Ինչպես հայտնել ենք, այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում Հայոց բանակի հիմնադրման 28-ամյակի առթիվ եւ քառօրյա պատերազմի հերոս, հրամանատար Արմենակ Ուրֆանյանի ծննդյան 30-ամյակի կապակցությամբ բացվեց նրա անունը կրող լսարան:
Բացմանը մասնակցում էր նաեւ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի տատիկը՝ Անահիտ Գրիգորյանը: Նա ասաց. «Մեր երեխաներին հիշում են, դա ամենակարեւորն է: Քանի մեր երեխաներին հիշում են, ուրեմն մենք լավ ենք, կանք: Երբ մոռանան, չգիտեմ ինչ կլինի: Ինձ թվում է, միշտ կհիշեն»:
Դիմելով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ տիկին Գրիգորյանն ասաց. «Շատ կուզեմ, որ այսպիսի հայրենասերներ լինեն, պարոն Մուրադյան, ձեզ նման, որ հիշեն բալիկներին, երբեք չմոռանան: Մեր երեխաները, որոնք այստեղ առողջությունն են վերականգնում, իրենց համար սա շատ մեծ նշանակություն ունի, նաեւ՝ ուսանողների համար, որովհետեւ իրենք գիտեն՝ վաղը, որ իրենք գնան բանակ ծառայելու՝ իրենց թիկունքին կանգնած է երկիրը, անհատները չէ, երկի՛րն է կանգնած, որովհետեւ միայն մարդը չի կարող, բոլորս միասին ենք ուժ: Քառօրյան ցույց տվեց, որ ամբողջ աշխարհը, ամբողջ հայությունը կանգնեց: Մենք կանգնած ենք ու, երեւի թե, կշարունակենք կանգնել մեր երեխաների կողքին, որովհետեւ վիրավոր երեխաները շատ ավելի կարիքն ունեն մեր օգնության: Մեր երեխաները գնացին, մեր երեխաներին հիշեք, չմոռանաք, բայց այն երեխաները, որոնք վիրավորվել են, իրենց ծնողները շատ կարիք ունեն ուշադրության: Իրենց երեխաներին պիտի պահեն, պիտի սնունդ տան, աշխատանք, իրե՛նք պիտի պահեն, ոչ թե երեխան իրենց: Ձեր օգնությունը, մեր, բոլորիս օգնությունը իրենց շատ պետք է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ