Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Հայկական բանակի 28-րդ տարեդարձի օրը, այցելել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Կարեն Աբրահամյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ներկա է գտնվել ծառայողական նոր բնակարանների հանձնման արարողությանը։
32 սպաների բնակարանների բանալիները նրանց է հանձնել Դավիթ Տոնոյանը։
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սահակյանը շրջել են բնակարաններով, ծանոթացել ստեղծված պայմաններին։ Վարչապետը շնորհավորել է բնակարանամուտ տոնած սպաներին և նրանց ընտանիքներին՝ մաղթելով բարեկեցություն և առողջություն։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների և սպայական անձնակազմի սոցիալ-կենցաղային խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանց լուծման նպատակով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ