Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխների ու պաշտոնյաների կանանցից ոչ ոք չի լսել Աննա Հակոբյանին ու որեւէ զարդ չեն նվիրել հերոս Արմենակ Ուրֆանյանի հիմնադրամին (Ֆոտոշարք)

Հունվար 28,2020 20:07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մոտ մեկ տարի առաջ կոչ էր արել պաշտոնյաների, օլիգարխների կանանց, որ իրենց թանկարժեք զարդերի մի մասը նվիրաբերեն ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից կապիտան Արմենակ Ուրֆանյանի մոր՝ Համեստ Ուրֆանյանի ստեղծած բարեգործական հիմնադրամին: Նա դա ասել էր Բաղրամյան 26–ում «Կանայք՝ հանուն խաղաղության արշավին» նախաձեռնության շրջանակներում ապրիլյան պատերազմի զոհերի մայրերի հետ հանդիպման ժամանակ.

«Ուզում եմ կոչ անել Հայաստանի թե՛ ներկա, թե՛ նախկին պաշտոնյաների, օլիգարխների կանանց, ովքեր մի փոքր անգամ կասկած ունեն այն արդար ճանապարհի վրա, որի շնորհիվ ձեռք են բերել իրենց հարստությունը եւ զարդեր են գնել, կոչ եմ անում դրանք նվիրաբերել տիկին Համեստի ֆոնդին եւ մեծ թափ հաղորդել այդ ֆոնդի աշխատանքներին։ Այդպիսով, նրանք կարող են մի փոքր ավելի հանգիստ գլուխը դնել բարձին», – ասել էր վարչապետի տիկինը:

Այսօր Ուրֆանյանի մորը՝ Համեստ Ներսիսյանին Aravot.am-ը հարցրեց՝ որեւէ օլիգարխի կամ պաշտոնյայի տիկին իր զարդերից նվիրաբերե՞լ է հիմնադրամին մինչ օրս: Պարզվեց, որ՝ ոչ: Տիկին Համեստն ասաց. «Օլիգարխներից ոչ ոք մեզ չի օգնել ու չի օգնում: Այսօր, օրինակ, բանակի օրն էր: Ես, ճիշտ է, դիզայնն արել եմ Արմենակ Ուրֆանյանի հիմնադրամից՝ իր թոշակի հաշվին, բայց ես չունեմ նման ֆինանսավորում, որ այսպիսի միջոցառումներ կազմակերպեմ, գոնե ծնողը դրանով իրեն լավ զգա»:

Ճշտեցինք, այսինքն, այդ կոչից հետո որեւէ արձագանք չի՞ եղել, նա պատասխանեց. «Ոչ: Մեկ հատ զինվորի ծնող է եղել մեզ նվիրաբերող՝ շատ փոքր գումար եւ եղել է տիկին Հասմիկ Պապյանի համերգի հասույթը, ինչպես նաեւ իքս բարերարի, որին բոլորը շատ հարգում, սիրում ենք, փոքր չափով գումար է եղել: Կոնկրետ զարդերից ոչ ոք չի բաժանվել, օլիգարխներից էլ նվեր չի եղել»:

Տիկին Համեստն ասաց, որ սփոփանք են զգում, երբ իրենց ուշադրության են արժանացնում:

Հարցին՝ այսօր բանակի վիճակն ինչպե՞ս եք գնահատում՝ նա պատասխանեց. «Ոչ լիարժեք, բայց բավարար, որովհետեւ բանակում միշտ լինելու է թերի աշխատանք: Ես հետեւողական եմ բանակի աշխատանքներին, ծառայությանը, զինելուն, դա իմ թույլ մասն է: Ես ամբողջ օրը  մտածում եմ այդ մասին, որ գոնե իմ տղայի ծառայակից ընկերները կարողանան նորմալ պայմաններում ծառայել, բայց, ավաղ, շատ քիչ է ուշադրությունը դեպի սպաները: Ես կոչ եմ անում մեր  կառավարությանը, որպեսզի ավելի ուշադիր լինեն նրանց ընտանիքներին, սոցիալապես պայմաններ ստեղծեն, բնակարանային հարցերում օգնեն: Բանակի ողնաշարն է սպան, պետք է միշտ գնահատել…

Ես շատ շնորհակալ եմ մեր նոր կառավարությունից, հատկապես՝ սննդի համար: Զինվորը պետք է ամենալավը սնվի, ամենաբարձրակարգ սննդից օգտվի, ինչպես նաեւ սպառազինությունը լավը լինի: Ունենք որոշակի արդյունք, բայց դա քիչ է: Էլի շնորհակալ ենք, այս թալանած երկրից այդքան էլի գնումներ անելու: 30 տարի մեր բանակը չի զինվել, փաստորեն, մենք չենք տեղեկացվել դրանից: Եվ այսօր տեսնում ենք, քիչ-քիչ մեր նոր կառավարությունը փորձում է  փոփոխություններ անել: Առաջին խնդրանքս պարոն Փաշինյանին եւ պարոն Տոնոյանին, նախ շնորհավորում եմ տոնի կապակցությամբ, միշտ թող լինի զգոն, միակ խնդրանքս է, որ առաջնայինը լուծվի բնակարանային եւ սոցիալապես անապահով զինծառայողների խնդիրը, արդյոք ես կտեսնե՞մ այն օրը, երբ պետությունը գնահատում է սպայի աշխատանքը՝ դառը աշխատանքը: 20-ից ավելի  տարի նա  գիշեր-ցերեկ աշխատում է, այնպես չի, որ ասում են՝ 9-ից 6-ը: Նրանք 22-24 տարի անքուն գիշերներ են անցկացնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031