Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյան. Վստահ եմ՝ զինված ուժերում հանցավորության դեմ պայքարում համատեղ ուժերով հասնելու ենք մեր ցանկալի արդյունքներին

Հունվար 28,2020 11:46

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անձամբ իմ և դատախազության ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում եմ մեր պետականության ամենամեծ նվաճման՝ Հայոց բանակի կազմավորման նվիրական օրվա կապակցությամբ:

Աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայի ազգային հպարտության աղբյուրն է Ազգային բանակը, մեր նոր սերնդի ազգային ինքնագիտակցության և ինքնաճանաչողության վրա ազդող ամենակարևոր արժեքներից մեկը, որը, ցանկացած գիտակից հայի, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հոգում բորբոքում է պետականատիրության պատիվը, ջերմ զգացումն ու պատասխանատվությունը:

Հայոց բանակը մեր ժողովրդի դարերով սպասված արարումն է, որը թրծվել ու ամրացել է հերոսական ազատամարտի բովերում, որը դարձել է մեր նորագույն պատմության ամենանվիրական հաղթանակների կերտողը, որը կայացել է իր հազարավոր նվիրյալ զավակների՝ մեր ժողովրդի երազանքների զոհասեղանին դրված կյանքերի, արյան, բանակաշինության նվիրյալների թափած ջանք ու եռանդի շնորհիվ՝ հայ ժողովրդի անվերապահ սիրո ու գուրգուրանքի պայմաններում:

Ազգային բանակը կայացել է որպես իր պատմական բնօրրանի այս մի հատվածի վրա մեր հավաքական լինելիության հզոր պատվար, տարածաշրջանային խաղաղության ու կայունության առանցքային և հուսալի երաշխավոր, որպես խաղաղություն պարտադրող մարտունակ, կուռ ու կազմակերպված համակարգ՝ Հայաստանի Հանրապետությանը տալով մեր ազգային ու պետական շահերն արտաքին բոլոր հարթակներում արժանապատվորեն պաշտպանելու կարևոր հաղթաթուղթ:

Այսօրվա զինվորը հաստատակամ ու իր առաքելության խորքային գիտակցությամբ է պաշտպանում մեր հայրենիքի սահմանները՝ մեր սպաների ամենօրյա աչալուրջ, հայրական սրտացավության և խստապահանջության պայմաններում՝ իր կենցաղում, մարտական հերթապահության ժամին, թե դրանից դուրս, ամեն նոր օրվա հետ զգալով այն բարեփոխումների ազդեցությունը, որոնց ձեռնամուխ է եղել մեր պետությունը:

Մեր պարտքն է ամեն նոր օրվա հետ մեր զինվորի միջավայրը դարձնել ավելի հարմարավետ, ավելի անվտանգ՝ զերծ հանցածին երևույթներից ու գայթակղություններից: Վստահ եմ՝ զինված ուժերում հանցավորության դեմ պայքարում համատեղ ուժերով հասնելու ենք մեր ցանկալի արդյունքներին:

Կրկին շնորհավորելով Բանակի օրվա առթիվ՝ մաղթում եմ հաջողություններ զինված ուժերի հզորացման, մարտունակության բարձրացման, մեր սպաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման բոլոր ձեռնարկումներում, մաղթում եմ խաղաղ երկինք մեր զինվորների գլխավերևում:

Փա՜ռք մեր հերոսական բանակին, փա՜ռք մեր զինվորին և սպային, հավերժ հիշատակ՝ հանուն մեր հայրենիքի և մեր բանակի ընկած բոլոր հայորդիներին:

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031