Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞րն է իմաստն արցախցիներին հարցնելու չհաստատված փաստաթղթի մասին, եթե Փաշինյանը լիազորված չէ նրանց անունից բանակցելու». Էլիբեգովա

Հունվար 27,2020 14:57

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ մեջբերեց այն կետերը (այդ թվում՝ յոթ շրջանի վերադարձ Ադրբեջանին), որոնցից սկսած՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո իրեն առաջարկվել է շարունակել Արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները: Դա, ըստ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի՝ Արցախի հարցում թողած ժառանգությունն էր: Aravot.am-ի հետ զրույցում մեջբերված կետերի վերաբերյալ դիտարկումներ է հայտնում քաղաքագետ Անժելա Էլիբեգովան: 

-Ձեր գնահատմամբ՝  ինչպե՞ս է հնարավոր պարզել` Արցախի ժողովուրդը համաձա՞յն է դրան, թե՞ ոչ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատրաստ է բանակցությունները սկսելու այդ կետից, եթե դա ուզեն Արցախի նախագահի թեկնածուներն ու ժողովուրդը, նրանք ուզո՞ւմ են: Իսկ թեկնածուների արձագանքն արդեն կա:  

-Ի սկզբանե մեջբերել բանակցային աշխատանքային գործընթացի սևագիր տեքստ և հարցնել կարծիք՝ պրոդուկտիվ չէ, քանի որ, նախ, չկա վերջնական փաստաթուղթ: Հենց այդ վերջնականի շուրջ էլ գնում են բանակցությունները, ինչը ինքնին ենթադրում է, որ կողմերը պետք է աշխատեն տեքստի փոփոխման վրա՝ ի նպաստ իրենց:

Երկրորդ. Արցախի ժողովրդին պետք է հարցնի Արցախի նախագահը, որը պիտի մասնակցի բանակցություններին որպես լիիրավ կողմ, իսկ ՀՀ-ն ապահովի այդ մասնակցությունը: Ո՞րն է իմաստը հարցնելու արցախցիներին չներկայացված և չհաստատված փաստաթղթի մասին, եթե, միևնույնն է, վարչապետը լիազորված չէ իրենց անունից բանակցելու:

-Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն, արձագանքելով Փաշինյանի հարցադրմանը, մասնավորապես ասաց, որ «Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր հայրենիքի հետ` վերջնանպատակը»: Ենթադրելի է, որ Ադրբեջանը համաձայն չէ սրան։ Որքանո՞վ կարող ենք եզրակացնել, որ Փաշինյանի մատնանշած՝ «Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի 3 ժողովուրդների համար» սկզբունքն այս փուլում իրագործելի չէ:

-Այն, որ այդ լուծումը առհասարակ իրագործելի չէ, կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է։ Համենայն դեպս, փորձագետների բազմիցս բարձրաձայնած հարցին, թե ինչպես են ՀՀ իշխանությունները տեսնում այդ լուծումը, ինչ մոդել են առաջարկում, պատասխան չկա։ Միայն ունենք վարչապետի խոսքն այն մասին, որ այդպիսի լուծում այս պահին գոյություն չունի։ Բայց գոնե մեր տեսլականը պետք է ունենանք։ Այս պահին փաստացի պաշտոնական դիրքորոշում կարող ենք դիտարկել միայն Մնացականյանի Բրատիսլավայի ելույթի թեզերը, որտեղ սկզբունքորեն որևէ փոփոխություն չկա. այն նույն մոտեցումներն են, որոնցով հայկական կողմը տարիներ շարունակ գնացել է բանակցությունների։ Իհարկե, ադրբեջանական և մեր կողմի դիրքորոշումները դիամետրալ տարբեր են հարցի լուծման պատկերացման մեջ, և, իհարկե, բանակցային գործընթացում մեծ հաջողություններ ակնկալել չարժի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031