Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ փաստաթուղթն ընդունված եւ հաստատված չէ». քաղաքագետը՝ Արցախի հարցում Փաշինյանի մեջբերած կետերի մասին

Հունվար 27,2020 14:21

«Խնդիրն այն չէ, թե ինչ է առաջարկվել, այլ այն, թե ինչի շուրջ են կողմերը պատրաստ համաձայնել: Այսօր առայժմ չունենք այն տարբերակը, որն ընդունելի կլիներ բոլոր կողմերի համար եւ հանդես կգար որպես երկարատեւ, կայուն խաղաղության հիմք: Այսինքն՝ չունենք փաստաթուղթը, որը գտնվում է քննարկման մեջ, որքանով որ հասկանում եմ՝ դա աշխատանքային փաստաթուղթ է, այլ ոչ թե այն փաստաթուղթը, որի շուրջ առկա է կողմերի համաձայնությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս հրապարակած այն կետերին (այդ թվում՝ յոթ շրջանի վերադարձ Ադրբեջանին), որոնցից սկսած՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո իրեն առաջարկվել է շարունակել Արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Ալեքսանդր Մարգարով

Նա շեշտեց. «Քանի որ փաստաթուղթը քննարկման փուլում է, իսկ կողմերի սկզբունքային դիրքորոշումները հայտնի են, այն է՝ հայաստանյան կողմերն Արցախը դիտարկում են որպես միջազգային սուբյեկտայնությամբ օժտված պոտենցիալ տարր, համապատասխանաբար՝ նման փաստաթուղթն առայժմ հանդես է գալիս որպես աշխատանքային, ոչ թե վերջնական տեսքով: Դա է խնդիրը: Բանակցային սեղանի շուրջը գտնվողներն ուղղակի շարունակում են քննարկումները, իսկ այն, ինչ կա, վերջնական չէ, հաստատված չէ եւ ընդունված չէ: Մենք առայժմ շարունակվող քննարկումների փուլում ենք»:

Ինչ վերաբերում է Արցախի նախագահի թեկնածուների, այդ թվում՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի՝ Փաշինյանի մեջբերած կետերի վերաբերյալ բացասական  արձագանքին, քաղաքագետը նկատեց. «Պարզ է, որ Արցախի նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուները սկզբունքորեն կարող են ունենալ միայն մեկ հիմնական մոտեցում՝ Արցախը պետք է պահպանի իր անկախությունն այս կամ այն սահմանների մեջ, բայց այդ սահմանները ամրագրված են գործող Սահմանադրությամբ: Այսինքն, քաղաքական գործիչները խուսանավելու քիչ տեղ ունեն: Նրբությունները մասամբ արտացոլված են Աշոտ Ղուլյանի հայտարարությունում, որում խոսքը մինիմալի եւ մաքսիմալի մասին է, բայց, առաջնային կետը բոլոր թեկնածուների համար նույնն է: Դա վերաբերում է նրան, որ Արցախը պետք է պահպանի իր անկախ կարգավիճակը: Դա այն կետն է, այն կարմիր գիծը, որը չի կարելի անցնել, այսինքն՝ Արցախը հանդես է գալու որպես միավոր, որը Հարավային Կովկասում արդեն երեսուն տարի հանդես է գալիս որպես կարեւոր տարր»:

Հիշեցնենք՝ վարչապետն ասել էր, որ պատրաստ է վերսկսել բանակցություններն այն կետից, որ թողել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ու հարցադրում արել՝ Արցախի նախագահի թեկնածուներն ու Արցախի ժողովուրդն ուզո՞ւմ են դա:

Ալեքսանդր Մարգարովն այս առնչությամբ ընդգծեց. «Արցախի ժողովուրդն արդեն իսկ հանրաքվեի միջոցով եւ պետական ինստիտուտների կառուցմամբ հաստատել է պատրաստակամությունն ու վճռականությունը՝ ունենալու սեփական պետություն, իսկ ՀՀ-ն եւ ՀՀ քաղաքացիները քանիցս ապացուցել են, որ հանդես են գալիս որպես երաշխիք՝ Արցախի հետ միասին: Ադրբեջանը չի համաձայնի այն հանգամանքին, որ Արցախը շարունակի լինել անկախ պետություն, այսինքն՝ մինչեւ օրս չկա բանակցային համընկնող դիրքորոշում՝ հայաստանյան կողմերի եւ ադրբեջանական կողմի միջեւ: Հայաստանյան կողմը պնդում է, որ Արցախն իր կարգավիճակով պետք է լինի անկախ: Բնականաբար, Ադրբեջանը չունի հնարավորություն այդ մոտեցման  հետ համաձայնելու: Առայժմ բանակցային գործընթացը գտնվելու է այս տիրույթում, երբ դիրքորոշումները չեն համընկնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031