Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղը Հայաստանում նոր իշխանություն է լինելու…Շարունակելու է նաև նախագահ Քոչարյանի ներքին ու արտաքին արժանապատիվ քաղաքականությունը». Աղվան Վարդանյան

Հունվար 28,2020 18:30

Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանի ելույթը՝ Հայկական բանակի կազմավորման օրվա կապակցությամբ

Հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ Հայկական բանակի ստեղծման օրվա կապակցությամբ։ Խնդրում եմ՝ մեկ րոպե լռությամբ հարգել Հայաստանի և Արցախի պաշտպանության, մեր ազատության համար զոհված բոլոր նահատակների հիշատակը։

Այսօր մեր պարտքն է գնահատել այն մարդկանց, ովքեր դժվար ժամանակի մեջ կազմավորեցին մեր բանակը՝ այն դարձնելով պետականության գլխավոր հենասյունը։ Երկրի ղեկավարներ, վարչապետներ, պաշտպանության նախարարներ, ազատամարտիկներ, հրամանատարներ, զինծառայողներ, մարտական հերթափոխի կանգնած հարյուր հազարավոր զինվորներ։

Մեր պարտքն է առանձնահատուկ շեշտել ապրիլյան քառօրյայի մասնակիցներին, հերոսներին և այն բացառիկ համահայկական համախմբումը, որ տեղի ունեցավ այդ օրերին։

Թվում էր՝ հասարակությունը պառակտված է, կար դժգոհություն, շատերն ասում էին՝ պատերազմի դեպքում ոչ ոք չի գնա կռվելու, բայց պարզվեց հասարակության խորքերում հայ ինքնության ողնաշարը ամուր-ամուր է։ Հակառակորդը երկրորդ անգամ պարտվեց մեր համախմբվածությանն ու շարունակվելու կամքին։

Պարտավոր ենք նաև հիշել, որ այդ միասնականությունից անակնկալի եկած, այլոց թելադրանքով, փորձեցին երկրի ներսում ահաբեկչությամբ մեզ պառակտել, ջլատել, ու ցավոք ինչ-որ չափով հաջողեցին։ Այսօր էլ այդ ուժերը գործում են՝ զգոնություն և միավորվելու ջանք պարտադրելով մեզ։

Այս դահլիճում հավաքված է Հայաստանի երկրորդ նախագահի աջակիցների մի փոքր մասը միայն, և մենք պարտավոր ենք արձանագրել նրա հսկայական ներդրումը Արցախի ազատագրության  տարիներին։ Պարտավոր ենք արձանագրել, որ նրա նախագահության ժամանակը ամենախաղաղն է եղել մեր հայրենիքի համար, եղել է բանակի լիարժեք կազմակերպման և հզորացման   ժամանակ։ Հենց նախագահ Քոչարյանի հրամանագրով է 2001-ին այս օրը հռչակվել Հայոց բանակի տոն։

Ցավոք, այս օրերին մայրաքաղաքի, հանրապետության հազարավոր գովազդային վահանակների վրա դուք չեք տեսնի բանակի օրվան նվիրված պատկերներ, չկա այս օրը կարևորող մթնոլորտ, ինչը միշտ եղել է նախկինում։ Աշխատելու անկարողություն է, թե՞ միտումնավոր, բայց սա ևս մի պատճառ է, որ մենք՝ պետականության արժեքը կրողներս, գիտակցողներս, հատուկ վերաբերմունք դրսևորենք Հայոց բանակի հանդեպ։

Մենք գիտենք, որ այս մթնոլորտն ու սրա դերակատարները անցողիկ են։ Մնայունը բանակն է ու պետականությունը։ Մնայուն է այն անձանց գործը, ովքեր բանակ ու անկախ պետականություն են ստեղծել։

Եվ մեր ուղերձն է հակառակորդին, եթե երրորդ անգամ փորձեն պատերազմով գալ, երրորդ անգամ են պարտվելու։

Հարգելի բարեկամներ,

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։ Բացարձակ անհիմն մեղադրանքով։ Ոչ պետական մարդու անհիմն վախերի, անլիարժեքության, նաև աշխարհաքաղաքական ինչ-ինչ գործոններով պայմանավորված։ Եվ սա ուղղակի հակասում է մեր ազգային-պետական շահերին։ Սա մեր պետության, յուրաքանչյուր գիտակից քաղաքացու համար ամոթալի էջ է դառնալու։ Անհեթեթ մեղադրանք է առաջադրված հանրապետության երրորդ նախագահին, տասնյակ զորահրամանատարների հանդեպ ճնշումներ են  գործադրվում։

Փոքր մարդկանց հավակնությունների, իշխանությունը ցանկացած գնով պահելու մոլուցքի վկաներն ենք ամենքս։ Սուտը, կեղծիքը, հասարակության ու հայկականության պառակտումը, երեսպաշտությունը, անպարկեշտ մեծամտությունն է այս իշխանության դեմքն ու բնույթը։

Մենք սրա հետ չենք համակերպվելու։ Թույլ չենք տալու արժեզրկել պետականությունը։ Այս երկրի, հայ մարդու դեմքը, բնույթը ազնվականությունն է, անձնազոհությունն ու պարկեշտությունը, աշխարհում իր ինքնուրույն տեղը ունենալու ձգտումը ու կարողությունը։

Եվ վստահ եղեք՝մեր տեսակը տասնյակ ու տասնյակ անգամ ավելի շատ է, քան նրանցը։ Երկրում ամեն օր մթնոլորտը փոխվում է։ Այս իշխանության գահավիժումը այլևս իրողություն է։ Կեղծ իրականություն են ստեղծել ու ապրում են դրա մեջ։ Մարդիկ են խոսում ժողովրդի անունից, որոնք անսահման հեռու են ժողովրդի բուն էությունից։ Նրանք արդեն իսկ անցյալում են, նախկին են, արդեն իսկ ծաղրի են արժանանում, անհարմար վիճակում են հայտնվել մարդիկ, ովքեր միամտաբար հավատացել են սրանց։ Այսպես է՝՝ պատահաբար եկածները պատահաբար էլ գնալու են։ Խնդիրը այս խառնակ ժամանակից նվազ կորուստներով դուրս գալն է։

Այս ամենն ասելով հանդերձ՝ ես հեռու եմ այն մտքից, թե իշխանության մեջ չկան մտածող, այս իրավիճակի անհեռանկարայնությունը գիտակցող անհատներ։ Կան և նրանք էլ են ելքեր փնտրում։

Նախագահ Քոչարյանի «Կոնսենսուս-1» բանաձևն այսօր իրողություն է։ Ժամանակավոր իշխող ուժը միայնակ է։ Քիչ թե շատ դերակատար, խորհրդարանական, թե արտախորհրդարանական որևէ ուժ, որևէ հավաքականություն չի պաշտպանում սրանց։ Մի փոքր շերտ կա միայն դեռ ոգևորված, և իրենք են՝ իրենց համար իսկ անակնկալ իշխանություն ստացածներն ու համակարգային կոռուպցիայի դրսևորում պարգևավճարներ վայելողները։ Նաև ինչ-ինչ մարգինալ խմբեր, որոնք առնչություն չունեն մեր ժողովրդի ու երկրի հետ։ Իսկ սրանց հրապարակային, մի քանի լրատվամիջոցներով պտտվող-պաշտպանողների անունները, վաղը այս իշխանության ամոթի խարան են դառնալու։ Ասելու են՝ ամոթ, Ձեզ էս ու էս էին պաշտպանում։

Այո, «Կոնսենսուս-1»-ը իրողություն է, բայց այն դեռ պետք է մարմին ու բովանդակություն ստանա, միասնական օրակարգ  ունեցող համախմբում դառնա և առաջադրի Հայաստանի քաղաքական կյանքի նոր կանոնները։

Այսօր առնվազն 6-7 քաղաքական, հանրային կենտրոններ կան,  որոնք թեև գործում են առանձին-առանձին, բայց ձգտում են միավորման գլխավոր օրակարգերի շուրջ։

Անվտանգություն, իրավական-ժողովրդավարական պետություն, սահմանադրականության, արցախյան հիմնահարցի արժանապատիվ կարգավորում, համերաշխություն, հանդուրժողականություն.  սա է միավորման առանցքը, սա է մեր պատկերացրած հզորացող, արդար պետականության հիմքը։

Հենց այս գաղափարն է համախմբել այս դահլիճում հավաքվածներին, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին։

Մեր պարտքն է թույլ չտալ, որ վարկաբեկեն նրա գործն ու անունը։

Հարգելի աջակիցներ,

Վստահ եղեք՝ թեև բանտախցում, Ռոբերտ Քոչարյանը խաղաղ է, ինչպես միշտ՝ կամային ու վճռական։ Նա արժանապատվորեն է ծառայել իր ժողովրդին ու երկրին։ Այսօր էլ նույն հանձնառությամբ պայքարի օրինակ է հազարավորների համար։

Մնում է մենք անենք մեր անելիքը։ Ավելի կազմակերպված, ավելի  համախմբված, առանց չարության, առանց ատելության։ Ատելությունը թույլերի զենքն է։ Տեսնում եք՝ այս իշխանությունը պատրաստ է ցանկացած հակաիրավական քայլի։ Մեր երկու տղաների բռի կալանավորումը, Արմեն Թավադյանին սադրանքով մեկուսացնելը, դեռ սպասվելիք անսեռ դիաննաների հնարավոր նոր դեպքերը մեկ նպատակ ունեն՝ տեսարաններ սարքել, մթնոլորտ պղտորել, փորձել կասկածներ սերմանել մեր մեջ, թուլացնել մեր կազմակերպվածությունը։

Ուզում եմ պարզ ասել՝ անբնական կլիներ, եթե մեր մեջ նաև պատահական մարդիկ, տարբեր կառույցների թելադրանքով ներդրվածներ չլինեին։ Հանգիստ ու խաղաղ վերաբերվեք։ Մենք օրինապահ քաղաքացիներ ենք։ Այս ամենն անցնելու է։ Ինչպես անցնելու է պատահական մարդու, պատահական մարդկանց իշխանությունը։

Նախագահ Քոչարյանի աջակցության հանձնախումբը կարելին ու անկարելին անելու է, որ մեր նպատակները իրականություն դառնան։ Անելու է Ձեր հետ, Ձեր միջոցով՝ համագործակցելով «Կոնսենսուս-1» ձևավորվող կենտրոնների ու խմբերի հետ։

Մեկ մարդու իշխանությունն արդեն իսկ խարխլված է։ Այն արդեն անվտանգության սպառնալիք է դառնում։ Այն  դատապարտված է։

Վաղը Հայաստանում նոր իշխանություն է լինելու։ Ազգային-պետական շահերով առաջնորդվող, պրոֆեսիոնալ, ոչ թե պառակտող, այլ՝ համախմբող, ծրագիր ու ռազմավարություն ունեցող արդյունավետ կառավարությամբ։

Եվ այդ կառավարությունը շարունակելու է բոլոր նախորդների արած դրականն ու գնահատելին։ Շարունակելու է նաև նախագահ Քոչարյանի ներքին ու արտաքին արժանապատիվ քաղաքականությունը։

Մենք այստեղ ենք, կողք-կողքի, որ հնարավորինս մոտեցնենք այդ օրը։

Վստահ ու ամուր եղեք։ Ուժեղ մարդու կողքը կանգնելը պատիվ է։

 

Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031