Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն փորձում է հայատյացությունն արտահանել Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք

Հունվար 28,2020 22:00

Վերջին օրերի առնվազն երեք դրվագ, որոնք իրենց հիմքում փոխկապակցված են եւ միավորված մեկ մտահղացմամբ՝ ի ցույց դրեցին Ալիեւի ռեժիմի ձգտումն արտահանել հայատյացությունն Ադրբեջանից Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք։

Իհարկե, երեքն էլ ավարտվեցին կատարյալ եւ սկանդալային տապալմամբ, սակայն լուրջ մտածելու առիթ են տալիս, եւ ոչ միայն հայերին եւ Հայաստանին։

Նախ, այն խայտառակ ռուս-ադրբեջանական պատմությունը, կապված շնորհաշատ հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, որին «Դրեզդենյան պարահանդեսի» կազմակերպիչները հրավիրել էին մասնակցելու, այնուհետեւ ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովի ջանքերով հրավերը հետ էին կանչել, քանի որ ադրբեջանցին հրաժարվել էր բեմ դուրս գալ հայի հետ։

Առաջին հերթին հանրահայտ հայ երգչուհի Հասմիկ Պապյանի ջանքերն էին, որ խիստ զայրույթ բարձրացրեցին Եվրոպայում, եւ կազմակերպիչները նման «դասական» նացիստական պահվածքի մեղքից խուսափելու համար շուտափույթ կերպով հարթեցին տեղի ունեցածը. Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» եւ ելույթ կունենա Դրեզդենում փետրվարին։

Ուշագրավն այստեղ այն հանգամանքն է, որ Էյվազովը, նաեւ լինելով ռուսական իշխանության հովանավորյալ, օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը, իր հերթին վայելում է Ալիեւների ընտանիքի հովանավորությունը, իսկ «Դրեզդենյան պարահանդես» փառատոնի կազմակերպիչը հայտնի է իր իռացիոնալ սիրով պուտինյան ռեժիմի նկատմամբ։ Եվ այս «մեքենան» գրեթե հաջողել էր Ռուզան Մանթաշյանի բեմելը փչացնելու գործում։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այս ամենը բոլոր չարամիտների համար խայտառակ վերջաբան ունեցավ, իսկ Եվրոպայի օպերային արվեստի ամենահայտնի ներկայացուցիչներին հայտնի դարձավ, թե որտեղ եւ ինչ բարքեր են տիրում։ Ռուսաստանում տեղի ունեցածը եւս ընդունվեց զայրույթով երաժշտական քննադատների կողմից, իսկ Էյվազովին հրապարակայնորեն «պաշտպանեց» ընդամենը մեկ անձ՝ ծագումով հայ Սատի Սպիվակովան, որը նաեւ տեղի ունեցածի վերաբերյալ հայերի եւ ոչ հայերի քննադատությունն անվանեց «զառանցանք»… Դա էլ թողնենք իր խղճին։

Երկրորդը մի «հայ-ուկրաինական» պատմություն է, կապված արդեն ԵՄ Արեւելյան Գործընկերության մի միջոցառման հետ, որին հրավիրված էին անդամ-երկրների ՆԳ նախարարությունների միջազգային համագործակցության պատասխանատուները։ Հերթական միջոցառումը, որին Հայաստանը չէր էլ կարող մասնակցել, կազմակերպված էր «Անվտանգության եւ պաշտպանության Եվրոպական Քոլեջի» (ECSD) կողմից, որն Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության կառուցվածքային միավորներից մեկն է։ Սակայն, այնպես էր ստացվել, որ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար էր հաստատվել Մերի Հակոբյանը՝ Ուկրաինայի ՆԳՆ միջազգային համագործակցության դեպարտամենտի ղեկավարը։ Եվ Ալիեւի ռեժիմը հերթական անգամ «փայլեց» իր քարանձավային վայրենությամբ, արգելելով նրա մուտքը Բաքու։

Ուկրաինական իշխանությունն, ի պատիվ իրեն, իրերը կոչեց իրենց անուններով, նամակ ուղղելով Բրյուսել, որտեղ, չնայած Կիեւ-Բաքու հարաբերություններում «դաշնակցային» հռետորաբանությանը եւ Բաքվի ջանքերին՝ «լղոզվել» Ուկրաինայի տարածքային ամբողջականության թեմային, նշված է. «Ադրբեջանական կողմը ցուցաբերում է ցանկության բացակայություն ինտեգրվելու ընդհանուր եվրոպական տարածքին։

Նշված դեպքն Ուկրաինայի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունքի նախադեպ է ստեղծում»։ Ուկրաինայի ՆԳ նախարարությունը խնդրել է Կիեւում ԵՄ պատվիրակությանը (դեսպանությանը) «հորդորել «Անվտանգության եւ պաշպտանության Եվրոպական Քոլեջին» հետայսու ձեռնպահ մնալ Ադրբեջանի Հանրապետության տարածքում միջոցառումների անցկացումից»։

Այս ամենից պարզ հարց է ծագում. ԵՄ Արեւելյան Գործընկերության որեւէ միջոցառում Բաքվում անցկացնելու իմաստը ո՞րն է։ Ի՞նչ է դա տալիս Բրյուսելին, եւ դրանից քաղաքական օգուտը ո՞րը կարող է լինել։ Նախ, եթե միջոցառում է կազմակերպվում, ապա տրամաբանական է, որ կազմակերպիչներն ի սկզբանե պետք է շահագրգռված լինեն դրա հաջողության մեջ։ Հետեւաբար, ինչպե՞ս կարող է նույնիսկ խոսք լինել հաջողության մասին, երբ Հայաստանը դրան չի մասնակցելու անհնարինության պատճառով։ Ավելին, դրանով չբավարարվելով, Բաքուն կարող է թքած ունենալով եվրոպական արժեքների, ժողովրդավարության սկզբունքների եւ ընդհանրապես քաղաքակրթության վրա՝ արգելել մուտքը երկիր այն անձանց, ում ազգանվան վերջը «-յանով» է։ Եվ սա պետք է Բրյուսելը մարսի, շարունակի նման նացիստական պահվածք դրսեւորող ռեժիմի հետ հարաբերությունները շարունակել «as usual» եւ համարի, որ ոչինչ էլ տեղի չի՞ ունեցել։ Կունենա՞ն եվրոպական քաղաքական շրջանակները Հասմիկ Պապյանի եւ եվրոպական օպերայի այլ անվանի ներկայացուցիչների սկզբունքայնությունը, որպեսզի իրերը կոչեն իրենց անուններով՝ կապրենք կտեսնենք։ Բայց այստեղ մեծ անելիք ունի հայկական դիվանագիտությունը, քանզի եթե սա նացիզմ չէ, ապա ի՞նչ է նացիզմը, եւ ո՞վ պետք է այդ հարցը Եվրոպայում տա, եթե ոչ դիվանագիտությունը։

Երրորդ դրվագը կապված է The Jerusalem Post իսրայելական պարբերականում հունվարի 21-ին հրապարակված մի բավականին կեղտոտ եւ ստահոդ հոդվածի հետ, որի նախաբանում նշված է, որ «չնայած նրան, որ գերմանացիները շարունակում են ճանաչել, հակազդել եւ զղջալ իրենց մութ անցյալի համար, սակայն լիտվացիները, հայերը, լեհերը եւ այլք վերախմբագրում եւ խեղաթյուրում են իրենց դերն այս ողբերգական պատմության մեջ»։ Այնուհետեւ ամբողջ հոդվածը նվիրված է մի թեմայի, որը թվում էր, թե պետք է այլեւս փակված համարել։

Բայց ոչ։ Երկար-բարակ շարադրված է, թե որքան «վատն է» Գարեգին Նժդեհը եւ որքան «լավն է» մի ադրբեջանցի զինվոր, որը զոհվել է Ղարաբաղյան պատերազմում եւ ունի հրեական ծագում, եւ որ Հայաստանում «ծաղկում է» հակահրեականությունը։

Իհարկե, իմաստ չունի հիմա նույնպես երկար-բարակ շարադրել այդ հոդվածում բերված բոլոր «փաստարկների» հերքումը եւ ապացուցել հակառակը, ուղղակի հիշեցնենք մի քանի հանգամանք։ Նախ, ուղղակի մեջբերենք Հայաստանում Հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյան-Ֆելլերին, որն անցյալ շաբաթ բաց տեքստով հայտարարեց, որ Հայաստանում չկա եւ չի կարող լինել հակասեմականություն, ինչպես նաեւ այլատյացություն այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ, որքան էլ որ ոմանք պնդեն հակառակը։

Երկրորդը, Ղարաբաղյան պատերազմում հայկական կողմից մարտնչել են նաեւ հրեաներ, եւ ամենանշանավորը նրանցից՝ պատերազմի հերոս, երջանկահիշատակ գեներալ Անատոլի Զինեւիչն էր, որը զբաղեցրել է Արցախի Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնը եւ անձամբ է մասնակցել բազմաթիվ ռազմական օպերացիաներին, այնուհետեւ նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնին եւ այն զբաղեցրել մինչեւ իր մահկանացուն կնքելը։ Այո, նա ազատ տիրապետում էր իդիշին, հպարտանում էր իր հրեական ծագմամբ, նրա կիսանդրին կանգնեցված է Ստեփանակերտում, եւ դժվար է պատկերացնելը, որ այդ ամենը հնարավոր էր «հակահրեական» տրամադրություններ ունեցող երկրում։

Եվ վերջապես՝ գլխավոր պատասխանն այս ամենին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այցն էր Իսրայել եւ մասնակցությունը Հոլոքոսթի տարելիցի միջոցառումներին Երուսաղեմի Յադ-Վաշեմ հուշահամալիրում ի շարս մի քանի տասնյակ պետությունների առաջնորդների, նրա հանդիպումը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ, նրա այցը Սիոն լեռան գագաթին գտնվող հայկական Սուրբ Հակոբ եկեղեցին, Գողգոթայի վրա գտնվող Քրիստոսի Սուրբ Հարության տաճարը։ Ի դեպ, սա է Իսրայելի նախագահի հայտարարությունը. «Կարծում եմ՝ 1915-ին կատարվածի մասին լռությունը հանգեցրեց նրան, ինչ մենք ունեցանք 1931-ին, 1936-ին, 1942-ին, ինչ տեղի ունեցավ Հոլոքոստի ժամանակ»։ Նախագահ Սարգսյանն էլ ասաց հետեւյալը. «Առաջին հերթին մենք կիսում ենք շատ ընդհանուր արժեքներ, ինչպես նաև շատ նման պատմական ճանապարհ ունենք, որը շարունակվում է մինչ օրս։ Մենք նաև ժողովուրդներ ենք, որոնք կյանքը գերադասել են մահվանից։ Մահը պատմականորեն միշտ մեզ հետապնդել է, բայց կյանքը միշտ եղել է մեզ հետ։ Այստեղ եմ նաև կյանքին նայելու համար»։

Եվ այս ամենը տեղի ունեցավ այդ խայտառակ հոդվածի հրապարակումից ընդամենը հինգ օր անց՝ հունվարի 26-ին։ Այսինքն, ինչպես տեսնում ենք, այս ուղղությամբ եւս Ալիեւի լոբբինգը չաշխատեց։

Եվ ընդհանրապես, հասկանալի է Բաքվի ձգտումը՝ ներկայանալ որպես «տոլերանտ» երկիր, ինչը Բաքվի հայկական ջարդերի ֆոնին անլուծելի խնդիր է, ներկայանալ որպես «ժողովրդավարական» երկիր, ինչը նույնպես անլուծելի խնդիր է, երբ ԿԳԲ-ականի զավակ բռնապետն անում է մի բան, ինչն իրեն թույլ չի տալիս նույնիսկ Կիմ Չեն Ինը՝ իր կնոջը փոխնախագահ կարգելով, ներկայանալ որպես «հանուն ազատության պայքարող» երկիր, Բրյուսելում կազմակերպելով միջոցառում, նվիրված 1990թ. հունվարի 20-ի Բաքվի դեպքերին, լռելով հայերի կոտորածների մասին, երբ դրանից ընդամենը երկու ամիս անց Ադրբեջանը դարձավ միակ երկիրը Կովկասում, որը մասնակցեց հանրաքվեին եւ գրեթե միաձայն կողմ քվեարկեց ԽՍՀՄ պահպանման օգտին, եւ վերջապես ներկայանալ որպես ընդհանրապես «լավ» եւ «քաղաքակիրթ» երկիր, հայերին սեւացնելով, եւ դա էլ է անլուծելի, քանզի այդ ճանապարհին ինքն է հիմնահատակ սեւանում։ Հասկանալի է, որովհետեւ Ադրբեջանում այդպես էլ չեն հասկանում, որ 21-րդ դար է՝ հնարավոր չէ ամբողջ աշխարհին հիմարի տեղ դնել, եւ որ հայերը մեղք չունեն այն բանում, որ իրենք հանդուրժում են մի կրիմինալ ընտանիք, որն իրենց «կառավարում» է 1969 թվականից, եւ որ իրենց շարունակում է թվալ. եթե խողովակ ունես՝ խելք պետք չէ։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031