«Մեր բանակը փառապանծ բանակ է: Մեր բանակը հաղթական բանակ է, և անկախ նրանից, որ այս բանակի ձևավորման հենց առաջին օրերից որոշ մարդիկ, այդ թվում նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվել: Չի հաջողվել շատ պարզ պատճառով, որովհետև խոշոր հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել, մեր բանակը մարտի դաշտում, այն էլ ոչ մեկ անգամ, ապացուցել է իր ունակությունը՝ պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում նաև Արցախի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը»,- այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այսօր` հայկական բանակի 28-րդ տարեդարձի օր, այցելել էին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին:
«Այս նվիրական օրը ես մի մաղթանք ունեմ, որ ամուր պահենք մեր հավատը մեր բանակի նկատմամբ: Սա շատ կարևոր հանգամանք է: Եվ թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը: Սա անթույլատրելի է: Եվ ես վստահ եմ, որ նաև ձեր օգնությամբ, ձեր օժանդակությամբ մեր բանակը լինելու է միշտ վստահելի, մեր բանակի հաջողությունները միշտ տեսանելի են լինելու մեր ժողովրդին»,- ասաց Սերժ Սարգսյանը`շնորհավորելով բոլորին. «Զինվորներին ու սպաներին, մեր գեներալներին ու զորահրամանատարներին, մեր քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերաններին մեր բանակի կայացման գործում շատ մեծ ավանդ ունեցող և մինչև օրս քեֆ-ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող ու անհրաժեշտ պահի կամավորության սկզբունքով մեր բանակի շարքերը համալրող մեր ժողովրդի զավակներին»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` ինչպես կարձագանքի ազատագրված 7 շրջանները հանձնելու իր պատրաստակամության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը: Հարցը երկրորդ անգամ էր հնչում: Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դուք այդքան համառորեն ուզում եք, որպեսզի ես այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ