Հունվարի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ ընդգծեց Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին ԱՄՆ ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունը: Նախարարի խոսքով՝ տարիների ընթացքում Միացյալ նահանգների հետ հաստատվել է ամուր գործընկերային երկխոսություն, և Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ջանքեր գործադրել երկու ժողովուրդների միջև հարաբերություններն առավել ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները մտքերի փոխանակում ունեցան հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շուրջ՝ ընդգծելով վերջինիս շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը:
Որպես երկկողմ օրակարգի կարևոր բաղադրիչ՝ կողմերը մատնանշեցին ապակենտրոնացված համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, որի լավագույն օրինակ է Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում 2003 թվականից Կանզաս նահանգի հետ իրականացվող համագործակցությունը։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց համատեղ քայլեր ձեռնարկել ավանդական դարձած ուղղություններով, այդ թվում խաղաղապահության, ռազմական բժշկության, անձնակազմի մարտավարական պատրաստության ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ԱՄՆ նշանակալի ներդրումը Հայաստանի խաղաղապահ կարողությունների ամրապնդման գործում:
Կարդացեք նաև
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատվիրակության անդամներին ներկայացրեց Հայաստանում կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների ընթացքը, մասնավորապես իրավապահ ոլորտում՝ այդ համատեքստում կարևորելով ամերիկյան գործընկերների հետ շարունակական համագործակցությունը:
ՀՀ ԱԳՆ