ցած նետվել պատուհանից»:

Տնտեսագետի խոսքերով՝ կառավարման ոլորտի շատ լուրջ մասնագետներ, փորձագետներ կան, որոնք կարող են կառավարության հետ համատեղ մշակել այնպիսի համակարգ, որը կկարողանա սպասարկել մեր կարիքները, ՀՀ տնտեսության առաջընթացն ապահովել եւ թույլ չտան տարընթերցումների կամ թյուրըմբռնումների տեղիք լինեն. «Այս պայմաններում ձեւավորված մթնոլորտը ոչ միայն չի նպաստում, այլ՝ ճիշտ հակառակ էֆեկտ է տալիս: Փոքրաթիվ մարդկանց խումբը, ովքեր կառավարման ոլորտում են՝ կամայականորեն ընտրված, առանց մրցույթի, լրջագույն սպառնալիք է տնտեսական անվտանգությանը, եթե չասեմ ազգային անվտանգությանը: Ի վերջո, եթե նույնիսկ կա 200 հարյուր փաստ, բայց սպառնալիքներն ավելին են ու խորն են, եւ դրա մասին պետք է կառավարությունը բարձրաձայնի, պետք է ազնիվ լինի ու ներկայացնի դրանք, առավել ազնիվ լինի ու ոլորտի մասնագետներով այդ հարցերը կարգավորի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031