Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրչի պատմությունն» ու քարոզչությունը

Հունվար 28,2020 10:00

Կիրակին նրա համար է, որ մարդիկ հանգստանան, մտածեն իրենց արածների եւ անելիքների մասին, շփվեն հարազատների եւ ընկերների հետ: Բայց դա չի վերաբերում այն հայերին, որոնք ապրում են ոչ թե իրական, այլ ֆեյսբուքյան իրականության մեջ:

Երեկ (երկուշաբթի օրը) պարզեցի, որ նրանք ամբողջ օրը նվիրել էին ՍԴ նախագահի կողմից վարչապետին նվիրած գրիչին (որն, իբր, ապացույց է, որ Հրայր Թովմասյանն ամեն շաբաթ իր ծառայություններն էր առաջարկում Նիկոլ Փաշինյանին): Որքան հասկացա, հազարավոր մարդիկ այդ թեմայով «ստատուսներ» եւ մեկնաբանություններ են գրել, տասնյակ հազարներ այդ ամենը կարդացել, «լայքել» եւ «դիսլայքել» են: Վարչապետի հակառակորդները ծաղրում են ու չարախնդում, իշխանությանը լոյալ մարդիկ տարակուսանքի մեջ են, դե իսկ Փաշինյանի ֆանատները ստիպված են ինչ-որ ձեւով հիմնավորել գրչի եւ «վարչապետ ջանի» պատմության ի հայտ գալը:

Պատմությունն ինձ այնքան մանր եւ մի տեսակ «մանկապարտեզային» է թվում, որ բացարձակապես մտադիր չեմ դրա մանրամասներին անդրադառնալ՝ կյանքը չափից դուրս կարճ է՝ նման դատարկ բաների վրա ժամանակ ծախսելու համար: Բայց եթե պատմությանը նայենք զուտ քարոզչական տեսանկյունից, ապա կարելի է արձանագրել, որ ոչ մի քոչարյանական եւ ոչ էլ սերժական չի կարող քարոզել Փաշինյանի դեմ այնքան, որքան ինքը՝ վարչապետն է անում:

Ես ամենեւին չէի ցանկանա ապրել մի երկրում, որը կղեկավարեր Հրայր Թովմասյանը: Նա ծառայում էր ՀՀԿ-ին՝ նաեւ այն ժամանակ, երբ զբաղեցնում էր ՍԴ նախագահի պաշտոնը, նա սահմանադրական փոփոխությունների հիմնական հեղինակներից մեկն է՝ փոփոխություններ, որոնք կոչված էին հավերժացնել ՀՀԿ-ի իշխանությունը (լավ մասնագետ լինելով՝ նա չէր կարող չհասկանալ, թե ինչ է անում):

Ինձ համար ավելի գերադասելի է բազմաթիվ սխալ, իմպուլսիվ որոշումներ կայացնող, հաճախ չմտածված մտքեր արտահայտող Նիկոլ Փաշինյանը, քան բացահայտ ցինիկները: Բայց իշխանության մտասեւեռված պայքարը՝ Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելու համար, այդ պայքարի մանրախնդիր եւ երբեմն զավեշտալի ձեւերը, գումարած՝ Թովմասյանի դիմադրությունը, կարող են համակրանք առաջացնել ՍԴ ներկայիս նախագահի հանդեպ:

Սահմանադրական դատարանի խնդիրն իսկապես գոյություն ունի, եւ ոչ միայն այն պատճառով, որ ներկա իշխանությանը դուր չի գալիս Հրայր Թովմասյանի անձը: Բայց իշխանությունը պետք է դրսեւորի որոշակի իմաստություն, հասունություն, համբերի 1-1.5 տարի, եւ խնդրին տա ինստիտուցիոնալ լուծում: Այսինքն՝ անցկացնի սահմանադրական փոփոխություններ:

 ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Seyran says:

    Է է է Պարոն Աբրահամյան,ոչ մի փոփոխված սահմանադրություն մեզ չի փրկի՝արդեն որերորդն ենք փոխում,մեզ պետք է փոխեն՝այլ ազգի ներկայացուցիչներով…..

  2. Սարգիս Զեյթունյան says:

    “Ինձ համար ավելի գերադասելի է բազմաթիվ սխալ, իմպուլսիվ որոշումներ կայացնող, հաճախ չմտածված մտքեր արտահայտող Նիկոլ Փաշինյանը, քան բացահայտ ցինիկները”
    Շատ շուտով այդ ամենը կհամատեղվի մեկի մեջ:

  3. Artur Lazarian says:

    Ծայրից ծայր մանկապարտէզ է։ Նոյնիսկ աւելի ցածր՝ օրօրոցային։ Ու այս ողջ ծաղրը զեկուցւում է միջազգային հանրութեանը, իսկ մեր սփիւռքում վստահաբար շուարած են։ Առանց չափազանցութեան եմ ասում՝ ոչ մի լուրջ մարդ ժամանակ չի վատնի եւ Փաշինեանի հետ երբեք գլուխ չի դնի։ Նա այլեւս ձախողուած վարչապետ է՝ իր կարկառուն թիմով հանդերձ։

    Յ.Գ. Իսկ երկու տարի առաջ ի՜նչ մեծ ծրագրեր, յոյսեր ունէինք աչքներիս առաջ։ Պարզուեց, որ ամէնը ունայն է։

  4. Հ.Շ. says:

    Ոչ միայն իր քաղաքացիներին եւ մնացեալ հայերին, այլ համայն աշխարհին առջեւ, երկրի մը վարչապետի պաշտօնը վարող անձը երկրի գերագոյն դատարանի նախագահին նկատմամբ անգամ մը եւս կռուազան, գռեհիկ եւ վարկաբեկիչ խօսքեր արտաբերելէ ետք, որպէս հանդիսաւոր մարտահրաւէր, յայտնեց թէ սոսկալի, սարսափելի, անհերքելի փաստ մը պիտի յայտնաբերէ, հաստատելու համար սոյն դատաւորի իր պաշտօնական հեղինակութեան անարժան լինելը: Ու երկար սպասեցնելէ ետք ամէն մարդ որ մտահոգ է Հայաստանով, մէջտեղ հանեց՝… գրիչ մը:

    Ամենայն յարգանքով, եթէ Դուք կ’ուզէք այդ ամէնը ծայրագոյն կերպով minimize ընել, brush off ընել, «աման պապամ, կեանքը շատ կարճ է»ի խոր իմաստասիրութեամբ, շատ բարի, սակայն այս նիւթով գոնէ տեղին չէ ծաղրելը անոնք որոնք շշմած են այս իրադարձութեամբ: Մանաւանդ որ դա կու գայ աւելնալու բազմաթիւ այլ նոյնանման միջադէպերու, մնայուն pattern-ի մը, որ խիստ մտահոգիչ է: (Ի դէպ, այս տողերը ամենաառաջիններն են որ ես գրում եմ այս մասնայատուկ նիւթի մասին. սակայն ոչ թէ որովհետեւ ժամանակ չունէի, այլ քանի որ ուրիշները, լուրջ ու բանիմաց մարդիկ, արդէն պէտք եղածը բաւարար չափով ըսին ու գրեցին: )

    Մի բան ել՝ պատճառ մը կայ, որ բանականութեան տէր, մտքի ու խելքի ուժով իրենց զգացումներուն տիրապետող, պաղարիւն, կարգապահ եւ pragmatic մարդիկը (կոչեցէք զանոնք ցինիկ, եթէ այդպէսով իրենցմէ աւելի բարձր կը զգաք) կը զբաղուին քաղաքականութեամբ, պետութեան վարչական տնօրինումով, եւ ոչ թէ տարօրինակ, արտակեդրոն, անկայուն անձեր: Որովհետեւ այդ երկրորդ տեսակը անասելի աւերներ կը գործէ, որոնք չեն սահմանափակուիր միայն քաղաքական ոլորտում: Իսկ ամէն դէպքում, ցինիզմը աւելի վատ չէ քան, ի միջի այլոց, փառամոլութիւնը:

  5. henri says:

    «Ինձ համար ավելի գերադասելի է բազմաթիվ սխալ, իմպուլսիվ որոշումներ կայացնող, հաճախ չմտածված մտքեր արտահայտող Նիկոլ Փաշինյանը, քան բացահայտ ցինիկները»:
    Ամէն ինչ ըսուած է այս մի քանի տողերուն մէջ ։
    Բայց չկայ միջոց մը կամ մէկը որ վարչապետին յիշեցնէ որ քիչ մը աւելի լջօրէն մօտենայ երկրի առջեւ դրուած շատ աւելի կարեւոր հարցերու լուծման,քան ՛՛ մանկապարտիզպանական՛՛
    ծիծաղելի նիւթերով յարգի ժամանակ կորսնցնելու ՞ ։

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031