Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը. Նաիրա Զոհրաբյան

Հունվար 27,2020 20:35

Այսօր այս մասին Ստրասբուրգում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկի օրը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Բաքվի ջարդերի մասին, կոչ անելով միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ 30 տարի առաջ Ադրբեջանի կատարած ցեղասպան գործողություններին։ Զոհրաբյանը նշել է, որ ադրբեջանական ֆաշիզմն իր դաժանությամբ չի զիջում հիտլերյան ֆաշիզմին եւ հայտարարել է, որ ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը։

Հարգելի գործընկերներ,

30 տարի առաջ, հենց այս օրերին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում յոթ օր շարունակ իրականացվեց Բաքվի՝ ազգությամբ հայ բնակչության սպանությունն ու ջարդը։ Բաքվի ջարդերը Ադրբեջանի իշխանության կողմից հստակ ծրագրված եւ կազմակերպված գործողություններ էին, որոնց նպատակը մեկն էր՝ սպանել, ոչնչացնել ազգությամբ հայերին։

Սպանել են ընդամենը հայ լինելու համար, քանզի Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է։

Հայերի հանդեպ Ադրբեջանում տեղի ունեցած ցեղասպան գործողությունները մինչ օրս պատշաճ քաղաքական եւ որ ամենակարեւորն է՝ իրավական  գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության կողմից։ Երեք տասնամյակ առաջ էթնիկ հողի վրա կատարված այս հանցագործությունները իրավունք չունեն մնալու որպես պատմության  անցած եւ այլեւս փակ էջեր։ Վստահեցնում եմ ձեզ, Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում եւ Ադրբեջանի հայկական այլ բնակավայրերում հայերի ջարդերի վերաբերյալ փաստական տվյալներն ու այդ դժոխքը վերապրածների հուշերի փաստագրական բազան հաստատապես պակաս չէ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կատարած ոճրագործություններից եւ, հավատացնում եմ ձեզ, ադրբեջանական ֆաշիզմն իր դաժանությամբ չի զիջում հիտլերյան ֆաշիզմին։ Բաքվի դժոխքին ականատեսներից մեկը պատմում էր, որ սեւ հունվարի այդ օրերին Բաքվի բազմաթիվ փողոցներում խարույկներ էին վառվում, մարդկանց ողջ-ողջ գցում էին խարույկը, տանջամահ էին անում եւ սպանում  միայն նրա համար, որ հայ են։

Հարգելի գործընկերներ, Եվրոպայի խորհրդի՝ «Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովը ժամանակին հրապարակեց զեկույց, ուր նշված էր, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայերի հանդեպ ատելություն են քարոզում՝ մի ողջ սերնդի դաստիարակելով հայերի հանդեպ անհանդուրժողականությամբ։ Ցավոք, բացի հռչակագրային արձանագրումից, իրավական հստակ գնահատական Ադրբեջանի ցեղասպան գործողություններին չի տրվել եւ անպատժելիության այդ բացը ծնել եւ ծնելու է նոր հանցագործություններ, ծնելու է նոր ռամիլ սաֆարովներ, ծնելու է ԴԱԷՇ-ի ոգով բռնարարքներ, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլի առաջին օրերին։ Ադրբեջանում հայերի հանդեպ հայաֆոբիան հասել է այնպիսի ծավալների, որ դարձել է տարածաշրջանային կայունության և անվտանգության դեմ ուղղված հիմնական սպառնալիքներից մեկը։ Լռությունը մշտապես աշխատել է ոճրագործներին օգտին։ Ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031