Ամերիկյան «CNN» լրատվականի կայքում տեղեկություն էր տարածվել, որ երեք հրթիռ է ընկել Իրաքում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության համալիրում, որի ժամանակ մի անձ է վիրավորվել։
Իրավիճակի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցեց տարածաշրջանային հարցերով փորձագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ։
Սարգսյանը հիշեցրեց, որ դեռևս 2019 թվականի վերջերին Իրաքի խորհրդարանը որոշում կայացրեց, որ ԱՄՆ-ը պետք է իր զորքերը դուրս բերի Իրաքի տարածքից, դրան զուգահեռ տեղի ունեցավ «Իսլամական հեղափոխության պահապաններ» զորամիավորման «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը։
Ըստ Սարգսյանի, ԱՄՆ դեսպանությունն Իրաքում ամենապաշտպանված դեսպանություններից մեկն է աշխարհում, եթե ոչ ամենապաշտպանվածը, ԱՄՆ-ը լրացուցիչ զինված ուժեր է ուղարկել և տեղակայել, որպեսզի պաշտպանի իր դիվանագիտական ներկայացուցչության տարածքն ու դիվանագետներին։
Կարդացեք նաև
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Միացյալ Նահանգները հրթիռակոծումը դիտարկի ԱՄՆ-Իրան հակամարտության կոնտեքստում, պատասխանեց, որ բնականաբար, քանի որ Սոլեյմանիի սպանությունը հենց փոխկապակցված էր Բաղդադում ԱՄՆ դեսպանության գրավման փորձի հետ, Միացյալ Նահանգները մեղադրեց հենց Սոլեյմանիին ակցիաները կազմակերպելու մեջ։
«Մշտապես ցանկացած նման իրավիճակ պետք է նաև դիտարկել այս երկու պետությունների ընդհանուր հակամարտության տրամաբանության մեջ, որովհետև այդ հակամարտությունը գլոբալ է, և ոչ միայն երկկողմ բնույթ է կրում, այլև՝ բազմակողմ այն առումով, որ մշտապես զուգահեռ գործողություններն ընթանում են այլ պետությունների տարածքում, և այլ պետությունների ներգրավմամբ»,- ընդգծեց ամերիկագետը։
ԱՄՆ հետագա քայլերի մասով Սուրեն Սարգսյանն ասաց, որ Թրամփի՝ Մերձավոր Արևելքից ԱՄՆ զորքերի դուրսբերման վերաբերյալ խոստումը դեռևս ամբողջությամբ չի կատարվել, և չի բացառվում, որ մինչև հաջորդ ընտրություններն ԱՄՆ նախագահն իր այդ խոստումն իրականացնի։ «Ես սա մեծ հաշվով այս իրավիճակը միգուցե նաև լեգիտիմացնի իր այդ որոշումը՝ զորքերը դուրս բերել Իրաքից, Սիրիայից և այլ պետություններից։ Դրա համար որևէ բան այս պահի դրությամբ բացառել չեմ ուզում»,- եզրափակեց նա։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: