«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անլրջացրել է, հավասարեցրել է խոզի բդի, հնդկահավի, զուգարանների, բլինչիկների եւ ճտիկով գրիչի մակարդակի. անլուրջ եմ համարում խոսել որեւէ փաստարկից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով օրերս մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստին, որոնք վկայում են իր կառավարման տարիներին Հայաստանի առաջընթացի մասին:
«Վարչապետը մեկ փաստ չէ, այլ հազար փաստ կարող է ներկայացնել։ Դժբախտաբար, ունենք գործադիր իշխանություն եւ ղեկավար, որը հասարակությունը բաժանում է սեւերի եւ սպիտակների, Փաշինյանի քաղաքական, մարդկային եւ իր իրական դեմքը ինքը ցույց տվեց՝ ձեր հարցերին ի պատասխան, երբ հարցնում եք՝ լրագրողներին ինչո՞ւ չեք հրավիրել, ասում է՝ դե ինձ քննադատում եք՝ փողերն արդյունավետ չեմ ծախսում, դրա համար էլ չեմ հրավիրել։ Այսինքն, իրեն չի կարելի քննադատել հա՞, իրեն պիտի Ներոնի նման գովե՞ն: Փաշինյանը մերօրյա Ներոնն է, իսկ Ներոնի ճակատագիրը շատ տխուր է ավարտվում»,- ասաց Շարմազանովը։
«Դուք լո՞ւրջ եք վերաբերվում, երբ երկրի վարչապետը փաստեր է ներկայացնում ղարաբաղյան բանակցությունների փաստաթղթի վերաբերյալ եւ հղում է անում մամուլին: Երկու տարի է՝ ինքն է բանակցում, ինքը հղում է անում մամուլին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը`հավելելով, որ իր կարծիքով, Նիկոլ Փաշինյանն անհարմար վիճակի մեջ է դնում Արցախի նախագահի թեկնածուներին, «փուռն է տալիս» նրանց`մարտահրավեր նետելով, որ իրենց կարծիքն ասեն հարցի կարգավորման վերաբերյալ: «Կներեք, ես հիմա ուզում եմ իրեն մարտահրավեր նետել. բա քո՞ կարծիքը որն է Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ: Ընկեր ջան, հիմնական բանակցողը դու ես, որն է քո կարծիքը: Երկու օր ազատ ունես, վաղը բանակի օրն է, հրապարակի քո կարծիքը Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը քննադատել էր Արցախի հարցի կարգավորման առնչությամբ նախկին`ՀՀԿ-ական իշխանության թողած «գյոզալ» ժառանգությունը: Էդուարդ Շարմազանովը հակադարձում է. «Մեր իշխանության օրոք ընդունվել է ինքնորոշման իրավունքը`պարտադիր սկզբունք: Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի նախագահները հինգ հայտարարություն են ընդունել`պարտադիր համարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պարտադիր կամարտահայտությունը: Մարդիկ ընդունում են, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը` հանրաքվեով: Եթե Փաշինյանն այդքան լավ կառավարող է, թող այս երկու տարվա ընթացքում վեցերորդ նմանատիպ հայտարարությունը բերեր, ես միայն շնորհակալություն կհայտնեի»,- ասաց նա`երկրորդ մարտահրավերը նետելով Նիկոլ Փաշինյանին. «Այս տարվա ընթացքում, եթե հասցնես կառավարել, վեցերորդ նմանատիպ հայտարարությունը բեր»:
Նա հիշեցրեց Բելառուսի նախագահի հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանը հրաժարվում էր հինգ շրջանները վերադարձնել, հիշեցրեց Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ միջազգային հանրությունն իրենից պահանջում էր`ճանաչել Արցախի անկախությունը եւ հավելեց, որ Փաշինյանի իշխանության ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածում, որն ապտակ է Հայաստանին, Լավրովը Վալդայի ֆորումում Հայաստանին մեղադրում է ապակառուցողականության մեջ, իսկ Փաշինյանն ի զորու չլինելով իր հասարակության, իր քաղաքական գործընկերների հետ երկխոսության գնալ, երկխոսության կոչ է անում Ադրբեջանի ժողովրդին. «Մեր իշխանության ժառանգությունը Վիեննա- Սանկտ Պետերբուրգ –Ժնեւն է, Փաշինյանի իշխանության ժառանգությունը`Դուշանբեի վերելակը»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ