Լրահոս
Օրվա լրահոսը

Կանոնավոր բանակն անկախության երթը դարձրեց անշրջելի. ՀՅԴ ԳՄ

Հունվար 28,2020 14:22

ՀՀ Զինված ուժերի կազմավորումը հայ ժողովրդի պատմության շրջադարձային էջերից մեկն է, հայոց նորանկախ երկու հանրապետությունների սահմանների անվտանգության ապահովման և հետագա վերելքի առանցքային գրավականը: Անցնելով կազմավորման մի քանի փուլեր՝ Զինված ուժերը կրել են այն նույն դժվարությունները և անցել այն նույն փորձություններով, որոնք ապրել և հաղթահարել է հայ ժողովուրդը՝ վերջին երեսնամյակում:

1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության ստեղծմամբ հայոց բանակաշինությունն ապրեց իր շրջադարձային փուլը, մի շրջան, երբ մի կողմից կամանորական գնդերից ստեղծվում էր կանոնավոր բանակը, մյուս կողմից ընթանում էր հայ-ադրբեջանական արյունալի պատերազմը: Շնորհիվ աննահանջ պայքարի՝ հայ ժողովուրդը պատվով անցավ այդ փուլը ևս՝ 1994 թ. մայիսին ազդարարելով և′ պատմական հաղթանակի, և′ բանակաշինության նոր փուլի մեկնարկի մասին:

Հայաստանի պաշտպանական համակարգի ստեղծումը հայոց պետականության հիմքերը դարձրեց առավել ամուր, անկախության երթը՝ անշրջելի:

Անցնող երեսնամյակում մեզ հաջողվել է ստեղծել տարածաշրջանում հայոց քաղաքակրթական ներկայության առանցքային երաշխիքներից գլխավորը՝ մարտունակ բանակը: Այս հաստատումը ևս մեկ անգամ փաստվեց 2016 թ. Ապրիլյան պատերազմով, երբ հերթական անգամ չեզոքացվեցին Ադրբեջանի դավադիր գործողությունները:

Նոր իրողությունների պայմաններում, երբ հայոց ազգային արժեքների դեմ նկատելի են ակնհայտ ոտնձգություններ, առավելագույն ջանքեր են անհրաժեշտ՝ զինված ուժերը զերծ պահել նման դրսևորումներից: Պետք է կենտրոնացնել բոլոր ուժերը՝ թույլ չտալու, որպեսզի զինված ուժերը համազգային փայփայանքի արգասիքից վերածվեն կասկածելի աղբյուրներից սնվող, ազգություն և հայրենիք մերժող տեսակների գործողությունների թիրախի:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր աշխարհասփյուռ կառույցի, ուղեկից միությունների և կազմակերպությունների ներուժը՝ ինչպես Արցախյան գոյապայքարի, Ապրիլյան քառօրյայի շրջանում կամավորական ջոկատների կազմավորման և մասնակցության, այնպես էլ համեմատաբար խաղաղ պայմաններում բանակաշինությանն օժանդակելուն ուղղված ծրագրերի տեսքով, շարունակելու է ծառայեցնել ի շահ հայրենիքի և հայոց բանակի:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորում է համայն հայությանը՝ Հայոց փառապանծ բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով և մաղթում նորանոր հաղթանակներ:

Շնորհավո′ր ծնունդդ, Հայո′ց բանակ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031