Քիչ առաջ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունից ազատ արձակվեց նաև «Ադեկվադ»-ի հիմնադիր, հունվարի 28-ին՝ մոտավորապես ժամը 15.30-ին բերման ենթարկված Արթուր Դանիելյանը: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ իրենց բերման են ենթարկել Նալբանդյան փողոցից՝ ԱԱԾ գլխամասային շենքի մուտքի կողքից՝ իր մեքենայից, երբ իրենք գալիս էին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն՝ պարզելու ինչու են ձերբակալել Նարեկ Մալյանին:
Իրենց՝ բերման ենթարկելու հիմնավորման մասին Արթուր Դանիելյանը մանրամասնեց. «Ընթացքում պարզ դարձավ, որ կասկածում են՝ մենք թմրամիջոց ենք ձեռք բերել, պահում կամ օգտագործել: Այսինքն՝ ոստիկանները ենթադրում են, որ ես, գնելով թմրամիջոց, պահելով այն և/կամ օգտագործելով՝ գալիս եմ ոստիկանության 6-րդ վարչություն պարզելու, թե ինչ է տեղի ունեցել Նարեկ Մալյանի հետ, ով, մեկ տասնամյակ աշխատելով իրավապահ տարբեր մարմիններում, փաստորեն այս օրերին կասկածվում էր ապօրինի զենք կրելու մեջ: Սա հերթական թատրոնն է»:
Քիչ առաջ ազատ արձակվեցին նաև «Ադեկվադ»-ի՝ ձերբակալված անդամներ Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը:
Արթուր Դանիելյանն ասաց, որ այժմ գնալու է հիվանդանոց բուժզննության: Ասաց, որ թմրածություն կա ձախ ձեռքում և ոտքում. «Երբ շտապօգնությունը եկավ 6-րդ վարչություն, առաջարկեցին ցավազրկողներ, բայց չընդունեցի: Կասկածում էի, որ ստիպողաբար կարող էին մեզ ենթարկել փորձաքննության: Չեմ օգտագործել որևէ ցավազրկող, երբեք չեմ օգտագործել թմրանյութ, ինձ իմացող մարդիկ գիտեն, որ քարոզում եմ ծխախոտի արգելումը, ուր մնաց թմրանյութ»:
Կարդացեք նաև
Նշենք, որ քիչ անց՝ ժամը 19.00-ին ՎԵՏՕ կազմակերպության գրասենյակում «Ադեկվադ»-ի անդամները և ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը հանդես կգան մամուլի ասուլիսով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ