Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորս էլ գրիչ կտայինք, որ վարչապետն օգտվեր գրիչից, բայց բոլորս էլ հետ կվերցնեինք». Հովիկ Աղազարյանը վստահ է՝ Հրայր Թովմասյանը դատը տանուլ կտա, քանի չի ասել, որ գրիչն իրենը չէ

Հունվար 27,2020 13:52

Հրայր Թովմասյանը դատը տանուլ կտա, որովհետեւ դա իրեղեն ապացույց է, հո ինքը չի՞ ասել, որ դա իմ գրիչը չէ:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրած գրիչի պատմությունը երեկվանից բուռն քննարկվում է սոցցանցերում:

Aravot.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրեց՝ դուք իսկապե՞ս անկեղծորեն գտնում եք, որ այդ գրիչը նշան է այն բանի, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իշխանություններին: Նա պատասխանեց. «Այդ գրիչը ոչ միայն, այսպես կոչված, իրեղեն ապացույց է, այլ նաեւ այն հիմնավորումները, որ վարչապետը բերել է այդ գրիչը ներկայացնելիս, այն գրառումը, որն արեց, թե ոնց է հայտնվել գրիչն իր մոտ, ինչ պարագայում ու ինչպիսի դրություն էր, մենք դրա վրա պիտի ուշադրություն դարձնենք, ոչ թե հենց կոնկրետ գրչի: Թե չէ հակառակ դեպքում ի՞նչ պետք է տեղի ունեցած լիներ, որ արժանանար այդպիսի գնահատականի: Գրիչի հետ կապված այն երկխոսությունը, որը տեղի ունեցել վարչապետի եւ Հրայր Թովմասյանի միջեւ, վարչապետը, ոչ ուղիղ խոսքով, բայց հնչեցրել է»:

Դիտարկմանը, որ ողջ համացանցում այդ գրչի հետ կապված կատակներ են անում, վերհիշում, թե ով ում է գրիչ տվել, մարդիկ ասում են, որ բոլորս էլ կտայինք մեր կողքինին գրիչ, դա ծառայություն մատուցելու հետ ի՞նչ կապ ունի, քաղաքավարություն է՝ Հովիկ Աղազարյանն արձագանքեց. «Բոլորս էլ գրիչ կտայինք, որ վարչապետն օգտվեր գրիչից, բայց բոլորս էլ հետ կվերցնեինք, որովհետեւ էդ ժամանակ արդեն կհասկացվեր, որ դու ծառայություն ես մատուցում վարչապետին: Հա, էդ պահին դու տվել ես գրիչը եւ ինքը օգտվել է գրիչից, դու ինչ-որ իմաստով լավ բան ես արել տվյալ պահին՝ էթիկայի կանոնների համաձայն, բայց պետք է հետ վերցնեիր: Արդեն ոնց որ թե տպավորությունն այնպիսին է, որ, փաստորեն, առիթն օգտագործվել է, որպեսզի վարչապետին նվեր տար եւ բանից պարզվեց՝ ոչ այնքան էժան նվեր: Այն, որ վարչապետին գրիչ է տվել, ես ոչ մի դատապարտելի բան չեմ տեսնում, ամեն ինչ սկսվել է նրանից, որ ինքը հրաժարվել է գրիչը հետ վերցնել, խոսքը դրան է վերաբերվում»:

Հարցրեցինք՝ այսինքն, եթե սովորական, թղթե գրիչ լիներ, էլի նորմալ էր, բայց քանի որ թանկարժեք գրիչ էր, համարվում է քծնանքի պարագա՞՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Չէ, եթե ոչ թանկարժեք գրիչ լիներ ու չվերցներ, էլի դրանից իրավիճակը շատ չէր փոխվի: Եթե չեմ սխալվում, վարչապետն էլ տեղյակ չէր, որ թանկարժեք գրիչ է, նրան ասացին օգտատերեր, որ 540 եվրո է, դրանից չի փոխվում էությունը: Եթե նույնիսկ թանկարժեք գրիչ չլիներ ու հետ չվերցներ, ապա դա կընկալվեր, որ պահը օգտագործել, չարաշահել իրավիճակը՝ նվեր տալու համար: Ու այդ ամեն ինչը ուղեկցվել է զրույցով: Վարչապետը մեզ տեղյակ է պահում ու ես չունեմ հիմք՝ չհավատալու վարչապետի խոսքերին, հո չէ՞ր ձայնագրելու էդ ամեն ինչը, որ դառնար իրեղեն ապացույց»:

Հարցին՝ Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով այնուամենայնիվ նորմալ իրեղեն ապացույց այն բանի, որ ինքը ամեն շաբաթ, ամեն ամիս իր ծառայություններն է առաջարկել իշխանություններին, ձեր կարծիքով, վկաներ կլինե՞ն այդ խոսակցություններին, թե՞օդի մեջ կմնա Փաշինյանի ասածը՝ Աղազարյանը պատասխանեց. «Ես, օրինակ, տեղեկություն ունեմ, որ 8000 դրամանոց ապրանք իբրեւ թե հափշտակած մարդուն համարել են ծանր հանցագործություն կատարած: Հիմա 540 եվրոյանոց ապրանքը, որը տրվել է այսպես կոչված ինչ-որ իմաստով նաեւ զարտուղի ճանապարհներով, չի՞ կարող համարվել՝ որպես իրավիճակ ստեղծելու մի միջոցառում, եթե իրավաբանորեն նայենք: Եթե իրավաբանորեն նայենք, ապա Հրայր Թովմասյանը դատն անպայման տանուլ կտա, որովհետեւ դա իրեղեն ապացույց է, եթե չխորանանք մարդկային հարաբերությունների մեջ: Հրայր Թովմասյանը դատը տանուլ կտա, որովհետեւ դա իրեղեն ապացույց է, հո ինքը չի՞ ասել, որ դա իմ գրիչը չէ: Եթե ասի, որ դա իր գրիչը չի, դա ուրիշ բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Գործով զբաղվեք: Ամոթ է…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031