Հայրենիքի պաշտպանի կենտրոնում Արմենակ Ուրֆանյանի անվան լսարանը բացվել է «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով: Կենտրոնն օգնություն է ստացել նաեւ «Հայ օգնության միությունից»:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ զինվորները, որոնք վերականգնում են իրենց առողջությունը, անհավանական մեծ արդյունքներ ունեն. «Մարդիկ, որոնք տեսականորեն երբեք չէին կարող քայլել, այսօր քայլում են, այո, դժվարությամբ, սարքերի միջոցով, բայց քայլում են»:
Արմեն Մուրադյանն ասաց, որ սրահներն անվանակոչելով Ռոբերտ Աբաջյանի, Ուրֆանյանի անուններով, ուզում են, որ այս բժշկական տաճարը հավետ կապված լինի հերոսների հետ, այն վայրի հետ, որտեղ իրենց զինակիցները հաղթահարում են իրենց բաժին ընկած փորձությունը:
Արմեն Մուրադյանը խաղաղ երկինք մաղթեց մեր զինվորներին ու մաղթեց, որ ծնողները ամեն օր գիշեր իրենց գլուխը բարձին դնելով ոչ թե անհանգստանան, այլ մեծ հպարտություն ապրեն:
Կարդացեք նաև
Արմեն Մուրադյանն ասաց, որ կենտրոնում զինվորները ոչ միայն բուժվում են, այլեւ գրադարանից են օգտվում, միջոցառումներ են անցկացնում, համերգներ, նույնիսկ ամուսնանում են. «Թռիչքային խոսք ունեն իրենք, երբ պետք է գան այստեղ, իրար հետ խոսում են դրախտային պայմանների մասին, ես կուզենայի, որ այս շենքը դիտարկեն, որպես իրենց տուն, որտեղ ոչ միայն բուժվելու են, այլեւ ունենան ներգրավվածություն հասարակության մեջ»:
Մուրադյանը նաեւ նշեց, որ այս տարի մոտ 20 մլն դոլար ՀՀ է եկել միայն Բժշկական համալսարանի աշխատանքի արդյունքում, որից երկու մլն-ը գիտություն է. «Բժշկական համալսարանը 370 աշխատատեղ է բացել, միայն այս կենտրոնում՝ 130 աշխատատեղ, միջին աշխատավարձը՝ 260 հազար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ