Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի իշխանություններին քննադատող զեկույց՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում

Հունվար 27,2020 14:11

Հունվարի 27-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Հունվարի 27-31-ն անցկացվող նստաշրջանի ընթացքում Վեհաժողովը կընտրի նոր նախագահ: Միայն մեկ թեկնածություն է առաջադրված՝ բելգիացի Հենրիկ Դիմսը:

Նշենք, որ Վեհաժողովը կընտրի իր 20 փոխնախագահներին և կնշանակի 9 հանձնաժողովների անդամներ:

Վեհաժողովն այս նստաշրջանի ընթացքում կհյուրընկալի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Հունվարի 29-ին՝ նստաշրջանի երրորդ օրը, քվեարկության կդրվի «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների դեպքերի մասին արձանագրված փաստեր» խորագրով զեկույցը: Ադրբեջանի իշխանություններին քննադատող այս զեկույցի  հեղինակն է Իսլանդիայից ընտրված պատգամավոր, իրավապաշտպան, ակտիվիստ ու հետաքննող լրագրող Սուննա Էվարսդոտտիրը:

Զեկույցը Ադրբեջանում մարդու իրավունքները ոտնահարելու, ընդդիմախոսներին ազատազրկելու մասին է: Այստեղ նշվում է, որ Ադրբեջանի՝ ԵԽ անդամ դառնալուց ի վեր՝ 2001-ից սկսած ԵԽ-ն մտահոգված է այս երկրում քաղաքական բանտարկյալներին առնչվող փաստերով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է կարևոր որոշումներ՝ Ադրբեջանում քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների, քաղաքացիական ակտիվիստների, մարդու իրավունքների պաշտպանների, իշխանություններին քննադատող լրագրողների նկատմամբ մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը համարելով կամայական, որը հաճախ զուգորդվել է բռնություններով և նրանց՝ կարծիքն արտահայտելուն ուղղված սահմանափակումներով: Այս վճիռներից շատերը փաստում են, որ նման դեպքերից շատերը լիովին համապատասխանում են «քաղաքական բանտարկյալ» եզրույթին, որը սահմանվել է ԵԽԽՎ-ի ընդունած Բանաձև 1900-ով:

Զեկույցում հեղինակը մի շարք առաջարկություններ է ներկայացնում Ադրբեջանի իշխանություններին և Նախարարների կոմիտեին ՝ Ադրբեջանում այս խնդիրը լիարժեք և կայուն լուծելու համար:

Զեկույցում հեղինակը հետևյալ եզրահանգումն է կատարում. «Այլևս որևէ կասկած չկա, որ Ադրբեջանը քաղբանտարկյալների խնդիր ունի, որը կառուցվածքային ու համակարգային բնույթ է կրում»:

Նշենք, որ Վեհաժողովին նաև առաջարկ է ներկայացված հրատապ ընթացակարգով Թուրքիային վերաբերող մի քննարկում կազմակերպել՝ «Թուրքիայում օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության շարունակական խախտում. ի՞նչ կարելի է անել, որպեսզի Թուրքիան օգնել վերադառնալ ԵԽ հիմնական արժեքներին և չափանիշներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031