Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամուր կանգնե՛ք մեր սուրբ հողին, դուք եք երկրի կուռ դարպասները ու հայ ազգի անվերապահ պաշտպանները. «Երկիր ծիրանի»

Հունվար 28,2020 12:00

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

ԿԱՅԱՑԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆԻՑ ԴԵՊԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ

 Բավական չէ իր Ազգի զինվորը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել։
Գարեգին Նժդեհ

 Խորհրդային Միության փլուզում, Արցախյան հերոսամարտ, սոցիալ-տնտեսական խավար, քաղաքական հեղհեղուկ մթնոլորտ ու գորշ, անորոշ, հայ ազգի համար ծանր շրջափուլում՝ 1992 թվականի հունվարի 28-ին, նշանակալից պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ ազդարարվեց ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ստեղծման մասին։

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ստեղծումը իրականացավ փուլերով. առաջինը՝ ազգային-ազատագրական  շարժման մեկնարկն էր Լեռնային Արցախում։ Այն ժամանակ երկրի անվտանգությունն ապահովում էին նվիրյալ կամավորական ջոկատները։ Ջոկատները չունեին կենտրոնական հրամանատարություն, ամեն մեկը մարտնչում էր այնպես, ինչպես հարկ էր համարում, ամենքը պատրաստ էին մահվան զոհասեղանին դնել գերագույնը՝ կյանքը հանուն պատմական Արցախի ազատագրման։ Այդ  ջոկատներն էլ կազմեցին կանոնավոր բանակի հենքը։ Հաջորդեց  երկրորդ փուլը՝ պատերազմական  արյունալի բովի մեջ ստեղծվեց ազգային բանակը, վերջապես երրորդը՝ բանակաշինությունը։

Արյունալի  մարտերի արդյունքում անձնազոհ հայորդիները ազատագրեցին Արցախը արյունակուլ ազերիներից։ Այս փառահեղ հաղթանակն է մեր նորօրյա պետության բանակի ակունքում, որի մասին  դեռ  հայրենասիրական էջեր կգրվեն, որից օրինակ կվերցնեն սերունդները։

Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում, նրանց ովքեր անտրտունջ պայքարեցին մինչև վերջ՝ կյանքը զոհելով կամ անհետ կորչելով։ Մեր բոլորիս պարտքն է՝ նրանց լուսավոր հիշատակը վառ պահել, մեր խորին խոնարհումը հայ քաջորդիներին։ Այսպես մենք հաղթեցինք ու պայքարին զուգահեռ ԲԱՆԱԿ ստեղծեցինք։

2016 թվականի քառօրյա պատերազմում զոհված մեր առյուծասիրտ և քաջարի զինվորները իրենց անգին կյանքերի շնորհիվ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ դարձրեցին ավելի կարծր և ճկուն, ավելի սթափ և զգայուն:

Այսօր՝ հունվարի 28-ին, լրանում է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 28-ամյակը։ Այսօր էլ մեր երիտասարդ ու արի  բանակայինները անառիկ են պահում մեր սահմանները։ Սակայն մեծագույն ցավ է, երբ մերօրյա բանակում արձանագրվում են մահեր՝ ոչ ոսոխից, այլ  ներքին խժդժություններից և անկարգություններից։ Բավ է, պետք է գիտակցել, որ ամեն զինվորի մահ մատնանշում է մեր ապիկարությունը։

Ցավալի է, երբ վտանգի ու մահվան դեմ կռիվ տվող զինվորը, զինվորականը հանուն հայրենիքի խաղաղության ու անվտանգության վաստակում է «մանրադրամներ», իսկ կառավարման վերնախավում նստած, բանակ չտեսած ամուլները՝ միլիոններ։

Հարգարժա՛ն պարոնայք, բանակն է մեր ու ձեր պաշտպանն ու պատվարը։

Զորացրե՛ք այն։

Կայացած ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ երկու անգամ որպես հաղթող կողմ թշնամուն պարտադրեց դադարեցնել լայնածավալ ռազմական գործողությունները` 1994 և 2016 թվականներին: Սակայն ապաշնորհ, ինչու չէ նաև դավաճան քաղաքական վերնախավի պատճառով կապիտուլյացիայի փոխարեն հաստատվեց զինադադար:

Մենք համոզված ենք ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ պատրաստ է պատերազմի և կրկին պարտադրելու է կապիտուլյացիա:

Մենք վստահ ենք, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ նոր պատերազմում պաշտպանական բանակից վերածվելու է ազատագրական բանակի և այս անգամ չի լինելու զինադադար, այլ լինելու է արյունակուլ ազերիների անվերապահ կապիտուլյացիա:

Հայ խրոխտ  զինվորներ, այսօր ձեր  տոնն է։ Շնորհավոր Ձեր տոնը՝  հայոց երկնքի  քաջասիրտ արծիվներ։

Թող մեր նախնյաց նահապետ Հայկի նման ձեր նետը դիպուկ լինի, երբ անարգ հակառակորդը մեր հողը ոտնակոխ անի։ Ամուր կանգնե՛ք մեր սուրբ հողին, դուք եք երկրի կուռ դարպասները ու հայ ազգի անվերապահ պաշտպանները։

Փառք հայ զինվորին ու նրանց ծնած բոլոր մայրերին։

«Երկիր Ծիրանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031