«Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման մասին վարչապետը խոսել է, կարծում եմ՝ գործադիրի եւ օրենսդիրի կողմից համատեղ քայլեր կձեռնարկեն, որ ճգնաժամին լուծում տան»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Սահմանադրական դատարանում ճգնաժամի լուծմանը, ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ՍԴ-ի շուրջ իրավիճակի լուծում տալու ցանկացած քայլի մասին տեղյակ կպահեն. «Քննարկումներն ընթանում են: Քայլեր արդեն եղել են՝ ԱԺ-ի կողմից ձեռնարկված քայլերը եւ վաղ կենսաթոշակի մասին օրենքը: Դրանք նպատակ ունեին ճգնաժամը լուծել: Քանի դեռ լուծում չի ստացել, կշարունակվեն քայլերը»:
Արմեն Գրիգորյանը նշեց, որ սպասվելիք սահմանադրական փոփոխությունները կարող են ՍԴ-ի ճգնաժամի լուծման տարբերակներից մեկը լինել:
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջման փորձ է նախաձեռնել, Արմեն Գրիգորյանը նշեց. «Ես «հեղաշրջում» բառը չեմ օգտագործել: Էթիկայի կարեւոր սկզբունքներ կան, եթե մարդը բառը չի օգտագործել, բայց վերագրում են, ժուռնալիստիկայի հարց է: Կարծում եմ՝ թեման արդեն փակված է: Եթե նոր զարգացումներ լինեն, բացատրություններ կտրվեն, այս պահին որեւէ բան չեմ կարող ասել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ