Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը գերմանական Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում իր պետության պատրաստակամությունն է հայտնել բանակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ` պայմանով որ Վաշինգթոնը հակաիրանական պատժամիջոցները լրիվորեն կամ մասնակի կերպով բեկանի:
ԱՄՆ-ն 2018 թվականի մայիսին հետ վերցրեց իր ստորագրությունը Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համաձայնագրից, Իրանին զսպելու համար դա համարեց անբավարար, վերականգնեց ծանր պատժամիջոցներ և Իրանի հետ միջազգային նոր բանակցություն պահանջեց: Համաձայնագրին դեռ հավատարիմ են մնացել Ռուսաստանը, Չինաստանը և եվրոպական եռյակը, բայց Իրանը հինգ փուլով հեռացել է համաձայնագրի կետերից և դարձյալ ավելացնում է իր ցենտրիֆուգների և հարստացած ուրանի քանակը:
Եվրոպական եռյակը (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) գրավոր կերպով զգուշացրել է Իրանին, որ համաձայնագրի կետերի խախտման շարունակվելու դեպքում հարցը մինչև վեց ամիս կփոխադրվի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ և վրա կհասնեն նաև միջազգային պատժամիջոցներ:
Իրան-ԱՄՆ հարաբերությունները նախորդ շաբաթների շիկացած մթնոլորտի համեմատ մտել են հանդարտ փուլ և բոլոր կողմերը` ներառյալ Եվրոպան ու մյուս դերակատարները սպասողական վիճակում են. առջևում են ԱՄՆ նախագահական ընտրությունները, Իրանում ևս սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Իրանը կքում է ամերիկյան սաստիկ և աննախընթաց պատժամիջոցների բեռան տակ և փորձում է ելքեր գտնել. Եվրոպան Սիրիայի, Իրաքի ու Լիբիայի գաղթականների դառը փորձը նկատի ունենալով մտահոգ է իրավիճակի սրումից. միջնորդական առաքելությամբ են զբաղված Ճապոնիան և Օմանի Սուլթանությունը, երեկ Բրիտանիայի արքայազն Չարլզը հայտարարել է միջնորդական առաքելությամբ Իրան այցելելու մտադրության մասին: Այս մթնոլորտում ԻԻՀ-ի արտաքին գործերի նախարար Զարիֆը գերմանական «Դեր Շպիգել» պարբերականին տված հարցազրույցում դարձյալ պատրաստակամություն է հայտնել բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց պայմանով, որ նախապես վերանան պատժամիջոցները:
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահի արձագանքն այս առաջարկին եղել է շատ արագ և կտրուկ. նա իր թվիթերի երկլեզվյան էջում գրել է «No, Thanks! نه مرسى»: Փորձագետների կարծիքով ԱՄՆ-Իրան հակադրության այս փուլում պատժամիջոցների միջոցով կիրառվող վաշինգթոնյան «Առավելագույն ճնշման» (maximum pressure) քաղաքականությունը տվել է իր արդյունքը: Հիբրիդային այս պատերազմի հետևանքով փլուզման եզրին է Իրանի տնտեսությունը, գործարանները հումքից, սարքավորումներից և պահեստամասերից զրկվել են, տուժում է արդյունաբերությունն ու սպասարկումը, դեղերի սաստիկ պակաս կա, բազմապատկվել է անգործների թիվը և սոցիալական դժգոհության սաստիկ ալիք է բարձրանում. նախորդ ամիս բենզինի թանկացման որոշման հաջորդեցին հսկայածավալ ցույցեր, որոնք հարյուրավոր ցուցարարի մահվան և ձերբակալման պատճառ դարձան:
Իրանի միջուկային, հրթիռաշինության և տարածաշրջանային հավակնությունների զսպումը Թրամփի հաղթաթուղթն է և չի թվում ընտրարշավի նախօրյակին նա պատրաստ լինի թուլացնել պատժամիջոցները. որոշ վերլուծաբանների կարծիքով նախագահ Թրամփը հենց այս պատժամիջոցների և Իրանի սոցիալական բուռն դժգոհությունների ֆոնի վրա իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հրամանն արձակեց, որոշում որի համարձակությունը նախագահներ Բուշն ու Օբաման չունեցան:
Զարիֆի հարցազրույցը և Թրամփի պատասխանը բուռն քննարկման առիթ է դարձել Իրանի մամուլում: Մենք սովոր ենք Իրանից երկու ձայն լսելու. մեկը երկրի փաստացի ղեկավար Խամենեիի և իր միլիոնավոր պաշտպանների կողմից և մեկը լիազորություններ չունեցող նախագահի համակիրների կողմից: Պրն Խամենեին ընդամենը մեկ շաբաթ առաջ բացառել էր ԱՄՆ-ի հետ բանակցությունը, իսկ այսօր երկրի արտաքին գործերի նախարարը բանակցության համար պայմաններ է դնում: Առաջնորդի կողմնակիցները դատափետել են արտգործնախարարին նրան համարելով հեղափոխության արժեքներին դեմ քայլող և մուրացողի դերում եղող գործիչ. որոշներն էլ Զարիֆի կոչը համարել են խաղաղասիրական, որը Իրանի շուրջ եղած կռվազանի տպավորությունը կցրի և գնդակը Վաշինգտոնի դաշտ կտեղափոխի:
Սպասենք հառաջիկա շաբաթների զարգացումներին:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ