Քիչ առաջ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն ժամանեց շտապօգնության մեքենա: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն տեղեկացրել են՝ շտապօգնությունը «Ադեկվադ»-ի հիմնադիր Արթուր Դանիելյանի պահանջով է ու մանրամասնեց. «Ձեռքի հետ կապված խնդիր է եղել, ենթադրում եմ, որ գուցե ձերբակալության ժամանակ ձեռնաշղթաների կիրառմամբ է դա պայմանավորված: Հնարավոր է՝ առանց որևէ հիմքի մարդուն ձերբակալեն, կոշտ ձևով անձին, ինչպես հիմա ընդունված է ասել, ասֆալտին փռեն, որի հետևանքով վանսվածք ստանա, հետո ասեն, որ կներեք՝ Ձեզ մոտ զենք չենք հայտնաբերել»:
Իրավապաշտպանը սա անընդունելի վիճակ համարեց ու նկատեց. «Սա համակարգային բնույթ է ստանում. իրավապաշտպանները և իրավաբանները պետք է սրա մասին մտածեն: Մենք այս փուլն անցել ենք, հիմա նորից վերադառնում ենք»:
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր, «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց իր՝ բերման ենթարկվելու վերաբերյալ. «Ես դուրս էի եկել ժամը 14.20-ի կողմերը «Բլոգնյուզի» խմբագրությունից. գնում էի Նարեկ Մալյանին աջակցելու: Իմ առաջ մեքենա քաշեցին, ասֆալտին փռեցին՝ հիմնավորում չբերելով ասացին, որ բոլոր հարցերին կպատասխանեն տեղում: Այստեղ ինձ ասացին, որ ապօրինի զենք զինամթերք պահելու հիմնավորումով են բերման ենթարկել»:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ իր մոտ որևէ տեսակի զենք չեն գտել, ինքը որևէ զենք չունի ու այս առիթով ասաց. «Թերևս միայն հիբրիդային զենք ունեմ, որն օգտագործվում է սոցիալական ցանցերում և համացանցում»:
Հարցին՝ իր նկատմամբ գործողությունները թավշյա՞ են եղել, թե՞ ուժ են կիրառել, Կոնստանտին Տեր-Նակալյանը պատասխանեց. «Ասֆալտին փռեցին, ձեռնաշղթաներ անցկացրին, բայց որ ասեմ՝ բիրտ ձևով ծեծում, սպառնում էին, նման բան չկա: Բուժօգնությունից հրաժարվել եմ»:
«Բլոգնյուզ» կայքի խմբագիրն ասաց, որ իրեն զանգի հնարավորություն տրվել է միայն խուզարկությունից հետո, այն էլ արդեն դուրս եկավ: Նաև հայտնեց, որ այս պահին շարունակում են ոստիկանությունում մնալ «Ադեկվադ»-ի անդամներ Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Ադեկվադ»-ի ֆեյսբուքյան էջից