«Ոչ մի զենք էլ չեն գտել, քանի որ զենք չունեմ»,- քիչ առաջ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունից ազատ արձակվեց ժամեր առաջ բերման ենթարկված ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը:
Ըստ նրա՝ սա իշխանության վերջին ջանքերն են իրավիճակը փորձելու պահել վերահսկողության տակ: Նրա համոզմամբ՝ այս մեթոդիկայով իրենք ոչնչի չեն հասնի:
Նարեկ Մալյանը տեղեկացրեց, որ իր ընկերներին՝ Կոնստանտին Տեր-Նակալյանին, «Ադեկվադ»-ի անդամներ Արթուր Դանիելյանին, Գրիգոր Մինասյանին և Ազատ Ադամյանին բերել են 6-րդ վարչություն ժամը 15.00-ի սահմաններում և մինչև 18.00 պետք է ազատ արձակված լինեն:
Նա պատմեց, որ իրեն ձերբակալել են ՎԵՏՕ կազմակերպության մուտքի դիմացից և կարծիք հայտնեց, որ երկար ժամանակ են մշակել այդ ամենը:
Կարդացեք նաև
Նարեկ Մալյանն ասաց, որ ունի որսորդական հրացան, բայց դժվար դրանով փողոցում ման գար. «Ներսում անձնական խուզարկություն են իրականացրել. ինձ մոտ եղած իրերն են ցուցակով արձանագրել: Քանի որ ոչ մի արգելված բան չեն հայտնաբերվել, բացատրություն տալու և արձանագրություն կազմելու նպատակ չի եղել»:
Այս պահին ազատ արձակվեց նաև blognews.am կայքի խմբագիր, «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոստանտին Տեր-Նակալյանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային