Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանեցյանը կարո՞ղ է մեզ իր թեկնածությունն էլ առաջարկի, որ քննարկելուց իր թեկնածությունն էլ քննարկենք». Հրաչյա Հակոբյան

Հունվար 27,2020 16:44

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գրառում էր արել. «Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»:

Նա նաեւ Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների: Երկրի անվտանգությունը վեր է ամեն ինչից ու յուրաքանչյուրից, և այն չի կարող հիմքում ունենալ չմտածված որոշումներ ու էմոցիոնալ պոռթկումներ: Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է»:

Այս առնչությամբ Aravot.am-ը «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանին հարցրեց՝ Վանեցյանի այդ առաջարկը ձեզ համար ընդունելի՞ է, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Միանշանակ ընդունելի չէ: Միգուցե Վանեցյանը, երբ առաջարկում է, կարո՞ղ է մեզ իր թեկնածությունն էլ առաջարկի, որ քննարկելուց իր թեկնածությունն էլ քննարկենք: Չէ, միանշանակ, էդ առաջարկն ընդունելի չի մեզ համար, որովհետեւ այդպիսի խնդիր ոչ Հայաստանի Հանրապետությունն ունի այսօր, ոչ «Իմ քայլը» ֆրակցիան ունի, ոչ էլ ՀՀ քաղաքացիներն ունեն»:

Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ «Թե ինչու է վարչապետի ասուլիսը մտահոգել Վանեցյանին, չեմ կարող ասել, ասուլիսի ընթացքում բոլոր հարցերին վարչապետն անդրադարձել եւ սպառիչ պատասխաններ տվել է: Թե ինչն էր Արթուր Վանեցյանին այդպիսի գրառում անելու առիթ դարձել ասուլիսը, դեռ մի հատ էլ գրիչը, անկեղծ ասած, երեւի թե Վանեցյանի այդ հայտարարություններն անվտանգության տեսանկյունից ավելի շատ անհանգստացնող են, քան մնացած ամեն ինչ»:

Ըստ պատգամավորի, Վանեցյանն այն «մասշտաբի քաղաքական գործիչ չէ», որ նրա ասածները մեկնաբանեն. «Արդեն խոսվել է այն մասին, որ հիբրիդային պատերազմ ասվածը կա, եւ ես հիմա Վանեցյանի ասածները կարող եմ դիտարկել այդ ֆոնի վրա»:

Ինչպես հայտնի է, Հրայր Թովմասյանը հայց է պատրաստում՝ Նիկոլ Փաշինյանի դեմ: Հակոբյանն ասաց, որ այս պահին չի կարող կանխատեսել, թե ինչ ելք կունենա այդ հայցը. «Թող հայցը ներկայացնեն, կերեւա»:

Վարչապետն ասուլիսում խոսելով սուպերվարչապետական համակարգի մասին՝ ցուցադրեց իր կոստյումն ու ասաց, որ այն տարբերվում է Սերժ Սարգսյանի կոստյումից, իր գրպաններում միլիոններ չկան ու իր գրպաններում տասնյակ ԶԼՄ-ներ չկան: Հարցին՝ նա նախկինում այլ ձեւակերպումներ էր տալիս այդ համակարգին, ասում էր, որ անպայման դրանից պետք է ազատվել, ինչ-որ բա՞ն է փոխվել, նա խուսանավո՞ւմ է՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Չէ, միանշանակ, դա չի նշանակում: Համենայնդեպս, այսօր ես համաձայն եմ, որ ժողովրդավարության պայմաններում չի կարող լինել սուպերվարչապետություն: Հիմա մենք պետք է այս ժողովրդավարությունն այնպես ամրապնդենք, այնպիսի  ժողովրդավարություն ունենանք, մեր ժողովրդավարությունն այնպիսի ամուր հիմքերի վրա լինի, որ որեւէ կերպ ոչ լինի սուպերվարչապետական համակարգ, ոչ նախագահական համակարգ, այսինքն, անձերից, կուսակցություններից վեր լինի ամեն համակարգ: Ամենամեծ համակարգը պետք է լինի ժողովրդավարությունը: Ես վարչապետի խոսքն այդպես եմ հասկացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031