Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ. Շարունակում է մտահոգիչ մնալ զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով մահացությունների մեծ թիվը

Հունվար 28,2020 18:06

Այսօր տոնում ենք ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-ամյակը։

28 տարի առաջ հայոց բանակը հիմնադրվեց որպես ինքնիշխան պետության, նրա քաղաքացիների անվտանգության ու պաշտպանության, տարածքային ամբողջականության ապահովման երաշխավոր:

Մենք էլ ենք միանում շնորհավորանքներին և զինծառայողներին մաղթում անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ ծառայություն։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զինված ուժերում մարդու իրավունքները մշտադիտարկում է 2008 թ.-ից, և այս տարիներին արձանագրել ենք մի շարք խնդիրներ. դրանց մի մասը լուծում է ստացել, բայց մի զգալի ու կարևոր մասը շարունակում է մնալ խնդրահարույց։

Փորձել ենք ամփոփել բոլոր տարիների, հատկապես՝ զորակոչի կազմակերպման վերաբերյալ, մեր արձանագրած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ մեր կողմից ներկայացված առաջարկությունները և հասկանալ, թե որ առաջարկներն են, որ տարիներ շարունակ ներկայացվել են մեր զեկույցներում, բայց այդպես էլ լուծում չեն ստացել և որոնք են արդեն ոչ արդիական։

Ի սկզբանե արձանագրել ենք զորակոչի և զինծառայության նկատմամբ քաղաքացիական, հասարակական վերահսկողության մեխանիզմների բացակայություն, զորակոչի գործընթացում բժշկական հետազոտությունների անցկացման, երկքաղաքացիություն ունեցող անձանց զորակոչելուն առնչվող խնդիրներ․ խտրականություն՝ տարկետում տրամադրելու գործընթացում։

Ուշագրավ է, որ դեռևս 12 տարի առաջ արձանագրված որոշ խնդիրներ այսօր էլ արդիական են։

Եթե համեմատենք տարբեր տարիներին ներկայացրած առաջարկների ցանկերը, կարող ենք արձանագրել, որ դրանց մեծ մասը ներկայացվում է արդեն մի քանի տարի, սակայն առայժմ ընդունված չեն:

Ստորև ներկայացնում ենք այն առաջարկները, որոնք ներկայացվել են նախորդ տարիներին՝ սկսած 2008-ից, և մասամբ կամ լիովին իրականացվում են (որոշ առաջարկներ էլ, տարբեր հանգամանքներով պայմանավորված, կորցրել են արդիականությունը)․

 

զորակոչի գործընթացում քաղաքացիների իրավունքների և պարտականությունների իրազեկման մասով կարող ենք արձանագրել, որ իրազեկումն իրականացվում է միայն պարտականությունների մասով

օրենսդրորեն հստակեցվել է բժշկական փաստաթղթերի եւ պիտանիության մասին եզրակացությունների օրինակները զորակոչիկին տրամադրելու պարտադիր պայմանը և պրակտիկայում հիմնականում իրականացվում է

«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը այլընտրանքային ծառայության վերաբերյալ մարդու իրավունքների չափանիշներին համապատասխանեցնելու մասով շարունակում է խնդրահարույց մնալ դրա՝ սովորական զինծառայությունից երկար տևելու և զինծառայության ընթացքում այլընտրանքայինի փոխելու հնարավորության բացակայության մասով

ոչ շարային եւ սահմանափակումներով ծառայությանը պիտանի ճանաչված զինծառայողների՝ շարային ծառայությանը ներգրավումը բացառող, կանխարգելող անկախ վերահսկողական մեխանիզմը հիմնականում գործում է՝ որոշ բացառություններով

առողջական խնդիրների հիմքով զինվորական ծառայությանը զորակոչիկների պիտանիության կարգը օրենքով սահմանելու վերաբերյալ տարիներ շարունակ մեր կողմից ներկայացվող առաջարկի վերաբերյալ կարող ենք արձանագրել, որ պաշտպանության նախարարի հրամանի փոխարեն այն արդեն սահմանվում է Կառավարության որոշմամբ

զորակոչիկների եւ զինծառայողների պարտադիր համալիր բժշկական զննությունը` անկախ գանգատների առկայությունից իրականացնելու մասով կարող ենք արձանագրել, որ սահմանված է հստակ ցանկ և չնայած բացառություններ լինում են, բայց հիմնականում առաջնորդվում են ցանկով

2015 թ․ ձմեռային և 2016 թ․ ամառային զորակոչերի ընթացքում արձանագրված խնդիրների հիման վրա առաջարկել էինք վերացնել բժշկական հաստատությունների կողմից զորակոչիկներից՝ զորակոչիկ լինելու մասին տեղեկանք պահանջելը։ Այսօր արդեն կան հաստատություններ, որոնք նման տեղեկանքներ չեն պահանջում:

Չնայած բարեփոխումներ տեղի են ունեցել, բայց մի շարք կարևոր առաջարկներ, սկսած 2008-ից, դեռևս արդիական են մնում։ Դրանք ներկայացրել ենք «2018 թ. ձմեռային եւ 2019 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին» մեր զեկույցում․

 

Իրավական բնույթի խնդիրների վերաբերյալ

 

1․ Ապահովել հեռավոր բնակավայրերից ուղեգրված զորակոչիկների որակյալ հետազոտությունը հնարավորինս սեղմ ժամկետներում՝ նույն օրվա ընթացքում, եթե լրացուցիչ միջոցառումներ չեն պահանջվում՝ կախված հիվանդության բնույթից:

2․ Զորակոչիկներին եւ նրանց ուղեկցող անձին ապահովել բավարար ֆինանսական միջոցներով՝ բուժհաստատություն ուղեգրվելու դեպքում տրանսպորտային եւ անհրաժեշտության դեպքում մայրաքաղաքում գիշերակացի համար բոլոր ծախսերը կատարելու նպատակով:

3․ ՀՀ Կառավարության 404-Ն որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները.

 

հիվանդությունները համապատասխանեցնել Հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայմանը (ՀՄԴ-10, ICD-10), որը հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 2005 թվականին,

հիվանդությունների ցանկում հստակորեն սահմանել յուրաքանչյուր հիվանդության համար տրամադրվող տարկետման ժամկետները,

հստակեցնել «ժամանակ» արտահայտող եզրույթները,

սահմանել բուժումից հրաժարվելու դեպքում փորձաքննության կարգը: Այդ հիվանդությունների դեպքում սահմանված չէ բուժումից հրաժարվելու դեպքում փորձաքննության հետագա կարգը,

բացառել նեգատիվ, վիրավորական, կարեկցական (օրինակ՝ տառապող) եւ այլ եզրույթները,

հստակեցնել հիվանդության ծանրության աստիճանների գնահատման չափորոշիչները,

հստակորեն սահմանել հիվանդությունների ֆունկցիաների աստիճանները սահմանող մեթոդները եւ չափորոշիչները,

հստակեցնել առողջական խնդիրների առկայությունը կամ չափը հաստատող ախտորոշիչ մեթոդները,

բացառել անորոշությունները եւ մասնագետների եւ բուժհաստատությունների կողմից սուբյեկտիվ մոտեցման հնարավորությունները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ զինվորական ծառայությանը զորակոչիկների պիտանիության որոշման օբյեկտիվության վրա:

 

4․ Բուժման նպատակով տարկետում տրամադրելուց հետո ապահովել զորակոչիկի բուժումը՝ սահմանելով հստակ ընթացակարգ:

5․ Սահմանել զինվորական ծառայության զորակոչելու գնահատման մեխանիզմը և իրավական հիմքերը՝ հաշվի առնելով միաժամանակ երկու եւ ավելի հիվանդությունների առկայությունը եւ դրանց ազդեցությունը անձի առողջական վիճակի վրա ծանրաբեռնվածության պայմաններում: Նույն մոտեցումը որդեգրել զինծառայողների դեպքում՝ հիմք համարելով զինվորական ծառայության ընթացքում հինգերորդ հիվանդության ձեռքբերումը զինծառայողի պիտանիության վերանայման համար:

6․ ՀՀ-ում գործող միջազգային բուհերում գնահատումը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը՝ ՀՀ-ում հաստատելով գնահատման միասնական համակարգ։

 

Իրավակիրառ պրակտիկային առնչվող խնդիրների վերաբերյալ

 

ապահովել զինապարտ քաղաքացիներին պատշաճ՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցելու պրակտիկան: Ծանուցելիս տրամադրել նաև զինվորական հաշվառման և զինվորական ծառայության ընթացքում զինապարտի իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվություն:

վերահսկողություն սահմանել փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների գործունեության նկատմամբ՝ բժշկական հետազոտությունների արդյունքներն արտացոլող բոլոր փաստաթղթերը ամբողջական ուսումնասիրելու եւ վերջնական որոշումներում ներառելու նպատակով։

ապահովել զորակոչիկների բժշկական զննության ընթացքում նրանց առողջական վիճակի գաղտնիության սկզբունքը:

հայտարարված զորակոչի ընթացքում բացառել այնպիսի օրենսդրական փոփոխությունների կատարումը և կիրառումը, որի արդյունքում հնարավոր է զինծառայությանը պիտանիության աստիճանի վերանայում:

 

Նախազորակոչային տարիքի անձանց եւ զորակոչիկների առողջական վիճակի ոչ պատշաճ զննությանն առնչվող խնդիրների վերաբերյալ

 

հիվանդության հաստատման կամ ժխտման համար ապահովել ՀՀ Կառավարության 404 որոշմամբ ցուցված լրացուցիչ հետազոտության միջոցների իրականացումը՝ ներառյալ թանկարժեք տեսակի եւ զորակոչիկների բուժզննության վերաբերյալ ախտորոշումը համապատասխանեցնել առողջության իրական վիճակին:

ապահովել զորակոչիկների պարտադիր համալիր բժշկական զննությունը` անկախ գանգատների առկայությունից:

իրականացնել մի քանի առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկի բժշկական զննությունը բոլոր խնդիրներով եւ առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն ներկայացնել առողջական բոլոր խնդիրների վերաբերյալ՝ անկախ մեկ խնդրով պիտանիության վերաբերյալ որոշումից:

ապահովել ըստ հիվանդությունների՝ մինչ զորակոչը վիրահատական ցուցումների առկայության եւ դրանից չհրաժարվելու դեպքում զորակոչիկների վիրահատության իրականացումը:

սեզոնային եւ եղանակով պայմանավորված հիվանդությունների դեպքում հիվանդության բնույթը հաշվի առնելով՝ հետազոտությունները իրականացնել ըստ տարվա ժամանակի:

 

Տեղեկություններ ստանալու իրավունքին առնչվող խնդիրների վերաբերյալ

բացառել զորակոչիկի առողջական վիճակի զննության վերաբերյալ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի, ինչպես նաև ԿԲՀ որոշումների օրինակների տրամադրման մերժման դեպքերը զինկոմիսարիատներում եւ առողջական վիճակի զննության վերաբերյալ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի պատճենների տրամադրման մերժման դեպքերը բուժհաստատություններում։

 

Արժանապատվությունը նվաստացնող կամ վատ վերաբերմունքին առնչվող խնդիրներ

բացառել զորակոչի ընթացքում բժշկական հետազոտություն անցնելու համար երկար ժամանակով սպասեցնելու արատավոր պրակտիկան եւ սահմանել օրվա ընթացքում առողջական վիճակի հետազոտություն իրականացնելու զորակոչիկների առավելագույն թվաքանակը եւ ժամանակացույցը:

Շարունակում է մտահոգիչ մնալ նաև զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով մահացությունների մեծ թիվը՝ չնայած նրան, որ նախորդ տարիների համեմատությամբ զինված ուժերում մահացությունների ընդհանուր թիվը նվազման միտում ունի։

2019 թ․-ին արձանագրված 49 դեպքերից միայն 4-ն են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 10 դեպք որակվել է որպես ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել։ Համանման պատկեր էր նաև 2018-ին․ 63 դեպքից 7-ն էին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031