Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ աղմուկ հանած, բեմից չիջնող ներկայացում, որը հուզեց նաև վարչապետ Փաշինյանին

Հունվար 28,2020 15:49

Երեկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հերթական անգամ ներկայացվել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի՝ մեծ աղմուկ հանած «Հարսանիք թիկունքում» ներկայացումը։

Արցախյան քառօրյա պատերազմի մասին պատմող դրաման, որն անհնար է դիտել առանց արտասվելու, երկու տարի է՝ չի իջնում բեմից, սա այն դեպքն է, երբ հանդիսատեսն է թատրոնից պահանջում խաղալ, նույնիսկ նման պահանջ են ներկայացնում հայկական Սփյուռքից։

Ինչպես հայտնի է երեկ՝ Հայոց բանակի տոնին ընդառաջ, այն դիտել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ իր տիկնոջ հետ, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ պիեսի էկրանավորումից առաջ վերջին հյուրախաղերն են մայրաքաղաքում, մի քանի օրում վաճառվել են բոլոր տոմսերը։ Ներկաները շատ են հուզվել, ի դեպ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այն արդեն դիտում է երկրորդ անգամ։

Նա նախորդ տարի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ եկել էր Գյումրու դրամատիկական՝ հենց տեղում դիտելու, ու ինչպես Լիլիթ Մակունցը, այնպես էլ Աննա Հակոբյանը չէին կարողանում զսպել արցունքները։

Լյուդվիգ Հարությունյանի փոխանցմամբ՝ ներկայացումը առաջնախաղից մինչև օրս ցուցադրվել է 68 անգամ, Գյումրիում՝ 27 անգամ, Երևանում՝ 26, Ստեփանակերտում 4 անգամ ՝ ընդհանուր հաշվով ունենալով 31․840 հանդիսատես։

Հիշեցնենք, որ Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա բեմադրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման առաջնախաղը եղել է 2018 թվականի մայիսի 30-ին։ Գյումրու թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել նաև ԱՄՆ-ի Գլենդել և Լիբանանի Բեյրութ քաղաքներում՝ արժանանալով շատ ջերմ ընդունելության։

«Ներկայացման իրականացման համար ընդհանուր թվով ծախսվել է 6․511․400 դրամ, որից 3․500․000 դրամաշնորհային ծրագրով տրամադրել է ՀՀ մշակույթի նախարարությունը։ Ներկայացումից ստացված հասույթը կազմել է շուրջ 70 միլիոն դրամ։

Նկատի ունենալով ներկայացման պահանջվածությունը Հայաստանում, Արցախում և առավել ևս Սփյուռքում՝ ներկայացման ստեղծագործական կազմի կողմից միտք հղացավ իրականացնել անկախությունից ի վեր նախադեպը չունեցող մի նախագիծ․ այն է՝ էկրանավորել ներկայացումը՝ հասանելի դարձնելով մեր հայրենակիցներին։

2020 թվականի հունվարի սկզբին մեկնարկել և ընթացքի մեջ են գտնվում էկրանավորման աշխատանքները, որը հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու այս թվականի ապրիլին՝ Երևանի բոլոր կինոթատրոններում, ապա հանրապետության մարզերում, Արցախում և Սփյուռքում», -ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Այսօր երեկոյան ներկայացումը ցուցադրվելու է Գյումրու թատրոնում, Լյուդվիգ Հարությունյանի ասելով՝ տոմսերը լրիվ վաճառված են, այս անգամ հրավիրատոմսեր ընդհանրապես չեն եղել, բանը հասել է նրան, որ մարդիկ զանգահարում են տոմսարկղ ու խնդրում՝ «գոնե ոտքի վրայի տոմս վաճառեք», որը, բնականաբար, մերժում են։

Դրամայում փեսան՝ Արմենն ու հարսանիքին մասնակցող մյուս երիտասարդները, հեռախոսազանգով պատահաբար լսելով ապրիլյան պատերազմի գույժը, կիսատ են թողնում քեֆ-ուրախությունն ու վազում ռազմաճակատ՝ այն վստահությամբ, որ հետ են գալու կիսատ թողած հարսանիքը շարունակելու։ Փեսան ռազմաճակատից վերադառնում է, նրա ընկերներից ոմանք՝ ոչ։ Ընկերների կորստյան վիշտը սրտում, այդուհանդերձ իր մեջ ուժ է գտնում պարելու ու հարազատներին ստիպելու, որ նրանք էլ պարեն, քանի որ դա իր զոհված ընկերոջ պատգամն է։ Նա թիկունք դարձավ, որպեսզի հարսանիքները շարունակվեն, հայ ազգը բազմանա ու հարատևի։

Պիեսի հեղինակը դրամատուրգ Անահիտ Աղասարյանն է, ռեժիսորը՝ Լյուդվիգ Հարությունյանը, երաժշտության հեղինակը Հայկոն է, որն առաջին անգամն է ներկայացման համար երաժշտություն գրում։ Նկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանն է, իսկ հերոսներին մարմնավորում են Նառա Սանթոյանը, Արկադի Ղարագուլյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Սուսաննա Բաղդասարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Տիգրան Գաբոյանը: Մեծ թվով երիտասարդ դերասաններ են խաղում՝ Տարոն Գրիգորյանը (փեսայի դերակատարն է), Ջեմմա Ադամյանը (հարսի դերակատարն է), Գևորգ Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը․․․

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Իրականում թույլ ներկայացում է լավ երաժշտությամբ: Առաջին 45 րոպեն ձանձրալի է, թույլ պիես է, բայց թեման է հրաշալի…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031