Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա մեր հայրենիքն այսօր սահմանին կանգնած զինվորի թիկունքն է, և մենք բոլորս պետք է ամեն օր մեզ հարց տանք՝ իսկ ինչո՞վ ենք մենք զբաղված զինվորի թիկունք հանդիսացող այդ հայրենիքում. Նիկոլ Փաշինյան

Հունվար 28,2020 17:23

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում, մասնավորապես, նշել է.

«Վեհափառ Տեր, Կաթողիկոս Ամենայն Հայոց
Պաշտպանության մեծարգո նախարար
Կառավարության հարգելի անդամներ
Պետական այրեր
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա հարգելի դիվանագետներ
Պարոնայք սպաներ
Զինծառայողներ
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ

Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առիթով։

Մեր տոնացույցում այս օրն ունի առանձնահատուկ նշանակություն, որովհետև այն խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու իրավունքը։ Մենք՝ որպես 21-րդ դարի առաջին ցեղասպանությունից մազապուրծ ժողովուրդ, պետք է հստակ արձանագրենք, որ մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքը մենք վաստակել ենք Հայոց բանակի շնորհիվ, Հայոց ազատամարտի շնորհիվ։

Ի՞նչ է մեր ունեցած հայրենիքն այսօր։ Մեր ունեցած հայրենիքն այն տարածքն է, որ գտնվում է սահմանին գտնված մեր զինվորի թիկունքում։ Այսօր ունեցած մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շաղախված է մեր ազատամարտիկ զինվոր նահատակների արյունով։ Վերջին հարյուր տարում սա է հոգեբանական այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել մեր ժողովրդի գիտակցության մեջ։ Մեր հայրենիքի ամբողջ տարածքը 20-րդ դարի մեկնարկին շաղախվեց Ցեղասպանության անմեղ, անզեն զոհերի արյունով։ 20-րդ դարի վերջին արդեն հայ ժողովուրդը որոշեց, որ ինքն այլևս Ցեղասպանության զոհ չի լինելու, և եթե մենք զոհվելու ենք, ապա միայն ու միայն մեր զենքը մեր ձեռքերում, միայն ու միայն ապրելու, լինելու մեր սերունդների իրավունքը պաշտպանելիս։

Այսօրվա մեր հայրենիքն այսօր սահմանին կանգնած զինվորի թիկունքն է, և մենք բոլորս պետք է ամեն օր մեզ հարց տանք՝ իսկ ինչո՞վ ենք մենք զբաղված զինվորի թիկունք հանդիսացող այդ հայրենիքում։ Ինչո՞վ ենք զբաղված՝ կանգնած այն հողի վրա, որում ամփոփվում են մեր հազարավոր նահատակների մարմինները։ Եվ այսօր այն հարցն է, որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ և մեր կառավարության անդամները, պետական բոլոր այրերը պետք է իրենց տան ամեն օր աշխատանքի գնալիս։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք բազմաթիվ քայլեր ենք արել՝ Զինված ուժերի մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու և զինծառայողների ծառայության պայմանները, սոցիալական խնդիրները լուծելու համար։

Ես չեմ ուզում կրկնել այն, ինչ ասել եմ այս տարվա ամանորյա ուղերձում՝ կապված նոր սպառազինությունների ձեռքբերման հետ, բայց ուզում եմ ընդգծել, որ, այո՜, Հայաստանի Հանրապետությունը և Հայոց բանակը փակել են 80-ականների զենքերի էջը։ Եվ Հայաստանի կառավարությունը և ժողովուրդն այսօր ի վիճակի է և ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է լինելու այս հարցում, որ անհրաժեշտ միջոցները տրամադրի՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Եվ ես էլի ուզում եմ ընդգծել, որ յուրաքանչյուր տնտեսվարող, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն հաշվի տա, որ որևէ չարձանագրված, չգրանցված ապրանք առաքելիս, առանց հսկիչ դրամարկղային կտրոնի որևէ գործարք անելիս ուղիղ, թե անուղղակի, ուզենալով, թե չուզենալով, գողանում է մեր բանակից և գողանում է մեր զինվորից։

Ես ուրախ եմ, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը և քաղաքացիներն ի վիճակի են եղել պետական եկամուտներն ավելացնել ավելի քան 1 միլիարդ դոլարին համարժեք դրամով։ Եվ այդ գումարների մի հսկայական մասը ծախսվել է և ծախսվում է զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար՝ սկսած դիրքերում ծառայության պայմաններից ավարտած զորամասերում սննդի մատակարարման նոր համակարգով։ Մենք նոր պայմաններ ենք ստեղծել զինծառայողների համար, որպեսզի նրանք էժան հիպոթեկային վարկերով կարողանան բնակարաններ ձեռք բերել։ Ավելի քան 8 միլիարդ դրամ ենք հատկացրել զինթոշակառուների բնակարանային կարիքները բավարարելու համար։ Խոսքն այն զինծառայողների մասին է, ում նկատմամբ պետության ունեցած պարտավորությունն արձանագրված է դե յուրե։ Այսօր ժամկետային զինծառայողների ծնողներն օգտվում են պետպատվերով առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից։ Եվ այս քաղաքականությունը՝ Զինված ուժերի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը, լինելու է մեր քաղաքականության անբաժանելի մասը։

Ուրախությամբ եմ ընդգծում, որ 2019 թվականի հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների աշխատավարձերը բարձրացել են շոշափելիորեն։ Ուրախությամբ եմ ընդգծում, որ Հայոց բանակը 21-րդ դարում, այսօր, 2020 թվականին ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է իր ուժերի վրա, և հայ ժողովուրդն ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է Հայոց բանակի ուժերի վրա։ Եվ ես ուզում եմ շատ կարևոր մի ընդգծում անել՝ որևէ կասկած չկա, որ հայրենիքը հպարտ է իր զինվորով, իր բանակով, բայց ես ուզում եմ սրան ավելացնել, որ ամեն զինվոր, ամեն սպա ամեն օր ավելի ու ավելի պիտի հպարտ լինի իր հայրենիքով, պիտի հպարտ լինի այն զարգացումներով, որ տեղի են ունենում իր հայրենիքում, որովհետև Հայոց բանակը մեզ համար այս հայրենիքը նվաճել է ոչ թե նրա համար, որ մենք այն կորստյան մատնենք, այլ նրա համար, որ մենք ապահով, զարգացած, ուժեղ, ինքնավստահ հայրենիք ժառանգենք մեր սերունդներին։

Հարգելի ներկաներ,

ձեր թույլտվությամբ ուզում եմ իմ ելույթն ավարտել մի բանաստեղծությամբ, որ գրել եմ 2016 թվականի մայիսի 19-ին՝ Հայոց բանակի կամավորականի կարգավիճակում գտնվելիս։ Բանաստեղծությունը կոչվում է «Հայոց զորքը հարթավայրում»։

***
Հայոց զորքը հարթավայրում

Տիգրանի քաղաքի լանջերից
Հորիզոնն է ծփում անսահման,
Դարեր անց մենք այստեղ ենք նորից,
Մենք կանգնած ենք հեռվին հանդիման։

Մեր սարերը, մեր բախտը, մեր լացը,
Մենք ճեղքել ենք, հաղթել ենք նրանց,
Հորիզոնն այստեղ, մեր դիմաց է,
Թիկունքում՝ մեր արտերը կանաչ։

Մեր հայացքը այլևս ազատ է,
Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,
Հեռուները մոտիկ, հարազատ են,
Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։

Այս հողի մեջ հոգուս զարկերակն է,
Այս հողով իմ արյունն է հոսում,
Ես պատռել եմ զոհի հին կտակը,
Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում.

Մեր հայացքը այլևս ազատ է,
Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,
Հեռուները մոտիկ, հարազատ են,
Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։

Եվ ուրեմն՝

կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը,
կեցցե՜ Արցախի Հանրապետությունը,
կեցցե՜ հաղթանակած և փառապանծ Հայոց բանակը։

Շնորհակալ եմ»։

Վարդենիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Երկրորդ համաշխարհային և Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031