Լրահոս
Օրվա լրահոսը

Լոլիկի, մորմազգիների ցեցը հասել է Լոռու տարածաշրջան, իսկ կառավարությունը դեռ հարթավայրում է պայքարում. Հրաչ Բերբերյան

Հունվար 28,2020 14:47

Արարատի եւ Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի արդյունավետությունը հասցվել է 70%-ի: Այս մասին վստահեցնում են Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները: Նախարարությունը հրապարակել է, 2019 թվականի 12 ամիսների ընթացքում պետական օժանդակությամբ կատարված ծրագրերը, որից մի կետը լոլիկի ցեցի դեմ տարվող պայքարի վերաբերյալ կատարված աշխատանքներն են:

Հիշեցնենք, որ դեռեւս 2012 թվականից սկսած, լոլիկի ցեցը Արարատի, Արմավիրի մարզերի մի քանի տասնյակ համայնքների գյուղատնտեսներին ամեն տարի մեծ վնասներ է հասցնում: Ընդ որում լոլիկի ցեցը վնասում է նաեւ կարտոֆիլը, բիբարը եւ բանջարաբոստանային այլ մշակաբույսեր:

Անցյալ տարվա մարտին կառավարությունը ցեցի դեմ պայքարի նոր ծրագիր մշակեց: «Արարատի եւ Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման» պիլոտային ծրագրով նախատեսվում էր Արարատի մարզի լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Ոսկետափ համայնքում 10 հեկտար տարածքի վրա իրականացնել ցեցի դեմ պայքարի համալիր ծրագիր` այդ թվում պետք է տեղադրվեին ցեցի երեք հատ ֆերոմոնային թակարդներ: Ծրագիրն իրականացնելու համար պետբյուջեից տրամադրվեց 11 միլիոն 102,880 դրամ:

Հրաչ Բերբերյան

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը կառավարության այս պայքարն էլ անարդյունավետ է համարում՝ նշելով, որ նշյալ մարզերի գյուղապետերն արդեն իսկ հայտնել են իրենց դժգոհությունն այդ առիթով: Ըստ նրա, խոսքը մորմազգիների ցեցի մասին է եւ ոչ կոնկրետ լոլիկի ցեցի, քանի որ ցեցի այդ տեսակը այլ կուլտուրաներ եւս վնասում է:

«Արդեն երկրորդ տարին է՝ գյուղոլորտի աշխատակիցները փորձում են Նիկոլ Փաշինյանին համոզել, որ դաշտում լոլիկ չունենալը ցեցի հասցրած վնասի հետեւանքը չէ: Համոզում էին, որ դա շոգի հետեւանք է եւ այլն: Արարատի տարածաշրջանում, երբ որ վարչապետը հանդիպեց գյուղապետերի հետ պարզվեց, որ գյուղոլորտի չինովնիկներն ուղղակի ստում էին Նիկոլ Փաշինյանին: Գյուղապետերն ասացին, որ մորմազգու ցեցի հետեւանքն է, որ այսօր դաշտերում բանջարեղենի պակաս ունեք»-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը: Ըստ նրա, այս ծրագրով էլ ծախսված գումարները չեն կարող արդյունավետ լինել ցեցի դեմ պայքարում, քանի որ ֆերոմոնային թակարդները, որոնք տեղադրվել են այդ համայնքներում, չեն պայքարում մորմազգու ցեցի դեմ եւ միայն մշտադիտարկման համար են. «Եթե այդ նախարարության գյուղոլորտի պայծառ մասնագետները գիտեն թե դա պայքարի միջոց է, ապա կարող ենք իրենց դաս տալ, որ դա պայքարի միջոց չէ, ընդամենը մոնիթորինգի միջոց է»:

Հրաչ Բերբերյանի խոսքով, գյուղատնտեսական տարբեր ծրագրեր այսօր հաջողության չեն հասնում, որովհետեւ, նրա խոսքով՝ «վարչապետի նշանակած շատ կադրեր գյուղատնտեսության համար պիտանի չեն»:

Հրաչ Բերբերյանը ահազանգեց, որ մորմազգիների ցեցն արդեն հասել է Լոռու տարածաշրջան, իսկ կառավարությունը դեռ միայն հարթավայրում է պայքարում. «Հատկապես Ստեփանավանի գոտու վրա է տարածվում: Եթե նրանք մենակ հարթավայրում են պայքարում, թող իմանան, որ բավականին ակտիվացել է Լոռու տարածաշրջանում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031