Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Լավ բան է, որ պետությունը քո գլխին է, մանավանդ օտարության մեջ»

Հունվար 27,2020 16:04

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այս տարի նշում է ծննդյան 81-ամյակը: Մաեստրոն այդ առիթով հյուրընկալվել էր «Արմենպրեսի» մամուլի սրահում:

Կոմպոզիտորը Չեխիայից է վերադարձել՝ Բռնո քաղաքից, որտեղ երկու օր հնչել է նրա Ռեքվիեմը: Մաեստրոն մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թովում՝ նաեւ հայ համայնքի հետ: Նա անդրադարձավ Պրահայի Ռադիո-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի հետ համագործակցությանը, որի առաջարկությամբ էլ գրել է Ռեքվիեմը:

Հենց Լիբրայխի ղեկավարությամբ էլ առաջին անգամ Մանսուրյանի ստեղծագործությունը կատարվել է Գերմանիայում, ապա ձայնագրվել է: Այդ գործին տարբեր երկրներում այլ դիրիժորներ ու խմբեր էլ են անդրադարձել: Տիգրան Մանսուրյանն ասաց, որ իր Ռեքվիեմը հնչել է բոլոր մայրցամաքներում, Հարավային Կորեայից հասել մինչեւ Աֆրիկա, Եվրոպայից Ռուսաստան ու Հայաստան:

«Բռնոյի երկու համերգները, որ եղան, ընդհանուր տպավորությունների տեսակետից կարծես կրկնակի ավելի էր ընդունելությունը՝ եւ սրահի կողմից, եւ քաղաքի երաժշտական կյանքի տեսանկյունից: Խոսք էր գնում, որ սա Եղեռնի զոհերի հիշատակին է նվիրված: Մեծապես աջակցեցին Բռնոյի ֆիլհարմոնիան եւ մեր դեսպանությունը»,-ասաց կոմպոզիտորը: Նա ասաց, որ դեսպան Աշոտ Հովակիմյանը երկու համերգներին էլ ներկա է եղել, ծայրահեղ հոգատար է գտնվել իր հանդեպ: «Ես ուրախ էի, որ ինձ տիրություն էր անում պետականության մեր խորհրդանիշը, անձամբ դեսպանը: Լավ բան է, որ պետությունը քո գլխին է, մանավանդ օտարության մեջ, դրսերում»,-ասաց մաեստրոն:

Այնուհետեւ խոսեց իր այլ ստեղծագործությունների մասին: Ասաց, որ այժմ մի բարդ ստեղծագործության վրա է աշխատում, որն աշնանը պետք է հնչի Իտալիայում: Ստեղծագործությունը նվագախմբի, երգչախմբի եւ մեներգչի համար է, որ պետք է հնչի Ռավեննայում եւ իտալական եւս երկու քաղաքներում:

«Շատ մտահոգ եմ այս գործի որակի հետ կապված, վերադարձել եմ ու այն նորից պետք է վերանայեմ»,- հայտնեց մաեստրոն:

Ինչ վերաբերում է իր ծննդյան օրվան, կոմպոզիտորն ասաց. «Սովորական օր է, երեկոյան մտերիմների մի փոքր խմբով կհավաքվենք, մի քիչ կխոսենք, կենաց կբարձրացնենք»: Հավելեց, որ տարեդարձները, տոներն իր համար առաջ ավելի իմաստավորված էին, այսօր դրանց սովորական է վերաբերվում. «Հոգսերի ծանրությունը մի կողմից, տարիքն էլ մյուս կողմից, նպաստում են, որ նման բաները առօրեական դառնան»:

Դանթեի մասին էլ խոսեց: «Այս տարի աշխարհի մշակութային իրականությունը տոնում է Ալիգերի Դանթեի ծննդյան 700-ամյակը, եւ Իտալիայի կառավարությունը երեք հեղինակի առաջարկել է, որ ամեն մեկը գրի ստեղծագործության մի հատվածը՝ Դժոխք, Քավարան եւ Դրախտ: Կոմպոզիտորներից մեկը իտալացի է, մյուսը ուկրաինացի հանրահայտ կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովն է, երրորդը՝ ես եմ: Ինձ առաջարկել են Քավարանը: Ես համաձայնել եմ, բայց տարօրինակն այն է, որ մեր եկեղեցում Քավարանը գոյություն չունի: Ներկայումս այս աշխատանքով եմ ապրում: Ապագայի եւս մի քանի ծրագրեր կան, որոնց վերաբերյալ վերջնական պատասխան չեմ տվել»:

Նրա խոսքերով, Դանթեն անսահման տիեզերք է. «Աշխատանքի բերումով ծանոթացա մարդկանց հետ, որոնք Դանթեի գրքի հետ կապված խելահեղ ուսումնասիրությունների կուտակում ունեն, դրանք մեծ մարդիկ են, որոնց հայտնաբերեցի…Մեծություններ կան, որոնց աշխարհը մտնելը վերջ չունի»:

Մաեստրոն նշեց, որ իր ներքին պահանջն ու ծրագիրը՝ մեր իրականության հետ կապված, հնարավորինս տեղ բացեն էլ հայոց լեզվի, հայ պոեզիայի համար. «Անցյալ տարի մարտ ամսին իմ հոբելյանական համերգների շարքում երկու համերգ իրականացրի, որոնք ամենաթանկն են ինձ համար: Մի երեկոյի երաժշտությունը կապված էր Իսահակյանի, մյուսինը՝ Չարենցի հետ»:

Ադրբեջանցի Էյվազովի եւ Ռուզան Մանթաշյանի անվան շուրջ սկանդալին էլ անդրադարձ եղավ: «Ես շատ համակրում եմ բոլոր նրանց, որոնք արդարամիտ գտնվեցին եւ ձայն բարձրացրին: Ես կողքից եմ նայում այս ամենին: Սրանք բաներ են, որ տեղի են ունենում եւ էլի կլինեն»,-ասաց կոմպոզիտորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031