Ինչպես հայտնել ենք, այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում Հայոց բանակի հիմնադրման 28-ամյակի առթիվ եւ քառօրյա պատերազմի հերոս, հրամանատար Արմենակ Ուրֆանյանի ծննդյան 30-ամյակի կապակցությամբ բացվեց նրա անունը կրող լսարան:
Սրահում ծաղկաման էր, մեջը՝ բալենի: Ինչպես հետո պարզվեց՝ բալենին Ուրֆանյանի սիրած ծառն է, նրա խորհրդանիշը: Այսօր եղանակային պայմանները թույլ չեն տալիս այն դեռ տնկել, գարնանը ծառ կտնկեն կենտրոնի այգում:
Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանն ասաց. «Հիմա իմ Արմենակը նոր օթեւան ունի, սա ինձ ավելի է կապելու այս հիմնարկի հետ: Արմենակը բալ շատ էր սիրում, իսկ բալենին խորհրդանիշ է: Քանի որ Արմենակը նշանված էր, ծառը դա ընտանիք է, Արմենակի ընտանիքը չշարունակվեց…ես սիրում եմ բույսերը մշակել ու այդտեղ զգում եմ Արմենակի շունչը: Վերջին անգամ Վալենտինի տոնի կապակցությամբ Արմենակը որոշել էր վարդեր նվիրել նշանածին: Այդ ժամանակ ես իրեն խորհուրդ տվեցի, ասեցի՝ ախր վարդերը շուտ թառամում, թափվում են, ինչի՞ չես ուզում տան ծաղիկներ նվիրես: Ասեց՝ լավ տարբերակ ես ասում ու որոշեց Գոհարիկին տնային ծաղիկներ նվիրել: Այդ ծաղիկները մինչեւ հիմա կան, ես սկսեցի բույսեր մշակել՝ տղայիս շունչը զգալով: Եռաբլուրում, երբ Արմենակի հուղարկավորումը կատարվեց, չէի նկատել, հետո նայեցի, տեսա՝ գլխավերեւում բալենի էր, այդպես էլ բալենին իր խորհրդանիշն էր, ե՛ւ սիրելի երգերում կար բալենին, եւ ինքը բալ շատ էր սիրում…»,- հուզված պատմեց հերոսի մայրը՝ մի կերպ խեղդելով արցունքները:
Հետաքրքրվեցինք՝ Ուրֆանյանի սիրած աղջկա՝ Գոհարի հետ կապը պահո՞ւմ է մինչ օրս, տիկին Համեստը պատասխանեց, որ այո, Գոհարն արդեն ուրիշի հետ ընտանիք է կազմում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ