2019-nCoV վարակը Չինաստանում հանգեցրել է արդեն 56 մարդու մահվան, ավելի քան երկու հազար վարակված հիվանդներ կան։ Ուհան քաղաքը, որտեղ ենթադրաբար սկսվել է տարածվել հիվանդությունն, ամբողջությամբ մեկուսացված է արտաքին աշխարհից։
Սակայն վարակը տարածվել է Չինաստանի այլ քաղաքներում ևս՝ հասնելով Պեկին ու Շանհայ։ Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Միացյալ Նահանգներում, Թաիլանդում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում և Կանադայում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրավիճակը գլոբալ սպառնալիք չի հայտարարել։ Մյուս երկրները դեռևս սահմանափակվում են Չինաստանից ժամանող ուղևորների բուժզննմամբ։
Ինչպես հաղորդում է Reuters–ն, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ տարհանում է Ուհանում իր հյուպատոսության անձնակազմը։ Հայտարարվել է նաև, որ դեպի Սան Ֆրանցիսկո նույն չվերթում, որը պլանավորված է փետրվարի 28–ին, սահմանափակ քանակությամբ տեղեր կտրամադրվեն ամերիկյան այլ քաղաքացիների։
Կարդացեք նաև
Վտանգավոր իրավիճակի առնչությամբ Չինաստանի իշխանությունները որոշ քաղաքներում ամբողջությամբ չեղարկել են, իսկ մյուսներում՝ զգալիորեն կրճատել չինական Նոր տարվա սովորաբար շքեղ տոնակատարությունները։ Այն այս տարի հունվարի 25–ին էր։
Ուհանի բնակչությունը 11 միլիոն է։ Բնակիչներին խնդրել են առանց ծայրահեղ անհրաժեշտության փողոց դուրս չգալ։
Արտակարգ միջոցների պատճառը մինչ այժմ անհայտ վարակն է։ Հաստատվել է, որ վարակվածների թիվը գերազանցել է 500-ը։ 49–89 տարեկան 17 մարդ արդեն դարձել է վարակի զոհ։
2019-nCoV վարակը, որն առաջացնում է շնչառական ուղիների սուր հիվանդություն, նման է Sars վարակին, որից այս դարասկզբին աշխարհում ավելի քան 800 մարդ էր մահացել։
Վարակի մասին հաղորդագրությունների առնչությամբ Եվրոպայի և ԱՄՆ-ի շատ օդանավակայաններում Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ բժշկական վերահսկողություն է սահմանվել։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: