Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենակ Ուրֆանյանի ծննդյան տորթը հերոսի մոր հետ կիսեց Աննա Հակոբյանը. Արմեն Մուրադյանը մարտահրավեր նետեց Հենրիխ Մխիթարյանին. (Ֆոտոշարք)

Հունվար 28,2020 18:20

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում Հայոց բանակի հիմնադրման 28-ամյակի առթիվ եւ քառօրյա պատերազմի հերոս, հրամանատար Արմենակ Ուրֆանյանի ծննդյան 30-ամյակի կապակցությամբ այսօր բացվեց նրա անունը կրող լսարան:

Բացման արարողությանը մասնակցում էր վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, բանակում վիրավորված, զոհված, զինվորների ծնողներ, անվանի բժիշկներ:

Լսարանն օրհնվեց եկեղեցական կարգով: Աննա Հակոբյանը գրկում էր զոհված հերոսների մայրերին, նրանց շնորհավորում տոնի առթիվ ու սփոփանքի խոսքեր ասում:

Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը կենտրոն էր եկել Ուրֆանյանի ծննդյան տորթով, որի վրա գրված էր՝ «Պարոն կապիտան Արմենակ, քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում»:

Ծննդյան տորթը տիկին Համեստի հետ կտրեց Աննա Հակոբյանը, այդպես ցանկացավ Ուրֆանյանի մայրը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ասաց, որ խոնարհվում է ծնողների առջեւ՝ որպես որդի, որպես եղբայր. «Արժանապատվություն ունեցող ժողովուրդները կարողանում են իրենց պաշտպանել՝ իրենց զավակներին, իրենց քույրերին, կանանց, իրենց աշխատանքի եւ կյանքի իրավունքը: Սա է տվել մեզ մեր պետականությունը, որի սյունն է մեր բանակը: Այսօր աջակցելով մեր տղաներին, որոնք ֆիզիկապես խնդիրներ ունեն, բայց ոչ երբեք հոգու հաշմանդամություն՝ մենք եւս միանում ենք մեր փառահեղ բանակի հաղթանակներին»:

Այսօր նաեւ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գործունեության 2 տարին է լրանում: Արմեն Մուրադյանը փաստեց. «Կենտրոնում արդեն հազարից ավելի զինվորներ են անցել: Մեկ տարի առաջ, երբ այստեղ էր ՀՀ վարչապետը եւ մենք նշում էինք Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը, մենք թույլտվություն խնդրեցինք, որ Ռոբերտ Աբաջյանի անունով սրահ անվանակոչենք: Ընտանիքը եկավ, սրահը տեսավ եւ համաձայնություն տվեց: Այդ պահից մի նոր մարտահրավեր՝ մենք խնդրեցինք Արմենակ Ուրֆանյանի մայրիկին, որ նոր սրահը, որտեղ ապաքինվելու են, հավատով լցվելու են իր զինակիցները, կոչել Արմենակ Ուրֆանյանի անունով»:

Արմեն Մուրադյանը հուշանվեր տվեց Ուրֆանյանի մորը՝ վզնոց:

Կենտրոնում գորգագործության նոր նախագիծ են սկսում, որը, ըստ Արմեն Մուրադյանի, կմիավորի հասարակության տարբեր շերտեր՝ ամենահայտնի հայերից, մինչեւ պարզ, հասարակ, աշխատավոր մարդիկ: Գորգագործությանը մասնակցելը վճարովի է, ամեն հանգույց գցել՝ սիմվոլիկ 1000 դրամից սկսած:

Ուրֆանյանի մայրը, զինվորներ իրենց հանգույցն ունեցան այօրվա գորգում, Արմեն Մուրադյանն ասաց, որ մարտահրավեր է նետում Հենրիխ Մխիթարյանին, սա նշանակում է, որ նա գորգում պիտի ունենա իր հանգույցը:

Հայրենիքի պաշտպանի կենտրոնում հաջորդ սրահը լինելու է քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի անունով:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031