Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունի պլազա» ներխուժած երիտասարդը ցանկացել էր հանդիպել Քոչարյանի որդուն՝ պարզելու ինչու է իրեն ծրագրավորել

Հունվար 27,2020 19:45

Հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» հյուրանոց ներխուժած ու կրակոցներ արձակած երիտասարդը վարույթ իրականացնող մարմնին հայտնել է, թե ինչ նպատակով է այդ քայլին գնացել: Ըստ նրա ցուցմունքի՝ ինքը ցանկացել է տեսնվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու հետ, քանի որ համոզված է, որ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, իրեն ծրագրավորել է, եւ ինքը ուզում էր նրանից ճշտել, թե ինչու է իրեն ծրագրավորել:

Այս մասին Aravot.am-ին հայտնեց կրակոցներ արձակած երիտասարդի պաշտպան, փաստաբան Էդուարդ Աղաջանյանը: Նա մեզ հետ զրույցում նաեւ ասաց, որ իր պաշտպանյալը մեծ հաճույքով պատասխանում է քննիչի հարցերին, համագործակցում է  վարույթ իրականացնող մարմնի հետ, բայց նրա որոշ պատասխաններ անկախ դիտորդի մոտ ողջամիտ կասկածանք են առաջացնում իր հոգեկան առողջական վիճակի մասին:  Փաստաբանն ասաց՝ չի զարմանա, որ վարույթ իրականացնող մարմինը առաջիկա օրերին որոշում կայացնի այդ երիտասարդին  դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն նշանակել:

Մեր զրուցակցի խոսքով, իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, բայց ընդունում է՝ գույք է վնասել, պատանդ է վերցրել. «Բայց ամբողջ հարցն այն է, որ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածն ունի խրախուսական նորմ, համաձայն որի՝ եթե պատանդ վերցրած անձը կամովին ազատում է պատանդին և հրաժարվում է իր պահանջից, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության»:

Իսկ ինչու է գույքը վնասել՝ երիտասարդը բացատրել է, որ իր սկզբնական նպատակը դա  չի եղել, ուզում էր հասնել իր նպատակին՝ պատանդ վերցնել:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին 14:40-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «Էրեբունի պլազա» հյուրանոց, կրակում է եւ պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին:

«Ամենակարեւոր խնդիրը, որն այդ պահին դրված էր, լուծվեց, անարյուն հանգուցալուծմանն ականատես եղանք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով «Էրեբունի պլազա» հյուրանոց ներխուժման  ու կրակոցներ արձակելու դեպքին:

Ոստիկանապետի պաշտոնակատարը դեպքի վերաբերյալ այլ հարցերի չկարողացավ պատասխանել, ասաց, որ նախաքննական տվյալներին մանրակրկիտ ծանոթ չէ: Հարցին, թե ոստիկանությունում չկա՞ն հատուկ մասնագետներ հանցագործների հետ բանակցելու համար, ինչու ոստիկանապետի պաշտոնակատարը դա արեց, Արման Սարգսյանը պատասխանեց՝  իրավիճակից  բխող գործողություններ, երբեմն, լինում են, ու այդ պահին այդպես ստացվեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031