Լրահոս
Օրվա լրահոսը

«Սատանան մանրուքների մեջ է». Փաշինյանը Հրայր Թովմասյանի հետ կապված փակագծեր է բացում ու հայտարարում. «Այդ մարդը չի կարող լինել ՍԴ-ում»

Հունվար 27,2020 13:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին եւ գրիչի պատմությանը, որն այս օրերին բուռն քննարկվում է սոցցանցերում:

Նա ասաց, որ սատանան մանրուքների մեջ է ու պարզաբանեց, որ չնայած մի քանի դետալ է ներկայացրել, բայց այն ամբողջացնելու ու տրամաբանական շղթան դասավորելու անհրաժեշտություն կա, որ պատմությունը դառնա ամբողջական. «Այսօր ՀՀԿ նախկին անդամները երկրից երկիր են գնում, միջազգային կազմակերպությունից կազմակերպություն են գնում՝ արձանագրելու համար, որ ՀՀ իշխանությունները հետապնդման են ենթարկում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանին եւ անձնական հաշվեհարդար են փորձում տեսնել նրա հետ: Այս պնդումների միջոցով փորձ է արվում վնասել ՀՀ-ի՝ ժողովրդավարական, իրավական պետություն լինելու իմիջը»:

Փաշինյանը պատմեց, որ 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո ՀՀ կառավարությունը Հրայր Թովմասյանի հրաժարականը չպահանջեց. «Չպահանջեց ինչու՝ ոչ թե մենք սիրում էինք Հրայր Թովմասյանին, այլ չպահանջեց, որովհետեւ մենք որոշել էինք, որ պետք է հարցերին մոտենանք ինստիտուցիոնալ՝ իրավական կտրվածքով, որ եթե կա պաշտոնյա, որը շատ թե քիչ օրինական ընտրվել է այդ կարգավիճակում, ուրեմն պետք է ոչ թե մեր անձնական ճաշակով առաջնորդվենք, այլ՝ պետական տրամաբանությամբ: Բանը հասավ այնտեղ, որ ՀՀ առաջին փոխվարչապետը՝ Արարատ Միրզոյանը, ասաց՝ չի կարծում, թե Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա ՍԴ նախագահի պաշտոնից: Քննադատվեց նա դրա համար, մենք բոլորս քննադատվեցինք: Այնուամենայնիվ, ինչպես նշել էի երեկվա դետալի մեջ, անձամբ իմ վերաբերմունքը լիարժեք չէր այս իրավիճակի նկատմամբ: Կար իրավաբանների ու մարդկանց խումբ, ովքեր մեկ-երկու անգամ ինձ դիմել էին ու ասել, որ իրականում Հրայր Թովմասյանի գտնվելը ՍԴ նախագահի պաշտոնին ապօրինի է եւ սահմանադրական տրամաբանությամբ եւ կա նաեւ ուրիշ հանգամանք՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ կոմբինացիան առանց կեղծիքների հնարավոր չէր լինի իրականացնել: Եթե անկեղծ ասեմ, այս նախնական տեղեկությունը ինձ հետաքրքիր թվաց: Դա 2018-ի հունիս-հուլիս ամիսներն էին, պատկերացրեք, երկիրը երկու ամիս կառավարություն չէր ունեցել, ինչ օրակարգ էր հայտնվել իմ սեղանին: Ես այն ժամանակ էդ տեղեկատվությամբ զբաղվելու նորմալ ժամանակ չեմ ունեցել: Հետո, երբ ամենի ինչ կարգավորվեց, ես նշումներիս տետրը թերթում եմ, տեսնում եմ, թե ինչ թեմաներ եմ բաց թողել»:

Փաշինյանը պատմեց, որ հետո հրավիրել է այն մարդկանց, ովքեր այդ տեղեկատվությանը, վերլուծությանը տիրապետում են ու բացատրություն խնդրել. «Երբ որ ես ավելի մանրամասն իմացա, թե ինչի մասին է խոսքը, ինձ համար նույնիսկ չկար ընտրություն՝ ես դրանով պե՞տք է զբաղվեմ, թե չէ, ընդ որում, մենք այդ ժամանակ ՍԴ անդամներից որեւէ մեկի հետ որեւէ պրոբլեմ չենք ունեցել, չի եղել որեւէ հարց: Ես տալիս եմ հանձնարարական՝ հասկանալու, թե սա ինչի մասին է: Այդ ընթացքում ես ստանում եմ հետազդակներ, որ այ, եթե մենք էս հարցերով զբաղվենք, տենց պրինցիպիալ գտնվենք, պրոբլեմներ կունենանք, լարվածություն կառաջանա, ինչի՞ ենք անիմաստ բզբզում, ՍԴ-ն նորմալ աշխատում է, ինչպես եղել է, միշտ էլ կլինի, ՍԴ նախագահն էլ լոյալություն է ցուցաբերում, ի՞նչ կարիք կա դրանով զբաղվել: Էդ հարցը դրված է եղել իմ սեղանին, բայց ես, հաշվի առնելով իմ անցած ճանապարհը, ինքս ինձ խոստացել եմ, որ անսկզբունք կոմպրոմիսների ու անսկզբունք խաղերի չեմ գնա: Այդ ընթացքում սկսեցին գալ ինֆորմացիաներ, որ Հրայր Թովմասյանը պատրաստ է համագործակցության, ասում է՝ ես եմ գրել Սահմանադրությունը, ինչ եք անում, մենք նորմալ աշխատում ենք… Բայց էլի ինձ համար չի եղել հարց, որ ես պետք է ինչ-որ իրավիճակ օգտագործեմ նեղ կուլիսային պայմանավորվածությունների եւ այլնի համար: Այդ ժամանակաշրջանում էր, որ ի հայտ եկավ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի նամակը եւ թեման, որ ՍԴ նախագահի պաշտոնն օկուպացված է, դարձավ հանրամատչելի: Այդ նամակի վրա սկսեցին գալ ամենատարբեր ինֆորմացիաներ: Երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունները չեն համաձայնում իր կողմից արված կեղծիքները կոծկել, ՍԴ նախագահը սկսեց քաղաքական դաշտում որոշակի իր համար պաշտպանություններ փնտրել ու այս ողջ պրոցեսը կուլմինացիայի հասավ ապրիլ-մայիսին, սկսեցին, այդ թվում հանրապետությունից դուրս իրենց համար պաշտպանություններ փնտրել ու դա ուղղված էր, ըստ էության, ՀՀ պետական շահերի դեմ: Երբ հրապարակային այդ բանը պայթեց՝ Վահե Գրիգորյանի նամակը, ինֆորմացիաների ծավալը սկսեց մեծ ծավալով հոսել: Դրանց հիման վրա հարուցվեցին քրեական գործեր ու դրանց հիման վրա տեղի ունեցավ ամենամեծ բացահայտումը՝ փաստացի, ապացուցված, անառարկելի: Եթե մյուս գործերի մասին դեռ կարող ենք խոսել անմեղության կանխավարկածի մասին, այս դեպքում անառարկելի փաստ գոյություն ունի, որ ՍԴ նախագահի ընտրությունը ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքով, դա կեղծ ընտրություն է եղել, ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով»:

Վարչապետն ասաց, որ եղել է երկու տրամաբանություն՝ այդ փաստն օգտագործել ու դրա միջոցով ՍԴ-ն առնել վերահսկման տա՞կ, թե՞ գտնվել սկզբունքային ու գնալ ճշգրիտ գնահատականների ու լուծումների ճանապարհով. «Այս գրիչը, որ շատ պուճուր դետալ է թվում, իրականում այս ամեն ինչի սիմվոլն է: Մենք կարող էինք այնպես անել, որ ՍԴ նախագահը լինի այնպիսի ՍԴ նախագահ, ինչպիսին ունեցել է ՍԴ-ն՝ իր ստեղծման առաջին օրից: Բայց ես գնացել եմ ուրիշ ճանապարհով: Ես հասկացել եմ, որ չի կարելի սիրո եւ համերաշխության հեղափոխությամբ հասնել իշխանության ու խնդիր դնել ունենալ խամաճիկային ՍԴ: Երբ որ ՍԴ նախագահը տեսել է, որ մեզ պետք չի դա, ՍԴ նախագահը դարձել է ընդդիմություն, պատկերացնո՞ւմ եք, ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ: Պետք է հետաքննվի՝ այդքան որ գնացել-եկել են տարբեր տեղեր, ի՞նչ նպատակով են գնացել ու ում հետ են հանդիպել, որովհետեւ կարող է պարզվի, որ ՀՀ անվտանգության խնդիր է, ներառյալ կոռուպցիոն դեպքերը: Այսինքն, երբ որ մենք իմանում ենք, որ կոռուպցիոն գործ կա, պետք է դա կոմպրոմա՞տ օգտագործենք, թե՞ սկզբունքային գտնվենք»:

Փաշինյանն ասաց, որ այս ամբողջ տեղեկատվությանն իր բոլոր դետալներով տիրապետում էին երեք հոգի. «Երեքից երկուսը ոչ միայն ընդդիմադիր են, այլեւ գործող իշխանության եւ իմ նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից, որովհետեւ իրենց հետ կապված հարցեր կան: Հարց է եղել, ասել եմ՝ պետք է քննվի, ով ուզում է լինի: Կոռուպցիոն հետաքննությունների մեջ են ու այդ մարդիկ իրենց կաշին փրկելու համար ամեն ինչի կդիմեն ու դիմում են: Սատանան մանրուքների մեջ է: Քանի որ ես ի ցույց էի դրել մանրուքը եւ ֆոնը լրիվ չէի բացել, էդ մանրուքը կարող է ծիծաղելի թվալ»:

Նորից Հրայր Թովմասյանին անդրադառնալով՝ վարչապետն ասաց. «Այդպիսի կեղծիքների միջոցով ընտրված մարդը իրավունք չունի ՍԴ նախագահ լինել ու ընդհանրապես ՍԴ-ում լինել: Եթե կեղծիքի միջոցով ընտրված մարդ է, այդ մարդու դեմ էդ միշտ օգտագործելու է, այդ թվում՝ այլ կեղծարար ուժերի կողմից, այդ ՍԴ-ն դառնալու է այլ կեղծարար ուժերի դաշնակիցը՝ երկրում զարգացումը եւ օրինականությունը տորպեդահարելու համար, այդ մարդը չի կարող լինել ՍԴ-ում, ինչպես չի կարող լինել վարչապետ, պատգամավոր, նախագահ: Վերջին 7-8 ամսվա մեջ իմ մեջ այս բանավեճն է ամեն օր տեղի ունեցել ու ես ուրախ եմ, որ չեմ գնացել կուլիսային պայմանավորվածությունների ու վերահսկելի իրավիճակ ունենալու առումով, գնացել եմ մի ճանապարհով, որը ազնիվ է մեր ժողովրդի առաջ, հակասում է նույնիսկ իշխանության ու կառավարութան մերկանտիլ շահերին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Գլխավոր դատախազի մասին էլ ինֆորմացիա եղավ որ 200հազար դոլարանոց առանձատունա կառուցել։Բայց էտ հարցին տենցել ընթացք չտրվեց, անպատասխան մնաց հարցը թե ոնցա մի ասենք 800հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյան 200հազար դոլարանոց տուն կառուցել։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031