Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է դրված Փաշինյանի դեմ հայցի հիմքում՝ «քծնելը», «գրիչը», «իր ծառայություններն է առաջարկել»

Հունվար 27,2020 16:55

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերից հետո էլ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի մտքափոխվել՝ դիմելու է դատարան՝ վարչապետի դեմ:

Սյունիքում ասուլիսի ժամանակ Փաշինյանը երբ հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը 2018-ի մայիսից սկսած, սկզբում ամենօրյա, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել իրեն՝ ասելով. «Քանի, որ ես եմ էս սահմանադրության տեքստի հեղինակը՝ ես ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, եւ մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր…», ՍԴ նախագահը հայտարարեց՝ իրեն զրպարտելու համար դիմելու է դատարան, եթե Փաշինյանն, որպես իր ասածի հիմք, գոնե մեկ արժանահավատ փաստ չհրապարակի:

Հետո Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակեց Թովմասյանի՝ իրեն «նվիրած» թանկարժեք գրիչը, նշելով. «Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց»։

Ամրամ Մակինյան

Փաշինյանի դեմ հայցադիմումն ի՞նչ փուլում է, հիմքում ի՞նչ հոդված է լինելու, ի՞նչ են պահանջելու, արդյոք Փաշինյանի ասած՝ քծնանք բառն է վիրավորանքը, թե՞ «իր ծառայություններն է առաջարկել» արտահայտությունը: Aravot.am-ի հետ զրույցում Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը չմանրամասնեց, ասաց՝ հաշվի առնելով հանրային հետաքրքրությունն այս հարցի վերաբերյալ, առաջիկայում առավել մանրամասն տեղեկատվություն կտանք:

Արդյոք Փաշինյանի այսօրվա հայտարարությունից հետո Թովմասյանը միտքը կփոխի, Մակինյանն ասաց. «Չեմ խոսել Հրայր Թովմասյանի հետ, բայց ամեն ինչ քննարկված, որոշված է»:

Արա Ղազարյան

«Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Արա Ղազարյանն Aravot.am-ի հետ զրույցում բացատրեց՝ որեւէ արտահայտություն որպեսզի լինի զրպարտություն, նախեւառաջ պետք է լինի անձի արժանապատվությունն ու պատիվը արատավորող, պետք է հրապարակային ասված լինի, պետք է չհամապատասխանի իրականությանը, այս դեպքում դիտավորության առկայությունը կարեւոր չէ. «Այստեղ ամենակարեւորն է՝ հրապարակային է ասվել, պետք է տեսնել՝ փաստերն իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, եւ գլխավորը՝ արատավորո՞ղ է, թե՞ ոչ»:

Ղազարյանը մանրամասնեց՝ Սահմանադրական դատարանը բացել է փակագծերն, ասելով՝ ինչ պետք է հասկանանք, որպեսզի արատավորող արտահայտությունը տարանջատենք ոչ արատավորողից. «ՍԴ-ն ասում է՝ անձը պետք է մեղադրվի այն գործողության կատարման համար, որը հանցագործություն է կամ զանցանք, դա նվազագույն չափանիշն է: Ընդհանուր իրավասության դատարանները նշել են՝ արատավորողն այն սուտ տեղեկությունն է, որն ըստ հասարակական պատկերացումների, անձի արժանապատվությունը նվաստացնում է: Սա է սկզբունքը»:

Փաշինյանի՝ «քծնում էր», թե՞ այլ արտահայտությունը որպես զրպարտանք կներկայացվի, Ղազարյանն ասաց՝ պարզ չէ, քանի որ դեռ պարզ չէ փաստաբաններն ինչ են վիճարկում՝ կոնկրետ բառը, թե՝ բառն՝ ենթատեքստով, թե արդյոք մեղադրում է հանցագործության կատարման մեջ»:

Ալեքսանդր Սիրունյան

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն էլ գտնում է՝ Փաշինյանի խոսքում որեւէ հիմք չկա դատարան դիմելու. «Ի՞նչն է զրպարտանք, պարզ չէ: Ես հիմք չեմ տեսնում, հատկապես որ քաղաքական գործընթացներում այս կանոնների կիրառումը տեղին չէ»:

Եթե գործն իսկապես հասնի դատարան, ապա Հրայր Թովմասյանը պետք է հիմնավորի, թե Փաշինյանի որ խոսքը կամ խոսքերն են զրպարտանք, Փաշինյանն էլ պետք է ապացուցի, որ չի ստել:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031