Լրահոս
Օրվա լրահոսը

ORSIS-ի ներկայացուցիչը հարցաքննության է կանչվել Հայաստանի ՀՔԾ

Հունվար 27,2020 11:50

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հարցաքննել է ORSIS ապրանքանիշի տակ սպառազինություն արտադրող «Արդյունաբերական տեխնոլոգիաներ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ Սիմոն Ամիրովին սպառազինությունների մատակարարման գործով քննության շրջանակում: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Հայաստանում ORSIS-ի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

«Ըստ մեր տեղեկատվության՝ նրանց մոտ հարցեր են եղել, ինչպես ես հասկանում եմ, կապված Հայաստանում, ընդհանուր առմամբ մեր բիզնեսի կազմակերպման հետ: Ինձ թվում է՝ նրանց պետք է նաև հետաքրքրի այն, որ ըստ իմ տեղեկությունների, մեր ընկերությունը ռուսական գրասենյակի խնդրանքով՝ որպես բարեկամական, գործընկերային հարաբերությունների նշան՝ պաշտպանության նախարարությանը հրացան են նվիրել: Եվ, ըստ մեր տեղեկությունների, այդ հրացանը չի փոխանցվել բանակի հաշվեկշիռ, և, կարծես թե, այն գրանցված է փոխնախարարներից մեկի՝ Մակար Ղամբարյանի անունով»,- ասել է փաստաբանը:

Ընդ որում, նա նշել է, որ ընկերության ներկայացուցչի հարցաքննությունը պայմանավորված է եղել նրանով, որ նա այդ դրվագների մասին քննությանը հետաքրքրող տեղեկատվության է տիրապետում: «Հաշվի առնելով, թե ինչի համար են կանչել Ամիրովին, որևէ վտանգ չկա, սա զուտ ֆորմալ գործընթաց է. նա տիրապետում է տեղեկատվության, որը պետք է փոխանցի քննությանը: Սիմոն Ամիրովի անձի և մեր գրասենյակի հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում, քանի որ այդ մարդիկ տուժող են»,- ընդգծել է Սիրունյանը:

«Ի սկզբանե գործը հարուցվել է Քննչական կոմիտեում, այն սկսել են քննել, և քննությունը նրանք ցանկանում էին տանել ծուռումուռ ճանապարհով, քանի որ մենք այնտեղ բացահայտել ենք մի շարք կասկածելի կապեր՝ սկսած նրանից, որ պաշտպանության նախարարը և ռազմական գործերով վարչության պետը աներ-աներորդի են, մենք նաև պարզել ենք, որ Հայաստանի գլխավոր դատախազը և պաշպանության նախարարության գնումների համար պատասխանատու գլխավոր պաշտոնատար անձը նույնպես ազգականներ են»,- ասել է փաստաբանը:

Նրա խոսքով՝ այս պահին քննությամբ զբաղվում է Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը, որը քննում է կոռուպցիոն բնույթի գործեր:

«Մենք բողոք ենք ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով ապահովել օբյեկտիվություն, իսկ օբյեկտիվությունը կարող է լինել միայն այնտեղ, որտեղ չկան ազգակցական կապեր: Ի զարմանս մեզ՝ մեր բողոքը բավարարվել է, և գործը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայությանը»,- ասել է փաստաբանը:

Իր հերթին, Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ գերատեսչությունը ««Պրոմտեխնոլոգիա» ընկերության հետ համագործակցության առումով որևէ խնդիր չունի»:

«Ինչ վերաբերում է կոնկրետ քրեական գործերին, նպատակահարմար չեմ համարում մեկնաբանել դրանք լրատվամիջոցներում: Ավելին, ճիշտ չեմ համարում ռուսական լրատվամիջոցներում մեկնաբանել ներհայաստանյան խնդիրներ»,- ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նման մեկնաբանությունները էթիկապես ճիշտ չեն լինի, քանի որ «այստեղ հիշատակվում են պաշտպանության նախարարի, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անուններ»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031