Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շախմատի առաջնությունների հաղթողները պարգեւատրվեցին 

Հունվար 27,2020 12:30

Երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 80-րդ հոբելյանական առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ, իսկ դրան անմիջապես հաջորդած արագ շախմատի Հայաստանի առաջնությունում, որը կրում է Աշոտ Անաստասյանի անունը, վստահ հաղթանակ տարավ:

Այս հաղթանակը հատկանշական է նրանով, որ Հայկ Մարտիրոսյանը հենց Աշոտ Անաստասյանի լավագույն սաներից է եւ հաղթանակը նվիրել է իր մարզչի հիշատակին: Պարգեւատրման արարողություններից առաջ «Առավոտ» օրաթերթը զրուցեց Հայկ Մարտիրոսյանի հետ:

-Բարձրագույն խմբի առաջնությունում՝ 2-րդ տեղ 5,5 միավորով, արագ շախմատի Հայաստանի առաջնությունում՝ 7,5 միավոր եւ  չեմպիոնական ոսկի: Կգնահատե՞ս քո մասնակցությունը երկու մրցաշարերին:

-Կցանկանայի, որ դասական շախմատում էլ գործերը դասավորվեին այնպես, ինչպես արագ շախմատում: Բարձրագույն խմբի առաջնության առաջին խաղերում կենտրոնացման մի փոքր պակասն էր ինձ խանգարում, ինչի հետեւանքով միջնամասում, շախմատային լեզվով ասած, չէի կարողանում տիրապետել դիրքը: Սակայն կարծում եմ՝ Արամ Հակոբյանի հետ  երրորդ պարտիան էր գլխավոր խնդիրը, որ չհաջողվեց չեմպիոն դառնալ: Ես ունեի լրիվ հաղթած դրություն, սակայն, ի վերջո, պարտվեցի: Իսկ առաջնության վերջնամասում իմ ցույց տված արդյունքներից գոհ եմ, քանի որ, կարելի է ասել, նախավերջին հորիզոնականից եկա ու գրավեցի երկրորդ տեղը:

-Դու փաստորեն արագ շախմատում դարձար պատմության մեջ Հայաստանի ամենաերիտասարդ չեմպիոնը: Քո մարզական կարիերան ինչպե՞ս է զարգանում:

-Մրցաշարից՝ մրցաշար եմ նայում հարցին: Վերջին հաջողությունները նկատի ունենալով, կարծում եմ, ամեն բան ընթանում է իմ ուզածով:

-Վերջին շրջանում քո մարզիչը գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն էր: Շարունակո՞ւմ ես նրա հետ աշխատել:

-Այո, շարունակում եմ: Բայց նա հնարավոր է մեկնի ԱՄՆ: Եթե պարոն Հակոբյանը մնա Հայաստանում, նրա հետ կշարունակենք աշխատել: Ես նրա հետ աշխատելու ցանկություն ունեմ:

-Առաջիկայի ի՞նչ ծրագրեր ունես:

-Մասնակցելու եմ Aeroflot Open-ին, հետո կլինի Եվրոպայի անհատական առաջնությունը: Միջազգային լավ բաց մրցաշար կա Ռեյկյավիկում, որը շատ ուժեղ կազմ է հավաքում:

-Հայաստանի երիտասարդ շախմատիստները հաճախ դժգոհում են, որ քիչ են միջազգային մրցաշարերի մասնակցում: Դու նո՞ւյնպես պակաս զգում ես:

-Կարծում եմ՝ ոչ: Աշխատում եմ մասնակցել միջազգային այնպիսի մրցաշարերի, որ պայքարի, աճելու ու մրցափորձի պակաս չզգամ:

Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի Հայաստանի առաջնության ավարտից հետո Հայաստանի շախմատի ֆեդերացիան պարգեւատրեց երկու առաջնությունների՝ բարձրագույն խմբի տղամարդկանց ու կանանց, ինչպես նաեւ արագ շախմատի չեմպիոններին եւ մասնակիցներին:

Կանանց բարձրագույն խմբի 75-րդ առաջնության մեդալակիրների եռյակը կազմեցին. Մարիա Գեւորգյան, Սուսաննա Գաբոյան, Մարիա Կուրսովա:

Տղամարդկանց 80-րդ առաջնությունում մրցանակային տեղերը բաշխվեցին այսպիսի հաջորդականությամբ. Սամվել Տեր-Սահակյան, Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան:

Արագ շախմատում տեղերը բաշխվեցին այսպես. Հայկ Մարտիրոսյան, Արթուր Դավթյան, Զավեն Անդրիասյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031