Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. Պատերազմ հրահրելու ցանկություն Հայաստանի զինված ուժերը չունի, բայց յուրաքանչյուր պահի պատրաստ է ոչ միայն կասեցնելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն, այլ նաև ստիպելու մտորել անվերադարձ կորուստների հետևանքների մասին

Հունվար 27,2020 14:35

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի շնորհավորական ուղերձը Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորման բարդ ընթացք ունեցավ՝ սկսվելով Արցախյան ազատամարտից և շարունակվելով մինչև մեր օրերը, սակայն այս տարիների ընթացքում բազմիցս ունեցանք հերոսական դրվագներ և հպարտանալու առիթներ: Բանակը ոչ միայն համակարգն է, այլև անհատներն են, որ կերտում և ամրացնում են այն: Այսօր նախ և առաջ ուզում եմ շնորհավորել հենց այդ անհատներին, որոնց նվիրյալ, երբեմն ինքնազոհ ծառայության շնորհիվ է, որ ունենք կուռ և ամուր կառույց, որին վստահում և ապավինում է ողջ ազգը: Պատմությունը ցույց է տալիս՝ հենց որակի և ներքին ուժի շնորհիվ է, որ դարեր շարունակ մենք կերտել ենք հաղթանակներ, և այդ ավանդույթը չի խախտվելու:

Մենք երբեք չենք մոռանում՝ հայկական բանակի ակունքներում նախ և առաջ մեր զոհված հերոսների սխրանքն է. մենք շարունակում ենք բանակաշինության գործընթացը՝ հավատարիմ մնալով նրանց  հիշատակին: Փառք ու պատիվ մեր զոհված ընկերներին:

Նաև արձանագրում ենք՝ այսօր մենք ունենք սպայական կիրթ և ուժեղ կազմ, խելամիտ և պատրաստակամ ժամկետային զինծառայողներ, հոգատար և բանիմաց հրամանատարներ, և այս եռամիասնությունն է, որ անսասան է պահում մեր երկրի՝  ինչպես օդային, այնպես էլ ցամաքային սահմանները: Մենք բազմիցս հայտարարել ենք և կրկնում ենք՝ պատերազմ հրահրելու ցանկություն Հայաստանի զինված ուժերը չունի, բայց յուրաքանչյուր պահի պատրաստ է ոչ միայն կասեցնելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն, այլ նաև ստիպելու մտորել անվերադարձ կորուստների հետևանքների մասին:

Ոմանց համար բանակը որդու կամ եղբոր, մյուսների համար հոր պես թանկ է և հարազատ: Ամեն մեկս մեր չափաբաժին հոգածությունն ունենք տալու բանակին՝ փոխարենը ստանալով խաղաղ և զարգացող երկրում ապրելու հավաստիացումը, գրավականը: Վստահ եմ, որ բոլորս շարժվում ենք այս գիտակցմամբ՝ սկսած ընտանիքից մինչև դպրոց, բանակցային սեղանից մինչև մարտական դիրք:

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը և արձանագրում՝ Արցախյան ազատամարտից ծնունդ առած Հայոց բանակը հզոր է առավել, քան երբևէ և կատարելագործվում է ամեն օր:

Կեցցե՛ Հայոց բանակը: Փա՜ռք մեր բոլոր հերոսներին և այս պահին իրենց հայրենիքին ծառայություն մատուցող զինծառայողներին: Պատիվ ունեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031