Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում զգուշացրին Հայաստանին. կանայք քիչ են պատվիրակությունում

Հունվար 28,2020 13:22

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի բացման լիագումար նիստի ընթացքում Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի առաջընթացի զեկույցի քննարկման ժամանակ նիդերլանդացի պատվիրակ Թինի Քոքսը հայտարարեց, որ զեկույցում ներկայացված են վիճակագրական տվյալներ 2012-ից սկսած Վեհաժողովում պաշտոնների հետ կապված գենդերային բաժանման վերաբերյալ: Նա խնդրեց պատվիրակներին հատուկ ուշադրություն դարձնել այս բաժանմանը: Պատվիրակը մտահոգություն հայտնեց. «Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարի Վեհաժողովի ամեն երեք անդամներից միայն մեկն է կին: Այս ցուցանիշը մի փոքր ավելի բարձր է, իհարկե, քան ազգային խորհրդարանների ընդհանուր միջին ցուցանիշը, որը կազմում է 29%: Այնուամենայնիվ, դեռևս երկար ճանապարհ ունենք այս հարաբերակցության հավասարակշռման հասնելու համար»:

Վերլուծելով ազգային պատվիրակություններում գենդերային բաժանման հետ կապված իրավիճակը՝ Թինի Քոքսը գովեց Վրաստանին, Լատվիային, Լյուքսեմբուրգին, Սերբիային, Նիդերլանդներին և մի քանի այլ երկրների, քանի որ նրանց ազգային պատվիրակությունների անդամների գոնե կեսը կանայք են: Այնուհետև զգուշացրեց մի քանի երկրների, այդ թվում նաև Հայաստանին. «Հատկապես ուզում եմ զգուշացել Հայաստանին, Խորվաթիային, Չեխիային, Մալթային, Լեհաստանին, Միացյալ Թագավորությանը և նրանց պատվիրակություններին, քանի որ նրանց պատվիրակություններում ամեն 4 անդամներից մեկն է կին, շատ դեպքերում նույնիսկ ավելի ցածր է ցուցանիշը: Հրավիրում եմ այս պատվիրակությունների ուշադրությունը և հորդորում ավելի լավ աշխատել այս ուղղությամբ այս տարի»:

Այնուհետև գոհունակություն հայտնեց, որ այս նստաշրջանի ընթացքում վերջապես «ընտանիքն» ամբողջացել է, քանի որ նիստին մասնակցում է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը: Սակայն ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունվարի 27-ի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում վիճարկվեցին ազգային պատվիրակությունների, այդ թվում Ռուսաստանի, լիազորությունները՝ տարբեր հիմունքներով: Լիտվացի պատվիրակ Էմանուելիս Զինգերիսը վիճարկեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները՝ հիմնավորելով, թե վերջին օրերին Ռուսաստանում կասկածելի մի որոշում է ընդունվել փոխել սահմանադրական հավասարակշռությունը ազգային և միջազգային իրավունքի միջև, ինչպես նաև Վրաստանում տիրող իրավիճակը:

Էմանուելիս Զինգերիսն ասաց, որ այս վարքագիծը չի համապատասխանում ՌԴ ստանձնած պարտավորություններին և հորդորեց գործընկերներին միանալ իր նախաձեռնությանը:

Նշենք, որ ռուսական պատվիրակության լիազորությունների հարցը առարկայական հարցերով Խորհրդարանը կքննի չորեքշաբթի՝ հիմնվելով մոնիթորինգի հանձնաժողովի զեկույցի վրա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031