Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղազախներին վաճառած ավտոմեքենաների գործերով հնարավոր է դատական հայցեր ներկայացվեն. Արեն Ապիկյան

Հունվար 27,2020 16:25

Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը համոզված է, որ Հայաստան ներմուծված մեծ թվով ավտոմեքենաները գլխացավանք են դառնալու հենց իրենց՝ ներկրողների համար, որոնցից շատերը մեծ վարկեր են վերցրել՝ այդ ավտոմեքենաները վաճառելու նպատակով ներկրելու համար:

Նա «Հայելի» ակումբում անդրադարձավ հայ-ղազախական տնտեսական խնդրին, որն առաջացել է Հայաստանից Ղազախստան ներկրված ավտոմեքենաների հետ կապված:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը այս տարվա հունվարի 24-ին կառավարության ընդլայնված նիստում նշել Էր, որ Հայաստանից Ղազախստան ներկրված ավտոմեքենաների հետ կապված խնդիրներ են առաջացել: Ըստ Ապիկյանի, խնդիրն այն է, որ Ղազախստանի հազարավոր
քաղաքացիներ ժամանակավոր գրանցումներ են ձեռքբերել Հայաստանում եւ հազարավոր մեքենաներ հայկական պետհամարանիշերով արտահանել իրենց երկիր: Նրա կարծիքով, այս խնդրով նույնիսկ դատական հայցեր կարող են լինել:

Արեն Ապիկյան

Արեն Ապիկյանն այս հարցում Հայաստանի օրենսդրությամբ խախտում չի տեսնում, բայց գտնում է, որ սա կարող է միջպետական խնդիր առաջացնել. «Ղազախստանի քաղաքացիները եկել են իրենց երկիր ավտոմեքենա տանեն՝ չիմանալով իրենց երկրի օրենսդրությունը, որ իրենք պարտավոր են լինելու մաքսազերծեն: Հայաստանի օրենսդրության խախտում չեմ տեսնում, վաճառողը վաճառել է, ուրիշ հարց, որ պետությունը պետք է տեսներ վաճառվող այդ մեծ քանակը եւ կանխատեսեր, որ կարող է Ղազախստանի հետ խնդիր ունենա, այն է, որ մենք գտնվում ենք մի տնտեսական դաշինքի մեջ եւ այնտեղ կան կանոններ: Ինչ-որ ձեւով զգուշացնեին մեր վաճառողներին, տեսնելով այդպիսի խնդիրներ են առաջանում: Կամ Ղազախստանի հետ այդ հարցն ինչ-որ ձեւով պետք է կարգավորեին, որովհետեւ ստացվեց, որ թողեցին բարձիթողի եւ խնդիրներ առաջացան Ղազախստանի եւ Հայաստանի քաղաքացիների միջեւ, որը կարող է միջպետական հարաբերություններում խնդիրներ առաջացնել, մեր քաղաքացիների դեմ դատական հայցեր ներկայացվեն եւ այլն»:

Ինչ վերաբերում է աննախադեպ ծավալներով ավտոմեքենա ներկրելուն, պարոն Ապիկյանն ասաց. «Անցյալ տարի Հայաստան է ներմուծվել է 200 հազար ավտոմեքենա, ինչը խայտառակ մեծ թիվ է Հայաստանի համար: Ո՛չ այդքան պահանջարկ է եղել ո՛չ էլ այդքան վճարունակ մարդ կա, որ այդ ավտոմեքենաները գնեն: Այն մարդիկ, որոնք իրենց համար են ներմուծել, իհարկե, շահել են, բայց այդ մեքենաների մեծամասնությունը ներմուծվել են վաճառելու նպատակով»:

Ըստ նրա, ներկրողները տուժելու են, քանի որ շատերը վարկային միջոցներ են ներգրավել այդ նպատակի համար. «Հիմա իրենք ստիպված չկարողանալով վաճառել այդ մեքենաները՝ շատ էժան գնով փորձելու են ազատվել դրանցից, որպեսզի կարողանան բանկերի առաջ իրենց վարկային պարտավորությունները կատարել: Եվ դա կբերի ավտոմեքենաների շուկայի փլուզմանը, գները կտրուկ նվազելու են: Սա լավ նորություն է նրանց համար, որոնք ուզում են ավտոմեքենա ձեռք բերեն այս տարի: Բայց վատ նորություն է՝ որոնք պլանավորում են ավտոմեքենա վաճառել: Լավ կլիներ, որ այդպիսի բիզնես անելուց առաջ, երբ մտնում էին այդպիսի վարկերի տակ, ավելի լավ ուսումնասիրեին ե՛ւ շուկան ե՛ւ Ղազախստանի հետ հնարավոր խնդիրները»:

Արեն Ապիկյանի խոսքով, պետությունը մոտավորապես 90 միլիարդ դրամի չափով հավելյալ եկամուտ է ստացել ավտոմեքենաների ներկրումից, այսինքն՝ պետության համար լավ է եղել այն, ինչ-որ տեղի է ունեցել, բայց, մյուս կողմից պետությունը կկանգնի ուրիշ խնդրի առաջ. «Մարդիկ տուժելու են, եւ դա բերելու է որոշակի սոցիալական դժգոհության եւ պետությունը պետք է ինչ-որ ձեւով սա կանխատեսեր եւ միջամտեր՝ փորձելով ինչ-որ ձեւով սահմանափակել կամ քվոտավորել՝ ավտոներկրողներին ասելով՝ այսքան մեքենա կարող եք ներկրել եւ վերջ: Դա չարվեց եւ հիմա մենք կտեսնենք դրա բացասական հետեւանքները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031